Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն երկու տարի անցել է, քանի՞ բռնի տեղահանված է վերադարձել մինչեւ պատերազմը իր բնակավայրը․ Էդգար Ղազարյան

Օգոստոս 08,2022 17:36 Share

ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի մեր հայրենակիցներին իրենց բնակավայրերը մինչեւ օգոստոսի 25-ը ազատելու՝ հայկական իշխանություններին ներկայացրած վերջնաժամկետին, ՀՀ Զինված ուժերի եւ Արցախի ՊԲ սպաների եւ զինվորական համազգեստ կրող բոլոր զինվորականների համար ընթերցեց ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը, որտեղ հստակ գրված են իրենց սահմանադրական պարտականությունները:

«Բա, դուք փող եք ստանում, 45 տարեկանից թոշակի եք գնում, արտոնություններից եք օգտվում, անվճար բուժում եք ստանում, ձեր երեխաների ուսման վարձն են փոխհատուցում, ծառայողական մեքենաներ են տվել, բնակարանային փոխհատուցում են տալիս: Դա ո՞վ է տալիս: Մենք, մեր քաղաքացիները: Աղավնոյի, Բերձորի բնակիչներն են տալիս: Տալիս են, որ աջարաբեթ եւ վիվառո խաղա՞ք, թե՞ հայրենիքի սահմանները պաշտպանեք:

Բերձորը, Աղավնոն որպես Լաչինի միջանցքի 5 կմ տարածքում գտնվող, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված 5 կմ լայնությամբ տարածքի մեջ մտնող բնակավայրերը պետք է շարունակեն մնալ հայկական վերահսկողության ներքո: Ռուս խաղաղապահները պետք է իրականացնեն իրենց նախագահի կողմից ստորագրած փաստաթղթի անվերապահ կատարումը, ինչը նրանց պարտականությունն է եւ դրա համար են իրենք գտնվում Արցախում եւ իրականացնեն այդ ճանապարհի պահպանության անվտանգությունը, որի նկատմամբ Ադրբեջանն էլ ստանձնել է անվտանգության պարտավորություն:

Ես ոչ մի բան չեմ ասում որպես նոր գաղափար, նոր թեզ: Ես ընդամենը ասում եմ այն, ինչ գրած է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եւ ՀՀ սահմանադրությունում:

Նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետն ասում է, որ փախստականները, բռնի տեղահանվածները վերադառնում են Արցախի եւ նրա հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո: Արդեն երկու տարի անցել է, քանի՞ բռնի տեղահանված հադրութցի է վերադարձել Հադրութ քաղաք եւ Հադրութի գյուղեր, որտեղ մարդիկ ապրել են մինչեւ պատերազմը եւ բռնի տեղահանվել են պատերազմի հետեւանքով: Շուշիի քանի՞ բնակիչ է վերադարձել, Թալիշի՞ քանի բնակիչ է վերադարձել, Մատաղիսի բնակիչների՞ց քանիսն են վերադարձել: Դա ո՞վ պիտի ապահովի: Դուք նոյեմբերի 9-ից միայն Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլին, Աղդամը թշնամուն հանձնելն եք պատրաստ կատարելո՞ւ: Բա հայտարարության մյուս կետերն ո՞վ պիտի կատարի: Իշխանությունը բա ինչի՞ համար է: Դուք բռնի տեղահանվածներին իրենց բնակության վայրերը վերադառնալ չէք կարողանում ապահովել՝ նոր բռնի տեղահանվածներ եք ստեղծում խաղաղ պայմաններո՞ւմ»,-հարցրեց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031