Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք զբաղվում նման բաներով, որ ինչ-որ մեկին վարկաբեկենք, կամ ինչ-որ մեկի հասցեին վատ բան ասենք». Կարլեն Վերմիշյան

Սեպտեմբեր 09,2022 20:50

Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ հերթական ընտրություններ կլինեն նաեւ Լոռու մարզի Լոռի բերդ խոշորացված համայնքում: Այստեղ կպայքարեն 3 քաղաքական ուժեր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը կազմված է 25 հոգուց: Այն գլխավորում է Արայիկ Մենժիկի Նեսիսյանը: «Ապրելու երկիր» կուսակցությունն այստեղ ունի 23 առաջադրված թեկնածու: Ցուցակը գլխավորում է Կարլեն Ջիվանի Վերմիշյանը: Իսկ «Հանրապետություն» կուսակցության ցուցակում առաջին համարը Արթուր Հրաչիկի Չատինանն է: Առաջադրված թեկնածուների թիվը 14:

Aravot.am-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Կարլեն Վերմիշյանն ասաց, որ թեեւ այս ընթացքում եղել են որոշակի վարկաբեկումներ, սակայն ընդհանուր առմամբ դրական գնահատեց քարոզարշավի ընթացքը. «Ընթացքում իմ պաստառներից մի քանի հատ պոկված է եղել, բայց ես դրանց ուշադրություն չեմ դարձնում: Վարկաբեկումներ են եղել նաեւ այլ կուսակցությունների կողմից: Մենք չենք զբաղվում նման բաներով, որ ինչ-որ մեկին վարկաբեկենք, կամ ինչ-որ մեկի հասցեին վատ բան ասենք: Մենք նորմալ ձեւի մեր քարոզարշավն ենք անցկացնում, ժողովրդին ներկայանում ենք, մեր անելիքներն ենք ներկայացնում: Ժողովրդի տրամադրությունն այս ընտրություններին նորմալ է»:

Վերմիշյանը, որ 2018 թվականից աշխատել է Ագարակ բնակավայրի վարչական ղեկավար, ասում է, որ իրենց ծրագրում առաջնայինը բնակավայրերում խմելու ջրի ներքին ցանցի փոխարինումն է, որպեսզի համայնքն ապահովվի մշտական ջրով. «Ընդհանուր բոլոր բնակավայրերում էլ այսօր այդ խնդիրն ունենք: Որ համայնքն էլ մշտական ջուր ունի, խմելու համար պիտանի չէ, պետք է փոխել խմելու ջրի»:

Վերմիշյանն ասում է, որ կարեւորն արդար ընտրություններ անցկացնել է, որպեսզի ժողովրդին չհիասթափեցնեն. «Միայն ցանկանում եմ, որ մաքուր պայքար տանենք, եւ ոչ մեկս մյուսին չվարկաբեկենք: Նորմալ արդար ընտրություններ տանենք, որպեսզի ժողովուրդն էլ չհիասթափվի, տեսնի, որ արդարություն կա»:

Լոռի բերդը խոշորացված է 8 համայնքի հետ, դրանք են՝ Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Ագարակ, Լեջան, Բովվաձոր, Ուռուտ եւ Սվերդլով համայնքները: Այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունի մոտ 4.000 բնակիչ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930