Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի ճոպանուղու տնօրեն. «Առաջին հարվածը քաղաքին եղել է կոնկրետ ճոպանուղուն»

Սեպտեմբեր 21,2022 18:35

«Տեսել եմ այն, որ չեմ ցանկանա, որ ոչ մեկ տեսնի»,- այսպես է հիշում սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ջերմուկի համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը։

Ջերմուկի համայնքային ճոպանուղին համայնքային սեփականություն է։ Արմեն Թադևոսյանը նշում է, որ ճոպանուղին միջինում ունենում էր 25-35 հազար այցելու։ Ջերմուկ այցելելուց էլ մարդիկ այցելում են ճոպանուղի, ջրվեժ և ըմպելասրահ։ Նրա խոսքով՝ այդ օրը ցերեկը Ջերմուկի ճոպանուղիում շատ այլազգիներ կային. «Բարեբախտաբար, ռեստորաններում չունեինք հաճախորդ։ Այդ օրը երկուշաբթի էր, մի քիչ թեթև էր, ժողովուրդը հանգստանում էին։ Այդ օրը մարդ չենք ունեցել, թե չէ ահավոր էր լինելու»։

Արմեն Թադևոսյանը պատմում է, որ գիշերը ժամը 12-ին փակել են ճոպանուղին։ Երբ շարժվել են ճոպանուղուց առաջին հարվածն է հասցվել. «Աշխատողս փրկվել է մի հատ խաղի պատճառով։ 100 տոկոս չէր կարող ինքը ապրել, որովհետև դանդաղեցված կադրերով մեր տեսախցիկներով ամեն ինչ ֆիքսված է։ Առաջին հարվածը քաղաքին եղել է կոնկրետ ճոպանուղուն։ Չգիտեմ՝ ինչու։ Եղել է հենասյունների մեջտեղում։ Դրանից հետո եղել է մեր զորամասը, զորամասի պահեստները, քաղաքի մերձակա բոլոր տարածքները։ Երկրորդ հարվածը նորից է եղել ճոպանուղուն, դադարներով էր հիմնականում։ Թողած հետքերը տեսնում եք։ Կոնկրետ ճոպանուղին հրետակոծվել է մեծ տրամաչափի ականանետերով։ Քաղաքում եղել է «Գրադ», ականանետ, թռչող սարքերից»։

 

Նա վստահ է, որ ճոպանուղուն թիրախային են հարվածել. «Երևի իրենց մտածելով՝ ինքը համարվում է ռազմավարական նշանակության, ունենք բարձունք, տեսնում եք, ընդամենը կառուցված է լեռնադահուկների համար։ Բայց թուրքերի մտածելով՝ սա ռազմավարական, վտանգավոր օբյեկտ է։ Ճոպանուղու գագաթից երևում է ամբողջ այն տարածքը, որը որ իրենք ներխուժել են այս պահին»։

Արմեն Թադևոսյանի խոսքով՝ առայժմ իրենց չեն թույլատրել բարձրանալ՝ հասցված վնասները տեսնելու համար, քանի որ դեռ չպայթած ականներ կան. «Առաջին ենթակայանը վնասված է, որովհետև բեկորային վնասվածքներ ունի՝ հիմնական շարժիչը՝ իր ամեն ինչով գտնվում է ավտոբուսանման շինության մեջ։ Հարակից տարածքը՝ սրճարան, ռեստորան, նույնն էլ՝ վերևում, ամբողջությամբ վնասված է, ոչ մի բան չի մնացել։ Տա աստված, ամեն ինչ հանդարտվի, մենք էլի գործելու ենք»։

Խոսելով թվերից՝ Արմեն Թադևոսյանը ասաց, որ եթե հենասյուները և ճոպանը վնասված լինեն, ապա նվազագույն վնասը կկազմի 200 000 ԱՄՆ դոլար։ Իսկ ներքևում հասցված վնասները կազմում են մոտավորապես 50 000 եվրո։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930