Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Հովսեփյանի շաքարը հասել է 30,4-ի»․ Վերաքննիչն Աղվան Հովսեփյանի կալանքին առնչվող որոշումը կհրապարակի վաղը

Օգոստոս 08,2022 20:16

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ քննեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ նրա պաշտպանական թիմի բողոքը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի վաղը։ Հովսեփյանի պաշտպանները վերաքննիչում պնդեցին, որ կալանքը համատեղելի չէ Աղվան Հովսեփյանի առողջական խնդիրների հետ։

«Բժշկական կենտրոնից եմ գալիս։ Ամեն օր գնում եմ բժշկական կենտրոն։ Պարոն Հովսեփյանի շաքարը հասել է 30,4-ի։ Սա ասում եմ ի գիտություն դատավարության բոլոր մասնակիցների, քանի որ սա շատ բարձր ցուցանիշ է եւ առաջացնում է անդառնալի հետեւանքներ։ Կրկնվելու դեպքում կոմա է հնարավոր։ Մարդու առողջական վիճակը վատանում է, հետո՞ ինչ, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, պետք է սպասենք դրա՞ն, մարդու վիճակը պարտադիր պետք է անդառնալի հետեւանք ունենա՞»,-հայտարարեց Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ օրերս առաջին ատյանի դատարանում պաշտպանները բժշկական տեղեկանքներ էին ներկայացրել այն մասին, որ Աղվան Հովսեփյանի մոտ կալանքի հետեւանքով ի հայտ են եկել նոր հիվանդություններ, կա կոմայի վտանգ, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանն Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու միջնորդությունը որոշել էր թողնել առանց քննության։ Ըստ պաշտպանների՝ նա այդպես որոշեց, որպեսզի իր որոշումը չբողոքարկեն վերաքննիչում։

Դիմելով վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին՝ Էրիկ Ալեքսանյանը շեշտեց, որ Մնացական Մարտիրոսյանն անցել է բոլոր կարմիր գծերը՝ անգամ չքննարկելով իրենց միջնորդությունը։ Ալեքսանյանը նաեւ նշեց․ «2018թ․-ին ՀՀ-ում, ուզենք թե ոչ, տեղի ունեցավ հեղափոխություն, եւ ողջ իրավական համակարգը փոխվել է։ Նման պայմաններում Աղվան Հովսեփյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոններն արդյո՞ք արդիական են, արդյո՞ք բարձր է այդ հիմքով քննությանը խոչընդոտելու դատախազների պնդումը։ Մի վկա կա, որը հնարավոր է՝ ծառայողական կախվածություն է ունեցել Աղվան Հովսեփյանից։ Այլ անձ չկա։ Ո՞վ կա հիմա նրանից ծառայողական կախվածության մեջ գտնվող։ Դրա համա՞ր են նրան 11 ամիս կալանքի տակ պահում։ Դա ազատության իրավունքի հանդեպ անարգանքի դասական օրինակ է։ Խոսքն անձի առողջության ապահովման մասին է»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031