Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ բնակավայրերի պատանիները կպայքարեն Ռոման Բերեզովսկու մրցանակի համար

Սեպտեմբեր 09,2022 23:33

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը մարզական ակտիվ կարիերան ավարտելուց հետո հիմա մարզում է մեր ընտրանու դարպասապահներին, նոր, ազգանվեր նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա 12-13 տարեկանների ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլային  մրցաշար է կազմակերպում սահմանամերձ երեք շրջանների՝ Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի պատանիների համար: Նշված մարզերից յուրաքանչյուրում մեկ օրում կմրցեն բացառապես սահմանամերձ բնակավայրերի երեխաներից կազմված չորսական թիմեր:

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում, որին մասնակցեցին նաեւ «Ռուսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը եւ մրցաշարի տնօրեն, Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ, ոստիկանության գնդապետ եւ Ռոմանի ավագ եղբայր Ալեքսանդր Բերեզովսկին պատմեցին, թե ինչ խորհուրդ ունի անպայման սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար կազմակերպվող այս մրցաշարը:

Ինքը՝ Ռոման Բերեզովսկին, հիշեց, որ ինքն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Կոշկագործում, հետո 90-ական թվականների սկզբին տեղափոխվել Կապան: «Այնտեղ ծանոթացա թթի օղու հետ: Հիշում եմ Արցախյան առաջին պատերազմի այդ տարիները, երբ մենք մարզվում էինք, իսկ Կապանում «Գրադ» հրթիռներ, արկեր էին պայթում: Այնքան էինք «մասնագիտացել», որ ձայնի ուժգնությունից գիտեինք, թե պայթողը ինչ տրամաչափի հրթիռ կամ արկ է: Ես այդ ամենը չեմ մոռացել: Հիմա էլ Հայաստանի սահմաններին լարված է: Ես ուզում եմ, որպեսզի սահմանամերձ բնակավայրերում մարդիկ, հատկապես երեխաները մի փոքր կտրվեն հոգեկան լարվածությունից, լավատես լինեն ու հավատով նայեն վաղվա օրվան: Հուսով եմ, որ 30 տարի հետո, երբ վերադառնամ այնտեղ, ամեն ինչ լավ կընթանա»,-ասաց լեգենդար  դարպասապահը:

Այս մրցաշարը կազմակերպելու գաղափարի հեղինակ Վադիմ Ֆեֆիլովը պատմեց, որ երբ հարցումներ են անցկացրել  սահմանամերձ Սյունիքի մարզի բնակիչների, դպրոցների տնօրենների, ՏԻՄ եւ մարզի ղեկավարների շրջանում, թե  որ ոլորտների կամավորներ կցանկանային,  որ գան, մտածում էի, թե կպատասխանեն մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, հնարավոր է, ռուսերենի մասնագետներ: Բայց պատասխաններն այսպիսին էին. Տվեք մեզ հոգեբաններ եւ մարզական անցյալ ունեցող ֆիզկուլտուրայի լավ ուսուցիչներ եւ մարզիչներ: Եվ երբ ծանոթացա Ալեքսանդր Բերեզովսկու հետ եւ մտածում էինք, որ ժամանակն է, որ նա էլ հասարակական գործունեությամբ զբաղվի, ինչի արդյունքում նա հիմնադրեց, «Բարության ճանապարհը» կազմակերպությունը, ֆուտբոլային մրցաշար կազմակերպելու գաղափար ծնվեց: Եվ այդ ժամանակ էլ միտք առաջացավ կազմակերպել Ռոման Բերեզովսկու մրցանակի համար մրցաշար՝ հստակ նպատակով, որ այն լինի սահմանամերձ շրջանների համար: Եվ դա կլինի եւս  մի նախաձեռնություն, որը կկարգավորի այն վայրերում իրավիճակը, որտեղից Ռոման Բերեզովսկին սկսել է դեպի ֆուտբոլային օլիմպոս իր ճանապարհը:

Ալեքսանդր Բերեզովսկին երախտագիտություն հայտնեց մրցաշարն իր եղբոր անունով կազմակերպելու առաջարկի համար: Մենք նմանատիպ մի փոքրիկ միջոցառում արդեն կազմակերպել ենք Գյումրիում: Իսկ վաղը Տավուշի մարզում կմեկնարկի անհամեմատ ավելի մեծ մրցաշարը, որին կհաջորդեն Վայոց Ձորի (սեպտեմբերի 15-ին) եւ Սյունիքի (սեպտեմբերի 17-ին) մրցաշարերը: Դրանց ներկա են լինելու մարզերի ղեկավարները, քաղաքապետերը, գյուղապետերը, որտեղ կլինեն խաղերը, տեղի ֆուտբոլասերները: Հույս ունենք, որ այդ մարզերի բնակիչների համար կկարողանանք մի փոքր տոնական օր ապահովել»:

Ռոման Բերեզովսկին նաեւ տեղեկացրեց, որ ինքը կայանալիք հանդիպումներին առաջին հերթին հետեւելու է մասնագետի աչքերով, քանի որ երեխաների մեջ անպայման կարող են լինել տաղանդներ, որոնք հանգամանքների բերումով բնակվում են, ինչպես ասում են, «աչքից հեռու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930