Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Գրիգորյանը պատգամավորներին կոչ է անում՝ կյանքի կոչել «ատելության խոսքի կարգավորումները». ՄԻՊ-ը՝ հանրահավաքների մասին

Նոյեմբեր 02,2022 18:13

«Ընդհանուր հետեւությունն այն է, որ հավաքի արտոնման, իրավունքի իրացման տեսանկյունից եղել են բավարար պայմաններ, այսինքն, իրավակարգավորումներն աշխատել են: Ցավալիորեն, մենք կարող ենք այլ մտահոգությունների մասին խոսել եւ առաջին հերթին՝ ոստիկանության կողմից, որոշ դեպքերում, անհամաչափ ուժի գործադրման մասին կարելի է խոսել: Այս առումով, մեր ամենօրյա մտահոգությունները, մենք վեր հանած փաստերը՝ իրավական վերլուծություններով եւ առաջարկություններով, ուղարկել ենք ոստիկանություն: Ունեցել ենք, ցավալիորեն, հավաքները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության մի քանի դեպքեր»,- այսօր խորհրդարանում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ հավելելով, որ այս տարի հավաքաշատ էր եւ ՄԻՊ հաստատությունը շաբաթներ շարունակ աշխատել է 24/7 ռեժիմով՝ ձգտելով որեւէ բան բաց չթողնել, որեւէ դրվագ աչքաթող չանել:

ՄԻՊ-ը պատասխանում էր ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, որը ձեւակերպված էր այսպես. «ՀՀ-ում ինչպիսի՞ն է եղել հավաքների ազատությունը, ըստ ձեր կառույցի գնահատականի եւ նաեւ, շատ կուզենայի, որ դուք անդրադառնայիք ատելության խոսքի ու բռնության կոչերի մասին՝ թե հենց հիմա տիրող իրավիճակին, թե հնարավոր բարեփոխումներին»: Նա նկատեց, որ ՄԻՊ-ը, մեկ այլ հարցի պատասխանելով՝ ասել էր, որ օրենսդրական կարգավորումները կան, ու խնդիրը կիրարկման մեջ է՝ հիշեցնելով, որ ատելության կոչերը քրեականացնելու հոդվածը մեր օրենսդրությունում կա, բայց «քաղաքական առաջնորդողների, քաղաքական դերակատարների կողմից եւ այլ տիպի հանրային անձանց կողմից մանավանդ, շարունակվում է բռնության կոչերի եւ ատելության խոսքի տարածումը»:

«Այս հավաքների բնորոշիչը ատելության կամ պառակտիչ խոսակցությունների եւ նարատիվների չափազանց ակտիվ ներգրավվածությունն ու առկայությունն էր, ինչը, հավաքների ազատության իրավունքի իրացման համար յուրահատուկ դժվար դաշտ էր ստեղծել»,- ասաց ՄԻՊ-ը՝ տեղեկացնելով, որ միաժամանակ արձանագրել են իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի դեպքեր, ինչն անընդունելի է եւ հանրային մեծ լսարան ունեցող քաղաքական գործիչներին կոչ են արել՝ զգալ, իրականացնել պատասխանատվություն ու ատելության կամ պառակտիչ խոսակցության տոնայնությունն իջեցնել, քանի որ, իր գնահատմամբ, յուրաքանչյուր «սադրող ելույթից հետո», հաջորդ օրն ունեցել ենք բռնության կամ բախման դեպքեր, ավելի շատ բերման ենթարկվածներ:

ՄԻՊ գրասենյակը բռնության դեպքեր է արձանագրել նաեւ այսպես կոչված, երրորդ անձանց նկատմամբ, ովքեր մասնակցություն կամ առնչություն չեն ունեցել հավաքներին, պարզապես, կյանքի բերումով հայտնվել են այդ վայրում: Թիրախավորման կոնկրետ միտումներ են արձանագրել այլ կարծիք հայտնող անձանց՝ լրագրողների, հանրային գործիչների նկատմամբ: ՄԻՊ-ը, սակայն, չհստակեցրեց, թե թիրախավորողներն ովքե՞ր են եղել, այլ կարծիք արտահայտողներն՝ ովքե՞ր:

Քրիստինե Գրիգորյանը շարունակեց՝ բռնության կոչերը քրեականացված են, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ատելության խոսքի մասին մեր պատկերացումները եւ վտանգը, որը կարող է բերել ատելության խոսքը մեր անվտանգությանը, դիմադրողականությանը, որպես հասարակություն, մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներին, աննախադեպ մեծ է եւ մենք, կարծես, աչքաթող ենք անում: Նա օրենսդիրներին կոչ արեց՝ իրավահավասարության նախագծի շրջանակներում կատարված աշխատանքը՝ ատելության խոսքի կարգավորումները, կյանքի կոչել: Հորդորեց՝ իր խոսքը չընկալել, որպես քրեականացման առաջարկություն, քանի որ ինքն այդ լուծումներին չի հավատում, դրանք կայուն չեն, սակայն, վարչական տույժերը, տեսալսողական մեդիայի մասին կարգավորումները, կարծում է, որ կարող են օգնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930