Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վահագն Հովակիմյանի փռշտոցն ո՞ւմ համար էր բարի (ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2022 17:26

Դեկտեմբերի 17-ին կայացան ընտրատարածքային ընտրական նորանշանակ հանձնաժողովների առաջին նիստերը, որտեղ էլ ընտրվեցին հանձնաժողովի նախագահ, տեղակալ եւ քարտուղար։

Կապանի, Քաջարանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովի 7 անդամներից անդրանիկ նիստին մասնակցեցին 5-ը։ Մինչ հանձնաժողովի ձեւավորվելը, ըստ Կապանում շրջանառվող տարբեր խոսակցությունների՝ շատերը  նշանակվելու համար ծանոթներ էին փնտրում։ Ի վերջո, դիմել էին 14 հոգի։

Թիվ 35 ԸԸՀ քարտուղար Ռամելա Հակոբյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում, երբ նախապատվության սկզբունքով՝ ԿԸՀ անդամները թիվ 35 ԸԸՀ-ի անդամներ էին նշանակում, առաջին անդամի՝ Ռամելա Հակոբյանի անունը հնչեցնելուց հետո ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը փռշտաց։ «Այսքանն էլ ճիշտ»՝ արձագանքեց քարտուղար Արմեն Սմբատյանը։ Կազմը հրապարակելուց հետո ԿԸՀ քարտուղարը թերեւս նկատեց իր գործընկերների դժգոհությունը։ «ԿԸՀ անդամների ոմանց հայացքներում երբեմն ոչ գոհունակություն եմ տեսնում արդյունքի վերաբերյալ, բայց սա կոլեգիալ եւ ընդհանուր որոշում է, ու բոլորը բավարարված պիտի լինեն»,-հայտարարեց Արմեն Սմբատյանը։

Թիվ 35 ԸԸՀ նիստը վարեց տարիքով ամենաավագ անդամը՝ Ռամելա Հակոբյանը։ Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռամելա Հակոբյանը նախկին հանձնաժողովի կազմից միակն է, որը նորից նշանակվեց հանձնաժողովի անդամ։

Թիվ 35 ԸԸՀ նախագահ Արշավիր Խալափյան

Միաձայն հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արշավիր Խալափյանը, տեղակալ՝ Յուրիկ Մարտիրոսյանը, քարտուղար՝ Ռամելա Հակոբյանը, որը 2005 թ.-ից միշտ հանձնաժողովի քարտուղար է ընտրվում։

Թիվ 35 ԸԸՀ նախագահի տեղակալ Յուրիկ Մարտիրոսյան

Եթե թիվ 35 ԸԸՀ-ում արշալույսները խաղաղ էին ու ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի «սաբրը խեր» էր, ապա Սիսիանի ու Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 34 ԸԸՀ-ում նախագահի ընտրությունը «անցնցում» չէր։ Հանձնաժողովի սիսիանյան թեւը դեմ քվեարկեց նախագահի թեկնածու Արմեն Ստեփանյանին․ նրա օգտին քվեարկեցին հանձնաժողովի 7 անդամներից 5-ը։ Վերջինս նույնպես թիվ 34 ԸԸՀ-ի նախկին կազմից միակն է, որ այս անգամ էլ ընդգրկվեց հանձնաժողովում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝  սիսիանցի հանձնաժողովականները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի «դաբրոյով» են նշանակվել։ Նշենք նաեւ, որ առաջիկայում Սիսիանում նշանակվելու են  համայնքի ավագանու նոր ընտրություններ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031