Լրահոս
Օրվա լրահոսը

Համախմբում`ընդդեմ կործանման և հանուն դիմակայուն, անվտանգ ու խելացի պետության. Արտակ Զաքարյան

Օգոստոս 08,2022 20:05

Հայ քաղաքական, գիտական, մշակութային, զինվորական, հոգևոր և բիզնես էլիտաներ. հորդորն առաջին հերթին ձեզ է վերաբերում: Ցանկացած պատճառաբանություն այլևս հավասարազոր է լինելու պետության դեմ ոտնձգության: Ցանկացած մարդ, ով ապրում է երկրագնդի վրա, և իրեն հայ է համարում` պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի ահագնացող վտանգի դեմ:

Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում: Մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները: Ինչ-որ մեկից նեղացել եք, թե` ոչ, գաղափարական եք, թե անգաղափար, ռուսամետ եք, թե արևմտամետ, քաղաքականությամբ հետաքրքրված եք, թե` ոչ, հայրենասեր եք, թե կոսմոպոլիտ, քյավառցի եք, մշեցի, թե սյունեցի… Այդ և նմանատիպ տարբերակումներն այսուհետ միայն վնաս են բերելու: Համախմբվել է պետք հանուն անանց արժեքների, հանուն ամենակարևորի:

Այլապես կորցնելու ենք ամեն ինչ. պատիվ, գործ, բիզնես, անվտանգություն, ինքնություն,կրթվելու, ստեղծագործելու, ազատ ապրելու և ինքնակազմակերպվելու հնարավորություն…

Աշխարհում շուտով կրկին գործելու է միակ բիրտ կանոնը. «ուժն է ծնում իրավունք» (արդեն սկսել է գործել): Թույլ ու անկազմակերպ ազգերը (նրանց պետությունները) դառնում են անպաշտպան և վերածվում են թիրախի: Ցավոք` մենք դարձանք առաջիններից մեկը, որովհետև ունենք օտարների կողմից զանգերով կառավարվող և սեփական կաշվի մասին մտածող դավադիր իշխանություններ: Որովհետև չկարողացանք բոլորին բացատրել, որ քվեն ուժ է, և չի կարելի քվեարկել թշնամու շահերի օգտին: Չի կարելի քվեն նվիրել նրան ով խաբել, սպանության ու հայրենազրկման է ենթարկել:

Արդյոք պե՞տք է հաշտվենք կործանարար իրականության հետ: Արդյոք պե՞տք է մեզ համարենք անկարող և հետևենք, թե ինչպես են մեզ խաբելով ու մանր հարցերի վրա ուշադրություն շեղելով` հանձնում թշնամու «բարեհաճությանը»:

Աշխարհում տեղի են ունենում գլոբալ գործընթացներ և ակամայից թվում է, թե մենք, որպես ազգ, անզոր ենք դրա դեմ: Այո´, մեր դեմ կազմակերպվել է անարդար պատերազմ և դավադիր պարտություն ենք կրել: Այո´, քաղաքական ուժերից շատերը չունեն լայն հեղինակություն և ի զորու չեն միայնակ առաջնորդել: Այո´, բոլորս մտածում ենք խաղաղության մասին և ստիպված համակերպվում ենք կատարվողի հետ:

Բայց դա չի նշանակում, որ միմյանց մեղադրելով` պետք է համակերպվենք Արցախի հայաթափման ու հայկական պետականության կորստի հետ, քայքայենք մեր պաշտպանունակությունը, թուլացնենք մեր դիմադրողականությունը, դառնանք անկազմակերպ հանրույթ և կրկին հայտնվենք ցեղասպանության վտանգի տակ:

Սա ենթադրություն չէ, այլ դաժան իրականություն:

Ելքը մեկն է. համախմբում` ընդդեմ կործանման և հանուն դիմակայուն, անվտանգ ու խելացի պետության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031