Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը ցույց տվեց, որ ոչ միայն կարելի է հանձնել 7 շրջան, այլեւ ձեռքերը լվանալ Արցախից՝ չկրելով ոչ մի պատասխանատվություն»

Դեկտեմբեր 10,2022 15:47

«Արցախում ապրողներիս համար պարզ է, որ ցանկացած ժամանակ կարող են սկսվել լայնածավալ ռազմական գործողություններ։ Նաեւ հասկանում ենք, որ սահմանային էսկալացիաները դեռեւս չեն նշանակում, որ հենց այդ պահին սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ։ Մեր համար պարզ է, որ Ադրբեջանն անելու է ամեն ինչ, որպեսզի մենք գտնվենք բարոյահոգեբանական ամենացածր մակարդակի վրա, կորցնենք դիմադրողականությունը եւ լքենք Արցախը»,-«Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմակերպած՝ Արցախի Հանրապետության անկախության օրվան՝ դեկտեմբերի 10-ին նվիրված քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։

Նրա խոսքով․ «Ադրբեջանը շատ լավ հասկանում է՝ քանի դեռ արցախահայությունը չի ցանկանում գտնվել Ադրբեջանի կազմում, հակամարտությունը լուծված չէ, ուստի Ադրբեջանի բոլոր գործողությունները միտված են լինելու Արցախը հայաթափելուն։ Արտաքին թշնամու բաղադրիչը, սակայն, միշտ չէ, որ բացասաբար է ազդում հանրության բարոյահոգեբանական վիճակի վրա։ Այն ստիպում է նաեւ համախմբվել եւ պայքարել, ուստի թշնամու բաղադրիչը մեր վրա ազդելու բաղադրիչներից ամենապարզն է, որովհետեւ մենք գիտենք, որ նա թշնամի է»։

Մյուս բաղադրիչը, Հակոբյանի բնորոշմամբ, ՀՀ իշխանության հետ  է կապված, եւ Արցախի հասարակությունն այստեղ մեծ խնդիր ունի․ «ՀՀ իշխանությունը մինչեւ 2018թ․-ը հանդիսացել է Արցախի անվտանգության երաշխավորը՝ բոլոր առումներով։ Այստեղ ամեն ինչ հարթ չի եղել, որովհետեւ իշխանությանը ժամանակ առ ժամանակ մեղադրել են գուցե ոչ ճիշտ կառավարման, սոցիալական անարդարության մեջ, սակայն արցախցիների մոտ չի եղել ՀՀ իշխանության կողմից Արցախին դավաճանելու, Արցախից ձեռքերը լվանալու ընկալում։ Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի անգամ ասել է, որ այո, յոթ շրջանները պետք է հանձնենք, սակայն ՀՀ այն ղեկավարը, որը կգնա այդ քայլին, համարվելու է դավաճան, պիտակելու են որպես դավաճան։ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ոչ միայն կարելի է հանձնել 7 շրջան, այլեւ ձեռքերը լվանալ Արցախից՝ չկրելով ոչ մի պատասխանատվություն։ Տարօրինակ է, որ այդ դավաճանական գործողություններից մեկ տարի չանցած՝ նա հաղթում է ընտրություններում»:

Հակոբ Հակոբյանի բնորոշմամբ՝ այսօր ՀՀ իշխանությունը չի խոսում ԼՂ ինքնորոշման իրավունքի եւ կարգավիճակի մասին՝ համառորեն այդ հարցում քննադատում է բոլորին, Ռուսաստանին․ «Սա այն դեպքում, երբ հենց իրենք չեն համարձակվում այդ հարցերը բարձրաձայնել։ Դիվանագիտության անիմաստ ցատկերը ռուսական հարթակից դեպի եվրոպական հարթակ, անիմաստ ուղերձները, թե պայքարելու են Արցախի ժողովրդի իրավունքների համար, ոչ այլ ինչ են, քան Արցախից ձեռքերը լվանալ։ Սա է, որ մեր մոտ առաջացնում է բացասական բարոյահոգեբանական վիճակ»։

Հակոբ Հակոբյանը նշեց, որ Արցախի հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա վատ է ազդում Արցախի իշխանության կրավորական պահվածքը պատերազմից հետո, երբ իշխանությունն ասում է, թե իրենից ոչինչ կախված չի, ամեն ինչ ռուսներն են որոշում․ «Մյուս վատթարացնող հանգամանքն այն է, որ նման պատերազմից հետո անգամ կա սոցիալական անարդարություն։ Պատկերացնո՞ւմ եք, որ հետպատերազմյան Արցախում կա մի նախարար, որի գերատեսչությունում հարյուրավոր միլիոնների վատնում է  բացահայտվում։ Կամ մենք դեռեւս իշխանության գործիչներ ենք տեսնում, որոնք «իմ ու քո» են անում։ Մարդիկ նաեւ հույսի բացակայություն ունեն վաղվա օրվա հանդեպ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031