Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Մերձավոր Արեւելքի համար լուրջ նշանակություն ունի». Միքայել Բադալյանը՝ բացված կառույցի մասին

Հոկտեմբեր 17,2022 12:08

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Կարմիր բլուր հնավայրում շարունակվում են պեղումները, որոնց արդյունքում բացվում է մոնումենտալ կառույց, որը կարելի է համարել Ուրարտուի եւ տարածաշրջանի երկաթե դարի հնագիտությանը վերաբերող կարեւոր հայտնագործություններից մեկը:

«2019թ.-ից Կարմիր բլուրում սիստեմատիկ պեղումները վերսկսվել են հայ-ավստրիական հնագիտական արշավախմբի կողմից: Սկանավորվել է հուշարձանի տարածքի մի հատվածը՝ ավստրիացի գործընկերների կողմից, նաեւ սկսվել են իրականացվել պեղումներ: 2021թ.-ից հայկական կողմը սկսել է աշխատել ամրոցի մուտքից հարավ-արեւելք ընկած հատվածում, իսկ ավստրիացի մեր գործընկերները՝ ամրոցի մուտքից հարավ-արեւմուտք: Ավստրիացի գործընկերների կողմից իրականացված պեղումների արդյունքում այս տարի ֆիքսվեցին տարբեր շերտեր, որոնք վերաբերվում են ուրարտական ու հետուարարտական ժամանակաշրջանին: Հայկական կողմը շարունակեց պեղումները, եւ 2021թ.-ին արդեն տեղեկացրինք, որ բացվում է մոնումենտալ կառույց՝ պատերով, սալահատակներով, սյան խարիսխներով: Այս տարի պեղումները շարունակում ենք»,-ասաց մեր զրուցակիցը:

 Միքայել Բադալյանի հավելեց, որ թեեւ դեռեւս ֆինանսավորում չկա, սակայն թանգարանի թիմը շարունակում է սիրով աշխատել. «Անցյալ տարի ունեինք բավական լավ ֆինանսավորում հայ գինեգործների կողմից, չնայած մեզ խոստացել են, որ մոտ ժամանակներս եւս հնարավոր է ֆինանսավորում լինի: Եթե դա լինի, մենք ավելի մեծ թափով կսկսենք իրականացնել պեղումները: Ես շատ ուրախ եմ, որ թանգարանի աշխատակիցների թիմի համար գումարը կարեւոր չէ: Մեզ է միացել Հայաստանի ճարտարապետության ազգային համալսարանը, եւ արդեն որերորդ անգամն է, իրենց ուսանողները մեզ մոտ պրակտիկա են անցնում: Համալսարանի 4 ուսանող միացել է մեզ, ինչը նախ շատ մեծ օգնություն է, եւ երկրորդ, այդ ուսանողները իրենց ավարտական աշխատանքը գրելու են հենց պեղվելիք կառույցի ճարտարապետության վերաբերյալ:

Բացել ենք դեռեւս որեւէ զուգահեռ չունեցող կառույց, մոնումենտալ շինություն, ապշեցնող սալահատակներով: Արդեն իսկ 10 սյան խարիսխ է բացվել: Ընդ որում, վերջին օրերին գրեթե ամեն օր մենք սյան խարիսխ ենք բացում: Այս կառույցն իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է հայկական միջնադարյան քարավանատները: Այսինքն, մենք ունենք քարավանատների նախատիպը՝ ուրարտական ճարտարապետության մեջ: Սկզբում մտածում էինք, որ սա արքունի ձիանոց է, բայց դեռ շատ հետազոտություններ պետք է կատարվեն:

Իսրայելում եւ Պաղեստինում եւս կան նման կառույցներ, որոնք մեկնաբանվում են կամ որպես արքունի ձիանոց, կամ որպես շուկա: Եթե հանկարծ պարզվի, որ մենք այստեղ ունենք շուկա, դա կլինի Հայաստանում բացված հնագույն ուրարտական շուկան: Քարավանատունը եւ շուկան գործառույթներով իրար բավականին մոտ կառույցներ են:

Հավելեմ, որ հոկտեմբերի 18-ից մեզ Ռուսաստանից գործընկերներ կմիանան, որոնք պետք է իրականացնեն հողի հատուկ հետազոտություններ եւ մենք կփորձենք հասկանալ ինչ կենդանիների հետքեր կան հողի մեջ, մարդկային գործունեության ինչպիսի հետքեր: Դա մեզ մեծապես կօգնի: Հետազոտությունները ցույց են տվել, որ ունենք եւ ձիեր, եւ ցուլ եւ մանր եղջերավոր անասուններ: Այսինքն, սա կարծես միայն ձիանոց չէ: Կարծում եմ, որ մի քսան օր էլ դեռ կաշխատենք՝ անկախ նրանից կունենանք, թե չենք ունենա ֆինանսավորում»,- նշեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

Ապա ընդգծեց. «Սա բացառիկ կառույց է: Այն ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ Մերձավոր Արեւելքի համար լուրջ նշանակություն ունի, ու պատահական չէ, որ ստացել ենք բազմաթիվ հռչակավոր հնագետների խոսքեր՝ նման կարեւոր հայտնագործության վերաբերյալ: Սա կարող է նաեւ Կարմիր բլուր հուշարձանի մի մասը կազմել, դառնալ այցելելի հատվածներից մեկը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31