Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարական բում՝ Վանաձոր խոշորացված համայնքում

Դեկտեմբեր 17,2022 11:47

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն այնպիսի ճանապարհներ, որոնք տարիներ շարունակ եղել են, մեղմ ասած, անբարեկարգ, քարուքանդ վիճակում:

Հիմնանորոգվող փողոցներից մեկն, օրինակ, մարզկենտրոնի կենտրոնական, ամենաբանուկ ու ծանրաբեռնված երթեւեկություն ունեցող  Գարեգին Նժդեհ փողոցն է՝ հիվանդանոց տանող ճանապարհը, վերջին անգամ այս փողոցը հիմնանորոգվել էր  տասնամյակներ առաջ:

Ոչ պակաս անմխիթար վիճակում են գտնվում նաեւ Վանաձորի Ներսիսյան, Իսահակյան, Զաքարյան փողոցները: Ծանրաբեռնված երթեւեկություն ունեցող փողոցներում փոսերն այնքան շատ են, որ անգամ փոսային նորոգումներն ու պարբերաբար իրականացվող հարթեցումները չէին մեղմում իրավիճակը, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր վարորդների ու հետիոտների արդարացի դժգոհություններին:

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ու քաղաքապետարանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են նաեւ Դարպաս, Շահումյան եւ Գուգարք բնակավայրերի խնդիրները:

Շահումյան եւ Գուգարք բնակավայրերում, օրինակ, հաջորդ տարի կհիմնանորոգվի միանգամից 6 փողոց, Դարպասում՝ 2:  Ծրագիրն ընդունված է, բյուջեն՝ հաստատված:

Գալիք տարում համայնքի բյուջեով ու կառավարության համաֆինանսավորմամբ համայնքի կարիքների համար ձեռք կբերվեն նաեւ նոր աղբատար մեքենաներ, կհիմնանորոգվեն տիկնիկային թատրոնն ու «աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հիմնական մասնաշենքը:

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերի 2-րդ փուլով հաջորդ տարի կավարտվեն նաեւ Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի եւ   Գուգարք բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Կմեկնարկի նաեւ Վանաձորի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցումը:

Ավելի քան 2.5 մլրդ դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրերը Վանաձոր խոշորացված համայնքում այսքանով չեն ավարտվում: Համայնքապետարանից խոստանում են՝  2023թ-ը Վանաձոր խոշորացված համայնքի համար լինելու է ձեռքբերումների ու առաջընթացի տարի, ու եթե սրան էլ ավելացնենք նաեւ զուտ համայնքի բյուջեով նախատեսված ծրագրերը, ապա Վանաձոր խոշորացված համայնքի խնդիրները եթե ոչ լիովին, ապա զգալիորեն կնվազեն:

Վանաձորի համայնքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031