Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանին ազատել են ՀՊՏՀ-ից

Օգոստոս 26,2022 14:54

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական եւ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ազատել աշխատանքից:

Լուրը Էդգար Ղազարյանը ստացել է այսօր: Այդ առիթով նա Aravot.am-ին ասաց. «Դասատախտակները երեկ են հրապարակել: Քիչ առաջ համալսարանի վարչական մասից փորձեցի ճշտել, թե վերջնականապե՞ս են դրանք հաստատվել, ասացին, որ ամբիոնը չի ներկայացրել ինձ որպես դասախոս՝ նոր ուսումնական տարում դասավանդելու համար: Պարզվում է, որ ՀՊՏՀ ղեկավարությունը, որը գտնվում է ապօրինի ընդհանուր կառավարման վիճակում, քանի դեռ համալսարանի կառավարման խորհրդում նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, որը համաձայն սահմանադրության, իրավունք չունի որեւէ այլ պաշտոն զբաղեցնել, այդ թվում՝ հասարակական հիմունքներով պաշտոն, բայց շարունակում է ապօրինաբար մնալ այդ երկու պաշտոններում, որտեղ համալսարանի ռեկտորը մարդ է, որը հայտնվել է գրագողության սկանդալային պատմությունների մեջ եւ ԲՈԿ-ի որոշմամբ զրկվել այդ գիտական աստիճանից գրագողության ապացուցված փաստերով եւ ԲՈԿ-ի նախագահի որոշումը չեղարկվել է միայն նախարար Արայիկ Հարությունյանի քաղաքական որոշմամբ, իսկ ռեկտորի ընտրության ամբողջ գործընթացը կասկածելի է իրավական իմաստով եւ գտնվում է դատարանում, որ համալսարանի կառավարման ամբիոնում ամբիոնի վարիչ էին ընտրել մի մարդու, որը ամբիոնի վարիչի թեկնածու լինելու իրավունք չուներ, ի վերջո, որոշել են ինձ հեռացնել վերջնականապես համալսարանից, որտեղ ես դասավանդում եմ 20 տարուց ավելի: Ընդ որում, վեց տարի եղել եմ համալսարանի ռեկտորատի եւ գիտական խորհրդի անդամ, չորս տարի՝ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն: Ի դեպ, այդ մասնաճյուղն էլ, որն ստեղծվել է իմ ջանքերով, այս տարի են որոշել փակել»:

Էդգար Ղազարյանը նշեց, որ ինքն աշխատում էր կես դրույքով եւ ծանրաբեռնված էր լսարանային ժամերով, դիպլոմային, մագիստրոսային աշխատանքների ղեկավարումով, մագիստրատուրայի կրթական մոդուլների դասավանդմամբ, որոնց հեղինակն ինքն է եւ միայն ինքն է դասավանդել:

«Փաստորեն, ինձ զրկել են իմ հայրենի բուհում, որտեղ սովորել, աշխատել եմ երկար տարիներ, անգամ ուսանողների հետ շփվելու եւ դասավանդելու հնարավորությունից»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031