ՀՀ կառավարությունը միլիարդներ է ներդրել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար, բայց չի հաշվարկել՝ այդ տներում արդյոք մարդիկ ապրում են, թե ոչ։ «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ 35 մլրդ դրամ վարկերի և 6.8 մլրդ դրամ բյուջետային աջակցության դիմաց պետությունը դեռ չգիտի՝ սահմանին քանի մարդ է բնակեցվել։ Թվերը կան, բնակեցման արդյունքը՝ ոչ։
16 մլն դրամով կառուցված տներից քանիսն են բնակեցվել
Խոսքը «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության» այն ծրագրի մասին է, որի շրջանակում քաղաքացիներին տրամադրվում է մինչև 16 մլն դրամ աջակցություն՝ սահմանամերձ բնակավայրերում բնակելի տուն կառուցելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղղել կառավարությանը՝ պահանջելով հստակ տվյալներ՝ քանի մարդ է դիմել, քանիսն են դարձել շահառու, որքան գումար է հատկացվել, որ մարզերում և որ բնակավայրերում են կառուցվել տներ, և ամենակարևորը՝ այդ տներից քանիսն են բնակեցված։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է, որ աջակցության ծրագրի մեկնարկից ի վեր ընդգրկվել է 2319 շահառու։ Նույն պատասխանում նշվում է, որ «ծրագրի 2319 շահառուներից 2272-ն արդեն վարկավորվել են (առնվազն 1 փուլ), որոնց ընդհանուր առմամբ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվել է շուրջ 35 մլրդ դրամ կառուցապատման վարկ, որի գծով ամսական մարումներին ծրագրի մեկնարկից մինչ օրս ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 6.8 մլրդ դրամ»։
Կարդացեք նաև
Այսինքն՝ պաշտոնական տվյալներով ծրագիրն արդեն անցել է խոշոր ֆինանսական շրջանառության փուլ․ բանկային համակարգով տրամադրվել է շուրջ 35 միլիարդ դրամ կառուցապատման վարկ, իսկ պետական բյուջեից միայն ամսական մարումների ուղղությամբ արդեն հատկացվել է մոտ 6 միլիարդ 800 միլիոն դրամ։ Այսինքն՝ վերցված վարկերի ամսական վճարումները քաղաքացիների փոխարեն անում է կառավարությունը։ Եթե թվերը բաժանենք վարկավորված 2272 շահառուների վրա, ապա կստացվի, որ մեկ շահառուի հաշվով կառուցապատման վարկի միջին չափը կազմել է մոտ 15.4 մլն դրամ։ Թվերը փոքր չեն, բայց այստեղ առաջանում է հիմնական հարցը՝ այս միլիարդների դիմաց պետությունը կոնկրետ ինչ արդյունք է ստացել։
Ում համար են կառուցվում տները, եթե մարդիկ չեն ապրում այնտեղ
Պատասխանը, մեղմ ասած, անհանգստացնող է։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե քանի տուն է կառուցվել և քանի տուն է բնակեցված, նախարարությունը բառացիորեն պատասխանել է․ «կառուցված տան բնակեցված լինելու փաստը չի մտնում ծրագրին մասնակցության պարտադիր պայմանների մեջ»։ Ավելին՝ նույն պատասխանում նախարարությունը նաև արձանագրել է․ «դեռևս չեն իրականացվել համապատասխան ուսումնասիրություններ կամ մոնիթորինգ՝ ավարտական ակտը ներկայացրած շահառուների կողմից կառուցված տներում բնակվելու փաստը ստուգելու համար, քանի որ ծրագիրը գտնվում է ակտիվ շարունակման փուլում, իսկ տների մեծ մասը դեռ կառուցման փուլում են»։
Սա արդեն պարզապես տեխնիկական բաց չէ։ Սա ծրագրի բովանդակային ամենաթույլ կետն է։
Ինչ է ստացվում․ պետությունը միլիարդներ է մտցրել ծրագրի մեջ, բայց չի ստուգել դրա հիմնական արդյունքը՝ կառուցված տունը բնակեցվա՞ծ է, թե՞ ոչ։ Մինչդեռ այս ծրագրի իմաստը միայն տուն կառուցելը չէ, և տրամաբանական հարց է առաջանում՝ այդ տները, որ կառուցվել են, ում համար են կառուցվել։ Ի վերջո՝ ծրագրի քաղաքական, սոցիալական և անվտանգային իմաստը սահմանին մարդ պահելն է, սահմանամերձ գյուղերում բնակեցում ապահովելն է, համայնքները դատարկվելուց պաշտպանելն է։
Քնար Մանուկյան
Սոնա Գրիգորյան
Սարգիս Սահակյան։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































