Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւավորում ենք Հայաստանի եւ Արցախի պաշտպանության ռազմաքաղաքական միացյալ շտաբ

Սեպտեմբեր 24,2022 15:00

«Նախկինները պետք է լավ գիտակցեն, որ ոչ անցած տարի, ոչ այս տարի, ոչ էլ գալ տարի ժողովրդի անհրաժեշտ վստահությունը չեն ունենալու, նրանք, եթե գիտակից եւ պատասխանատու ուժեր են, պետք է պահը ճիշտ գնահատեն եւ չվերցնեն իրենց վրա այլընտրանքի դերը»,- «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը:

Հայաստանում անկախության պայքար չի եղել

«20-րդ դարում մենք երկու անգամ անկախություն ստացանք՝ դարասկզբին եւ դարավերջին. երկուսն էլ մեր նպատակը եւ պայքարի արդյունքը չեն եղել»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը: Հիշեցնելով Ավետիք Իսահակյանի հոդվածներից մեկի վերնագիրը՝ «Մենք անկեղծ չենք», մեր զրուցակիցը փաստում է՝ մենք խուսափում ենք ճշմարտությունն ասելուց, արդյունքում, մենք զբաղվում ենք ինքնախաբեությամբ եւ դրա համար պատմությունից ոչինչ չենք սովորում, դասեր չենք քաղում: Այս համատեքստում, պատմական անդրադարձեր կատարելով Հայաստանի առաջին՝ 1918-20 թվականների եւ երրորդ հանրապետության ստեղծմանը, նա կարծում է, որ դրանք հռչակվել են պատմական իրադարձությունների եւ իրողությունների արդյունքում.

«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են Անկախության օրը մեր պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները գնում Եռաբլուր: Տպավորություն է, որ Եռաբլուրում ամփոփվել են մեր անկախության համար պայքարած մարդիկ: Բոլորովին՝ ոչ: Այսօր Եռաբլուրում հանգչում են Արցախի ազատագրության եւ Հայաստանի սահմանների պաշտպանության համար զոհվածներ: Նրանցից ոչ մեկը Հայաստանի անկախության համար չի պայքարել եւ չի զոհվել, որովհետեւ այդպիսի պայքար գոյություն չի ունեցել: 1991 թվականի անկախությունն էլ մեզ տրվել է համաշխարհային գործընթացների արդյունքում, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ բոլոր հանրապետություններն, իրենցից անկախ, ձեռք բերեցին անկախություն»:

Ինչեւէ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին եւ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններին, Մովսես Շահվերդյանը զգուշացնում է՝ Հայաստանում շատ արագ եւ շատ շուտ իրավիճակ է փոխվելու, Հայաստանում ձեւավորվելու են նորմալ, ադեկվատ եւ կոմպետենտ իշխանություններ. «Ալիեւը թող սա հասկանա եւ հայ հանրությանն ու հայկական պետականությունը Նիկոլ Փաշինյանի արշինով չչափի: Նրանց այսօրվա այլանդակությունները շատ շուտով ստանալու են իրենց արժանի հակահարվածն ու պատասխանը: Այնպես չէ, որ հայ ժողովուրդը միշտ լինելու է այսպես թուլացած եւ նսեմացած վիճակում»:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Ադրբեջանը ժամանակին ստեղծվել է Թուրքիայի միջամտությամբ՝ առանց պատմական եւ էթնիկ հիմնավորումների, Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու մղումով եւ այդ նպատակին են զոհաբերվել պատմականորեն եւ էթնիկ առումով հայկական տարածքներ: Իսկ կովկասյան թաթարները, որոնք ապրում էին այդ տարածքներում, հետագայում անվանվեցին ադրբեջանցիներ:

Հայաստանում պետք է ձեւավորվի երկու բեւեռ

Հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանում իրավիճակ փոխվելու, այն էլ շատ շուտով եւ շատ արագ, քանի որ այս տարիների ընթացքում ընդդիմադիր ուժերը մի քանի շարժումներ սկսեցին, որոնք, մեծ հաշվով, անարդյունք ավարտվեցին, Մովսես Շահվերդյանը պատասխանեց. «Մեր սխալն այդտեղ կա. Հայաստանում այսօր կա Նիկոլ Փաշինյանի խայտառակ իշխանությունը, դա քաղաքական շառլատանների իշխանություն է՝ արկածախնդիր, անպատասխանատու եւ անլուրջ պահվածքով, որը անպայման շատ արագ կավարտվի: Երբ ձեւավորվեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նախկին իշխանությունները, շատ արագ, որովհետեւ ունեին ռեսուրսներ՝ մեդիա, ֆինանսական, մարդկային, զբաղեցրին ընդդիմության դաշտը: Չկար ուրիշ ուժ, որը կարողանար որոշակի դերակատարություն ունենար: Ճիշտ է, Հայաստանում կա 100-ից ավելի կուսակցություն, բայց որպեսզի կարողանան լրջորեն դերակատարություն ունենալ, որոշակի պայմաններ, ռեսուրսներ են հարկավոր: Ես անամոթ եւ անբարո եմ համարում խորհրդարանական ընդդիմադիրների կողմից այժմ հնչող արտահայտությունները, թե մենք կարող ենք լռել, թող ուրիշները գան. դուք չգիտե՞ք, թե ձեր կառավարման տարիներին քաղաքական դաշտում ի՞նչ վիճակ էր ստեղծվել, մյուս քաղաքական ուժերն ի՞նչ վիճակում էին հայտնվել»:

Այսօրվա դասավորության եւ իրողությունների պայմաններում, ըստ մեր զրուցակցի, Հայաստանը չի կարող արդյունավետ քայլ կատարել՝ վերականգնել իր ուժերը եւ պայքարել իր անվտանգության եւ ապահովության համար: Այս վիճակից դուրս գալու հիմնական պայման է, ըստ Մովսես Շահվերդյանի, երկրում օր առաջ կոմպետենտ, ադեկվատ իշխանության ձեւավորումը. «Այսօրվա ԱԺ-ն, իբրեւ քաղաքական մարմին, իբրեւ գործնական որոշումներ կայացնող մարմին, սպառել է իրեն: Իսկ խորհրդարանական հանրապետությունում ունենալ նման որակի ԱԺ, անթույլատրելի է: Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի՝ Փաշինյանի հրաժարականի ընդունումով եւ Հայաստանում պետք է անցկացվեն նոր համապետական ընտրություններ»: Դիտարկմանը՝ մեկ տարի առաջ ընտրություններ էին, արդյունքն այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունն է, մեր զրուցակիցն արձագանքեց. «Այո, անցած տարվա այդ անօգուտ, խայտառակ եւ անիմաստ ընտրությունները տվեցին այդ արդյունքը միմիայն այն պատճառով, որովհետեւ այնտեղ իշխանության այլընտրանքը նախկին իշխանությունն էր: Իսկ նախկինները պետք է լավ գիտակցեն, որ ոչ անցած տարի, ոչ այս տարի, ոչ էլ գալ տարի ժողովրդի անհրաժեշտ վստահությունը չեն ունենալու, նրանք, եթե գիտակից եւ պատասխանատու ուժեր են, պետք է պահը ճիշտ գնահատեն եւ չվերցնեն իրենց վրա այլընտրանքի դերը: Չէի ցանկանա հիշեցնել, բայց ստիպված եմ. ՀՀԿ-ի այսօրվա ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը, ի՞նչ են կարծում, երբ 1998 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն դարձավ իշխանություն, այդ ժողովուրդը իրե՞նց ձայն տվեց, Գալուստ Սահակյանի՞ն ու Սերժ Սարգսյանի՞ն: Պարզ չէ՞, որ ՀՀԿ-ն իշխանության եկավ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի անվան ու գործունեության շնորհիվ. մնացածը՝ մանիպուլյացիաների արդյունք է: Նույնը կարող եմ ասել նաեւ ընդդիմադիր մյուս թեւի մասին: Եթե հարցադրումներ կառաջանան, ես շատ փաստական կարող եմ ներկայացնել 1998-99 թվականի դեպքերը, որոնց արդյունքում այսօր Հայաստանը հայտնվել է այս իրավիճակում: Ճիշտ է, մենք անընդհատ քարկոծում ենք գործող իշխանությանը եւ ճիշտ ենք անում, բայց նրանք օդից չիջան, նրանց համար հող նախապատրաստվեց: Մեր այսօրվա ողբերգությունների հիմնական պատճառը 1998-99 թվականների անպատասխանատու իրադարձություններն էին, որոնք ունեն շատ կոնկրետ մեղավորներ եւ դերակատարներ, անուններ այժմ չեմ տա, բայց եթե որեւէ մեկը կասկածի տակ կդնի, ես անուններով եւ փաստերով այդ ամենը կասեմ»:

Իսկ մինչեւ ընտրությունները, ըստ Մովսես Շահվերդյանի, քաղաքական դաշտում պետք է հստակություն մտցվի, որպեսզի անցած տարվա խայտառակ վիճակը չլինի. «Երկու հիմնական բեւեռ պետք է ձեւավորվի. մեկը այն բեւեռը, որը, փաստորեն, մինչեւ հիմա իշխող է եղել Հայաստանում՝ պայմանական անվանումով՝ լիբերալ-կոսմոպոլիտ բեւեռ, որի հոգեւոր հայրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ իր բոլոր մանիպուլյացիաներով եւ դեմագոգիաներով: Ինձ թույլ եմ տալիս այդպես կոշտ արտահայտվել, քանի որ նա էր, որ 1988-1991 թվականներին ժողովրդին տարավ խրթին ճանապարհներով, մոլորեցնելով՝ դարձավ աշխարհաքաղաքական հիմնական դերակատարներից մեկը՝ նպաստելով ԽՍՀՄ փլուզմանը եւ Հայաստանում սոցիալիստական սոցիալ-տնտեսական համակարգի վերացմանը: Հիշո՞ւմ եք, ինքն էր ասում՝ Ղարաբաղում մենք քանդեցինք Բեռլինի պատը: Իրական հեղափոխությունը Հայաստանում կատարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ համակարգային փոփոխություններով, բայց նա այդ մասին չի ասել, նա դա արել է անաղմուկ, առանց գնահատականներ տալու: Հիմա, նա թող համախմբի իր ստեղծած համակարգը՝ ուզում է ինքը ղեկավարի, ուզում է՝ իր հոգեզավակներից մեկը: Մենք էլ կստեղծենք մյուս բեւեռը. պայմանականորեն այն կկոչեմ սոցիալ-հայրենասիրական ուժերի բեւեռ, որի հիմնական խնդիրներից մեկը կլինի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, սոցիալական արդարության ապահովմանը: Երկրորդ բեւեռում կհամախմբվեն նաեւ հայրենասիրական ուժերը, որոնք ոչ թե աշխարհի շահերն են ուզում առաջ տանել Հայաստանում, այլ Հայաստանի շահերին նվիրված կլինեն ու մեր հանրապետությունը չեն դնի տարբեր երկրների ձեռքին՝ գործիքի դերում»:

Հայաստանի եւ Արցախի պաշտպանության ռազմաքաղաքական միացյալ շտաբի ստեղծում

«ՌԴ նախագահի վերջին  ելույթը բավականին լուրջ ելույթ էր, կարող եմ ասել, որ այդ ելույթին հետեւելու են աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներ եւ ես չէի ցանկանա, որ մեր հանրապետությունն էլի անպատրաստ լիներ այդ իրադարձություններին, որոնց մենք անպայմանորեն առնչվելու ենք: Այժմ նորից խոսակցություններ են գնում՝ Հայաստանը ո՞ր կողմի վրա պետք է դիրքավորվի: Ադրբեջանի վերջին հարձակումից հետո, անգամ, փորձում են կասկածի տակ դնել ՌԴ-ի հետ անվտանգային հարաբերությունները. ես ընդունում եմ՝ խնդիրներ կան, մենք անպայման հարցադրումներ ունենք ՌԴ-ին, բայց ո՞վ է այդ հարցադրումները ձեւակերպելու եւ իրականացնելու: Գործող իշխանությունը ոչ ունակ է դրան, ոչ էլ պետք է անի, հակառակը, նրանք քանի դեռ կան՝ մեզ համար նորանոր խնդիրներ են ստեղծելու եւ մենք նորանոր հարվածներ ենք ստանալու. Ադրբեջանը մեզ հարվածելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները կան: Երբ Հայաստանում նոր որակի իշխանություն ձեւավորվի, որն ունակ կլինի ձեւակերպելու մեր արժեքները, խնդիրները, տալու դրանց լուծումները, այն ժամանակ էլ կփոխվի Ադրբեջանի վերաբերմունքը մեր նկատմամբ»,- կարծում է մեր զրուցակիցը:

Իսկ այդ ամենն իրականացնելու համար, ըստ նրա, Հայաստանում պետք է ստեղծվի նոր քաղաքական միավոր, այն կոչվելու է Հայաստանի եւ Արցախի պաշտպանության ռազմաքաղաքական միացյալ շտաբ. «Շտաբում կմիավորվեն մարդիկ՝ թե ռազմական, թե քաղաքական շրջանակներից, որոնք ողջախոհ են, որոնք ունակ են հարցեր ձեւակերպելու եւ լուծելու եւ որոնց անունները ընդունելի են մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության համար: Այդ անունները մեզ համար ճշտված են, բայց չեմ հրապարակի, քանի որ այդ մարդկանց հետ դեռ չենք հանդիպել. հանդիպումները մոտ օրերս կկայանան, որից հետո հայտարարություններ կլինեն: Կարծում եմ, շտաբը շատ արագ կձեւավորվի եւ կդառնա ներկա իշխանություններին իրական այլընտրանք: Խորհրդարանական բոլոր ուժերին՝ թե իշխանական, թե ընդդիմադիր, ասում եմ՝ ձեր ժամանակը սպառվել է, չփորձեք խանգարել եւ միջամտել: Օգնել կարող եք, այդ հարցում կհամագործակցենք բոլոր հայրենասեր եւ մտահոգ ուժերի հետ: Բայց թույլ չենք տա նորից գաք առաջին պլան եւ խանգարողի դերում հանդես գաք»:

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս հրաժարական տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

Ի հավաստումն նրա, որ ինքը կոմպետենտ է եւ ունակ՝ թույլ չտալու, այսպես կոչված, նախկիններին, կրկին խանգարողի դերում հանդես գալու եւ առաջարկելով՝ համախմբել իրենց բոլոր ռեսուրսները՝ ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու համար, Մովսես Շահվերդյանը մի դրվագ պատմեց 1990-ականների վերջերին տեղի ունեցած զարգացումներից: Ըստ այդմ, իր գնահատմամբ, 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, քանի որ 1997 թվականին մահացել էր նրա եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը եւ այդպիսով նա զրկվել էր վերջինիս մեծ գործարար շրջապատի աջակցությունից:

Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը չուներ նաեւ ժողովրդի աջակցությունը. «Ուստի, գրեց իր հայտնի հոդվածը՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն», շարադրելով իր մոտեցումներն արցախյան հարցի կարգավորման շուրջ, շատ լավ իմանալով, որ դրանք չեն ընդունվելու եւ ինքը հեռանալու է: Մենք դա լավ հասկանում էինք եւ պատրաստվում էինք դրան: Այսպես էինք պատկերացնում հետագա զարգացումները՝ Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը պետք է առաջարկեր ՀԱՍԿ-ը, մեզ պետք է աջակցեր ՀՅԴ-ն: ՀՅԴ Բյուրոյի ղեկավարն այդ ժամանակ Աբո Պողիկյանն էր եւ այդ օրերին նա գտնվում էր Հայաստանում: Հայաստանից՝ ՀՅԴ Բյուրոյի անդամներն էին Մասիս Բաղդասարյանը եւ Մարտուն Մաթեւոսյանը: Հաճախ էի հանդիպում եւ քննարկումներ ունենում նրանց հետ: Հունվարի վերջերին, Տեր-Պետրոսյանի հրաժարականից օրեր առաջ, ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ես հանդիպում եմ ունեցել Աբո Պողիկյանի հետ: Այնտեղ էր նաեւ այդ ժամանակ Արցախի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը: Նա առաջարկում էր՝ Գորիսում ժողովրդին ոտքի հանել, որպեսզի արցախցիներն էլ մասնակցելու հնարավորություն ունենային եւ  համաժողովրդական ընդվզում կազմակերպվի Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, որի արդյունքում նա հրաժարական տա: Ես հարցրեցի Գեորգի Պետրոսյանին՝ դու համոզվա՞ծ ես, որ այս հարցում Ռոբերտ Քոչարյանը, որն այդ ժամանակ Հայաստանի վարչապետն էր, Սերժ Սարգսյանը, որը ղեկավարում էր ՆԳՆ եւ ԱԱԾ կառույցները միաժամանակ եւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը համակարծիք են, մեկ թիմ են: Գեորգի Պետրոսյանն ասաց՝ կասկած չունեմ: Ես էլ ասացի՝ էլ ինչո՞ւ եք գնում ժողովրդին ոտքի հանելու այդ երկար եւ դժվար ճանապարհով, եթե նրանք երեքով մտնեն Տեր-Պետրոսյանի աշխատասենյակ եւ ասեն, որ դու պետք է հրաժարական տաս, այդ ո՞ր նախագահը կընդդիմանա: Նայեց, ասաց՝ ճիշտ ես ասում: Հանեց ձեռքի հեռախոսը եւ զանգեց Ռոբերտ Քոչարյանին: Բարձրախոսը միացրած խոսում էր. ասաց՝ Ռոբերտ, որտե՞ղ ես դու հիմա: Քոչարյանն ասաց՝ Բաղրամյանով իջնում եմ, նախագահականից: Ասաց՝ էդ գնացել էիր նախագահի մոտ՝ հաշտվելո՞ւ: Ասաց՝ չէ, հաշտվելու չէի գնացել, կանչել էր՝ տնտեսական հարցեր ենք քննարկել, ուրիշ թեմա չենք խոսել. մի քանի տնտեսական հարց կար, հիմա գնում եմ կառավարություն: Դե ասաց՝ գնա, ես մի քանի րոպեից գալիս եմ քեզ մոտ: Գեորգի Պետրոսյանը գնաց, երկու օր հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930