Լրահոս
Օրվա լրահոսը

«Համընդհանուր հայտարարագրման ներդրմամբ պետությունն այսօրվանից հող է նախապատրաստվում մեկ-երկու տարի հետո հարկային ավել մուտքեր ապահովելու համար»․ Կառլեն Խաչատրյան

Նոյեմբեր 18,2022 21:03

Երեկ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին»  օրենքների նախագծերին։ Ընդ որում նախագծերի  քննարկումն ԱԺ-ում կառավարությունը համարել է անհետաձգելի:

Այս նախագծերով ներդրվում է  ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։
Եկամուտների պարտադիր համընդհանուր հայտարարագրման անհրաժեշտության մասին նախկին իշխանություններն էլ խոսում էին, քննարկում էին, սակայն այն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Հիմա այս նախագծով սահմանվում է, որ համակարգը փուլային  է ներդրվելու՝  2023 թվականից սկսած, ավարտվելու է 2025-ին: Ըստ այդմ, 2025 թվականից մեր երկրի բոլոր չափահաս քաղաքացիները, լինի՝ կանաչի վաճառող, թե՝  վարձու աշխատող կամ գործարար, բոլորը պետք է իրենց եկամուտները պարտադիր հայտարարագրեն։

Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը նախագծի վերաբերյալ ասաց՝ խոշոր հաշվով լավ է, որ նման մտադրություն կա, զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ պետք է գնալ այդ ճանապարհով, եւ մենք էլ օրերից մի օր պետք է ներդնեինք այս համակարգը, սակայն արդյոք հիմա է պատեհ պահը։

Նա նախ հիշեցրեց, որ նախագծի համաձայն, սկզբում հանրային ծառայողներն են հայտարարագրվելու եկամուտները, հետո վարձու աշխատանք կատարող անձինք, եւ արդեն 2025-ից անխտիր բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Ընդ որում, փաստացի ստացվում է, որ  անգամ նրանք, ում եկամտի միակ աղբյուրը վարձու աշխատանքից ստացված եկամուտն է, որն այսպես, թե այնպես հարկվում է, միեւնույն է, կառավարությունը նրանց վրա պարտավորություն է դնում նմանատիպ փաստաթուղթ ներկայացնել ՊԵԿ»,-ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նախկին իշխանություններն էլ համընդհանուր հայտարարագրման գաղափարը քննարկում էին, բայց  հասկանում էին, որ հասարակությունը դեռեւս պատրաստ չէ այդ փոփոխություններին,  ֆինանսական գրագիտության համապատասխան գիտելիքների պակաս կա, նաեւ տնտեսությունը պատրաստ չէ հավելյալ հարկային բեռ կրելու․ «Որովհետեւ, ի վերջո եկամուտների պարտադիր հայտարարագրի տակ դրված է եկամուտների  իրական ծավալների հայտարարագրելու նպատակ, հետեւաբար, նաեւ հարկելու գաղափար։ Այսինքն, պետությունն ուզում է ոչ միայն իմանալ թե ով որքան եկամուտ ունի, այլ՝ փորձում է գնահատել՝ արդյոք քաղաքացիները լիարժեք կատարում են հարկային պարտավորությունները»։

Տնտեսագետը պարզ օրինակ բերեց՝ բնակարան վերանորոգ քաղաքացին իր եկամուտը կամ վարձատրությունն առձեռն է ստանում, պետությունն այդ գործարքի մասին տեղեկություն չունի։  Ընդ որում, գործող օրենսդրությունն էլ ենթադրում է, որ նա ինքնակամ պետք է  հարկային մարմին գնա ու ներկայացնի, թե տվյալ ամսին որքան գումար է աշխատել եւ պետությանն էլ մասնաբաժին տա։ Կարճ ասած՝ գործ ես արել, հարկ վճարիր։  Սակայն, փաստացի, ինչպես նկատեց տնտեսագետը, որեւէ մեկը նման բան չի անում, պետությունն էլ ասում է՝ եկեք հայտարարագրեք։

«Ընդ որում, հայտարարագրելուց զատ, ըստ նախագծի, նախատեսվում է նաեւ ծախսերի մասին  որոշակի տեղեկատվություն։ Սա նշանակում է, որ պետությունը կկարողանա գնահատել, թե որքան եկամուտ է  ունեցել  քաղաքացին,  որքան  է ծախսել, եւ եթե հանկարծ պարզվի,  որ ծախսերն ավելի շատ են,  քան եկամուտը, կասեն՝ ուրեմն դու եկամուտ ես թաքցրել, ու ծախսերի մասով հարկ կառաջանա»։

Մեր դիտարկմանը՝ ենթադրվում է, որ այդ մարդիկ իրենց ծառայությունները կթանկացնեն, տնտեսագետն ասաց՝ կամ պետք է թանկացնեն կամ էլ ուղղակի նորից խուսափեն հարկումից, ասենք՝ հայտարարագրում, որպես եկամտի աղբյուր, չնշի այդ գործարքը։

Ու չնայած գաղափարը լավն է, սակայն Կառլեն Խաչատրյանի կարծիքով՝ հիմա ճիշտ ժամանակը չէ հասարակությանը նման բեռի տակ դնելու, քանի որ բացի այն, որ բավարար ֆինանսական գրագիտություն չկա մեր բնակչության մոտ, տնտեսությունն էլ մի լավ վիճակում չէ․ «Փաստացի մենք ունենք մի տնտեսություն, որտեղ պաշտոնական տվյալներով ամեն 3-րդ մարդը աղքատ է, ու հասարակության լայն զանգվածներ ոչ միայն միջին կենսամակարդակ չունեն, այլ նաեւ հազիվ են ապահովում իրենց նվազագույն կենսամակարդակը։ Գումարած բարձր գնաճը, ու այս մարդկանցից ակնկալել հավելյալ թղթեր ներկայացնել, ակնկալել, որ պետությունը նրանց պետք է հարկի, խնդիր է առաջացնելու»։

Տնտեսագետը նկատեց՝ պետությունն ուզում է բացահայտել թաքնված եկամուտները, իսկ  թաքնված եկամուտները, սովորաբար ցածր եկամուտներ ունեցողների մոտ է, դրանք այն մարդիկ են, ինչպես ժողովուրդն է ասում՝ արհեստավորներ, որոշակի ծառայություններ մատուցող մարդիկ, որոնք մեծ փողեր չեն աշխատում, միջինից ցածր կենսամակարդակ  ունեցող մարդիկ են․ «Հիմա երբ նրանց դնում ենք հավելյալ հարկային բեռի տակ, լուրջ խնդիր է առաջանալու։ Բացի այս, պետք է հասկանալ՝  այն եկամուտը, որը պետությունն ակնկալում է ստանալ, արդյոք համարժեք  է այն ծախսերի հետ, որ պետությունը պետք է անի, ի վերջո համակարգ է ներդնում, մոտ երկու միլիոն մարդու հայտարարագիր մշակելն ու աշխատեցնելը ծախսատար է»։

Խաչատրյանը նաեւ նկատեց՝ հիմա կառավարության համար առաջնային է դարձել ամեն գնով հարկային մուտքեր ապահովելը, եւ  դրա համար էլ այսօրվանից հող է նախապատրաստվում մեկ-երկու տարի հետո հարկային ավել մուտքեր ապահովելու  համար․ «Քանի որ կառավարությունն էլ հասկանում է, որ այսօրվա տնտեսական ակտիվությունը արտաքին գործոններով է պայմանավորված,  եւ դրանց վերացման պարագայում, պետական բյուջեն խնդիրներ է ունենալու»։

Մեր այն դիտարկմանը, թե՝ օրինակ կանաչի վաճառողն ինչպես է հայտարարագրելու, նա ասենք՝ չգրանցված աշխատող է, կամ արդյոք նա հարկվելու է, տնտեսագետն ասաց՝ այդ մեխանիզմները՝ վերահսկման եւ այլն, դեռեւս  հստակ չեն, սակայն ենթադրվում է, որ նրանք էլ պետք է ներկայանան հարկային մարմին եւ ներկայացնեն եկամուտներն ու ծախսերը, թե մնացածն ինչպես է լինելու, հավանաբար մինչեւ 2025 թվականը համապատասխան մեխանիզմներն  էլ կներդնեն․ «Ես ենթադրում եմ, որ այն անձինք, ովքեր չեն կարողանալու ինքնուրույն հայտարարագրել, քանի որ չեն տիրապետում մեխանիզմին, հաշվապահներ կվարձեն, որոնք իրենց փոխարեն կանեն։ Սա էլ իհարկե հավելյալ բեռ է մարդկանց համար եւ ավելորդ քաշքշուկ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Lուսանկարը՝ Կառլեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930