Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթքի բնակիչ. «Վարդենիս ավտոյի մեջ ենք քնում։ Տանը իր չի մնացել, ի՞նչ ա մնացել, լրիվ ավերվել ա»

Սեպտեմբեր 18,2022 15:02

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի բնակիչները պատմում են, որ դրսում են մնացել կամ էլ մեքենաների մեջ են քնում։

Բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանն էլ պարզաբանել էր, որ Վարդենիսում բավական տարածք չունեն, բնակիչների որոշ մասին տեղավորել են Վարդենիսում, իսկ մնացածին ապաստարան են առաջարկել Մարտունի և Երևան քաղաքներում, սակայն վերջիններս հրաժարվել են։ 

Պողոսյանների ընտանիքը այն ընտանիքների թվին է պատկանում, որոնք մեքենայում են բնակվում։ Մեքենայում բնակվում են երեքով՝ Վալերի Պողոսյանը, կինը՝ Լենա Կարապետովան և մայրը Գրետա Մելքոնյանը։ Նրանց տունը ևս վնասվել է Ադրբեջանի հարձակման արդյունքում։ 

Լենա Կարապետովան հիշում է, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն արդեն պառկել էին քնելու, երբ ամուսինը արթնացրեց իրեն. «Ասեց՝ ախչի, հելի՛ պատերազմ ա սկսել, պրծի՛ մամային արթնացրու։ Կիսուրիս կանչում եմ՝ մա՛մ, հելի​​՛, թուրքերը եկան, գնդակոծում են։ Ասում ա՝ ինչ ա եղե՞լ, ախչի՛, ի՞նչ թուրք, ի՞նչ բան։ Ասում եմ՝ պրծի՛, հելի՛, դուրս ենք գալի։ Մի կերպ հասել ենք դպրոցի մոտ գմփոցներից»։ 

Այս ընթացքում գյուղում չեն մնացել։ Առավոտյան եկել են, կովերին կերակրել են վերադարձել են Վարդենիս. «Վարդենիս ավտոյի մեջ ենք քնում։ Տանը իր չի մնացել, ի՞նչ ա մնացել, լրիվ ավերվել ա»։ 

82-ամյա Գրետա Մելքոնյանն էլ պատմում է, որ ընտանիքը արդեն 30 տարի է գյուղում է ապրում։ Նեղսրտում է, որ ադրբեջանական հարձակումից վնասվել է մահացած որդու նկարի շրջանկը։ Սակայն, չգիտի՝ ընտանիքը գյուղում է մնալու, թե՞ ոչ. «Բայց այստեղ մնալը իմ պրոբլեմը չի, որովհետև տղա ունեմ, հարս։ Իրենք պետք ա որոշեն, որտեղ են գնան, իրանց հետ։ Ես էլ արանց իրանց գնալ չեմ»։ 

Նրա որդին՝ Վալերի Պողոսյանը հավելում է, որ կինը տնից ընդմանեը մի շապիկով է դուրս եկել. «Մենք տրեվոժնիյ չեմոդանչիկ պահում ենք էլի՝ դոկումենտներով։ Էդ վերցրեցինք, մի երկու շոր ունենք։ Պոստոյաննի էս երկու տարի ա գիշերը դնում ենք դռան մոտ։ Փաստաթղթեր ենք պահում՝ վարորդական իրավունքը, տան փաստաթղթերը ու տաք հագուստ։ Վերցրեցինք դուրս եկանք, հետո մեքենայում շորերը փոխեցինք։ Բայց կարելի ա ասել տնից համարյա մերկ ենք դուրս եկել»։

Իսկ ինչ վերաբերում է գյուղում մնալուն, թե գյուղից գնալուն, նա ասաց. «Տատը շատ ա վախում։ Ես ինքս փախստական տղա եմ։ Էս տունը իմ ձեռքերով, իմ քրտինքով ստեղծել եմ։ Ես չեմ կարա էս թողնեմ գնամ։ Ես ջահել չեմ, որ նորից կարողանամ ստեղծել։ Դժվար ա։

Տեսողությունս լավ չի, ավտոյով չեմ կարա փող աշխատեմ։ Անասունը պահելիս ուժ չունեմ ֆիզիկապես։ Ծերությունը լավ բան չէ»։ 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930