Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ի՞նչ խաղաղության պայմանագիր մենք պետք է ստորագրենք, եթե, նամանավանդ, Ադրբեջանը համարում է, որ հակամարտությունը լուծված է»․ Ջոնի Մելիքյան

Սեպտեմբեր 10,2022 16:18

«Շատ հետաքրքիր սոցիալական հարցման տվյալներ կան հրապարակված․ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստանն (CRRC) անցկացրել է հեռախոսային հարցում՝ ըստ որի՝ Հայաստանում հարցվածների 21 տոկոսը դրական և 7 տոկոսը շատ դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր լավացումը, 48 տոկոսը շատ բացասական է ընկալում այդ հարաբերությունները, հարցվածների 11 տոկոսը բացասական է համարում։ Ընդհանուր, հարցվածների 59 տոկոսը բացասական մոտեցում ունի այս հարաբերությունների կարգավորման հարցում»,- «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի կազմակերպած՝ «Ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում և հնարավոր զարգացման սցենարները» կլոր սեղան-քննարկման ընթացքում տեղեկացրեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Ըստ նրա՝ այս տվյալները ցույց են տալիս, որ մեր հանրության մեջ դեռևս չկա ընկալում, թե ինչ գործընթաց է տեղի ունենում։ Ընթացող բանակցությունները Ջոնի Մելիքյանը համարում է բանակցություններ բանակցությունների համար, քանի որ ըստ նրա՝ առ այսօր դրանք որևէ զգալի արդյունքի չեն հանգեցրել․«Այսօր ունենք գործընթաց, որտեղ երևում է՝ մոտիվացիա կա ՀՀ-ի կողմից առանց որևէ նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչը նորություն չէ հայկական արտաքին քաղաքականության համար։ Ես չեմ տեսնում մոտիվացիա Անկարայի կողմից այս հարաբերություններում որևէ արդյունքի գալու»։

Նրա կարծիքով՝ այս հարցում դերակատարություն կունենան հաջորդ տարի Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները։ Նա նշեց․ «Էրդողանի հաղթանակի դեպքում կա հնարավորություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, և այդ դեպքում մենք կստանանք առանց նախապայմանների ինչ-որ կարգավիճակ․  սահմանը բացվում է ոչ միայն երրորդ երկրների համար, կամ նույն ձև  իրավիճակը շարունակվում է։ Կամ, եթե Էրդողանը պարտվում է, շանսեր կան, բայց մեծ չեն․կարող է հարաբերությունների քաղաքականության այլ տրամաբանություն լինել։ Գիտեմ, որ Հայաստանի կողմից եղել են մի քանի առաջարկներ՝ դիվանագիտական անձնագրերով առանց վիզայի ռեժիմ և այլն, որոնք Անկարայի կողմից այնքան էլ դրական չեն ընկալվել, կամ գուցե ընկալվել են, բայց որևէ քայլ դրանից հետո չի եղել, և այդ մոտիվացիայի բացակայությունը նման քայլերին՝ դրանից ելնելով ենք խոսում, որ չկա մոտիվացիա»։

Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ մոսկովյան և բրյուսելյան հարթակներում նույն հարցերի շուրջ են խոսում․սահմանազատման և անվտանգության հարցերը նաև Բրյուսելում կարող են քննարկվել։

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին՝ նա ասաց․«Այսպիսի փաստաթուղթ ստորագրելիս ես տեսնում եմ լուրջ ռիսկ, երբ Հայաստանն Արցախից առանձին այսպիսի փաստաթուղթ է ստորագրում՝ մի կողմ դնելով Արցախի կարգավիճակը, մենք ստանում ենք մի իրավիճակ, երբ այն հիմնական մեծ թեզը, որը գրեթե երեսուն տարի Բաքուն վարում էր, որ այս հակամարտությունը տարածքային կոնֆլիկտ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Արցախի շուրջ, մենք դրանով կարող ենք այս թեզը մեր ստորագրությամբ հիմնովին ապացուցել։ Քանի որ կստացվի, որ ՀՀ-ն ստորագրում է մի փաստաթուղթ՝ պատերազմի մեջ Ադրբեջանի հետ պաշտոնապես չլինելով։ Այլ ձև եթե բացատրենք, ապա կա սահմանազատման և  անվտանգության հարցերով հանձնաժողով, ապաշրջափակման հետ կապված փոխվարչապետերի ձևաչափը կա, և եթե խոսում ենք հայ-ադրբեջանական հարաբերություններից, ի՞նչ է մնում․ ապաշրջափակում ապահովում են, սահմանազատում՝ ևս, տնտեսական համագործակցություն կարող է պոտենցիալ ձևով լինել, մնում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Ի՞նչ խաղաղության պայմանագիր մենք պետք է ստորագրենք, եթե նամանավանդ Ադրբեջանը համարում է, որ հակամարտությունը լուծված է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930