Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության մոտ ցույց անող շիրակցի գերեվարվածների ծնողներին ոչ ոք չընդունեց

Օգոստոս 08,2022 22:47

«Առավոտից կառավարության մոտ ենք, հանդիպում ենք ուզում, բայց բոլորը մերժում են, ոչ ոք չի ցանկանում պատասխան տալ մեզ: 1 տարի 7 ամիս մեր տղաները գերեվարված են… հիմա անորոշ վիճակ, մենք էլ նստած ենք»,- այսօր, կառավարության շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Մուշեղ Աղրամանյանը: Նա 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ բնակավայրում գերեվարված շիրակցիներից մեկի հայրն է:

Ցուցարարներին կառավարության աշխատակազմից փոխանցել են, որ վարչապետին տեղեկացրել են, որ գերեվարվածների ծնողները կառավարության շենքի մոտ են եւ հանդիպում են պահանջում, բայց արձագանք չի եղել:

Մուշեղ Աղրամանյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ տարի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենք հանդիպում չեն ունեցել. «Ու այդպես, ամեն օր մի բան խաբելով՝ օրերն անցնում են, մեր տղաներն էլ էնտեղ գերեվարված են»:

Գերեվարվածի հայրը փոխանցեց, որ այլ՝ ցածր չինի պաշտոնյաների հետ հանդիպումներ եղել են, նրանք հավաստիացնում են, որ բանակցություններ են ընթանում, տղաներին կազատեն եւ ետ կբերեն, բայց «ամեն տեղ էլ գնացել ենք, բոլորն էլ ասում են՝ վարչապետն է ամենաառաջին պատասխանատուն»: Հստակ ժամկետ, թե երբ հնարավոր կլինի գերեվարվածներին վերադարձնել, ոչ ոք չի կարողանում ասել: Թե ինչո՞ւ է գործընթացը ձգձգվում, ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ կետը, որն իր պարտավորությունն է, ծնողներին չեն տեղեկացնում:

Մուշեղ Աղրամանյանի որդին գերեվարվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, նա գտնվում է Բաքվի բանտում, դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Կարմիր խաչի միջնորդությամբ ամիսը մեկ անգամ կամ 40 օրը մեկ անգամ խոսում են որդու հետ՝ շատ կարճ՝ միմյանց ողջությամբ են հետաքրքրվում:

Ծնողները մտահոգություններ ունեն, որ գերի տղաների առողջական վիճակը գնալով վատթարանում է, համենայնդեպս, կարճ տեսանյութերում, որոնք իրենց են հասնում Կարմիր խաչի օգնությամբ, այդպես է երեւում: Ծնողները կարծում են, որ պետությունն իրենց խնդիրն անուշադրության է մատնել եւ չի զբաղվում գերիների հարցերով, այլապես, գերեվարվածները վաղուց արդեն վերադարձած կլինեին:

Ավելի ուշ, գերիների ծնողներին մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ծնողների հետ զրույցից հետո, լրագրողների հետ զրույցում, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ «գոյություն չունեցող» գերագույն հրամանատարին չի կարող խորհուրդներ տալ՝ ի՞նչ անել, ինչպես վարվել, բայց գերիների վերադարձը Բաքվի պարտականությունն է, եւ Հայաստանի դիվանագիտության հաջորդ քայլը պետք է լինի հետեւյալը՝ ոչ մի քայլ բանակցային գործընթացում չենք կատարելու, քանի գերեվարված տղաները ետ չեն վերադարձել, եւ ադրբեջանական զորքը չի հեռացել հայաստանի սուվերեն տարածքից. «Հերիք է մեր ռազմագերիները եւ քաղաքացիական պահվող անձինք օգտագործվեն իբրեւ խաղադրույք՝ թե՛ Բաքվի կողմից, թե՛ պաշտոնական Երեւանի: Այո, այդպես էլ կա, խաղացնում են այս քաղաքացիներին, այս ծնողներին՝ ասելով, որ 6 ամսից կգան: Այս իշխանությունն է, որն արդեն հրամանատար չունի եւ սեպ է խրում արցախցու եւ շիրակցու միջեւ: Փաստացի ղեկավարները փախուստի են դիմում եւ չեն խոսում այս ծնողների հետ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտում է իշխանության վարքագիծը եւ ներողություն է խնդրում, որ մեր համաքաղաքացիները նման անմարդկային վերաբերմունքի են արժանանում մեր երկրում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031