Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Գյումրիում երկու երիտասարդ պարեկներ փրկեցին շնչահեղձ լինող նորածնին

Հունվար 10,2023 19:44

Հունվարի 5-ին հուզիչ մի դեպք է տեղի ունեցել Գյումրիում․ Ղարիբջանյան խճուղում ծառայություն իրականացնող երկու երիտասարդներ՝ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի կրտսեր պարեկ, սերժանտ Գուրգեն Մանուկյանն ու լեյտենանտ Մարտին Գրիգորյանը, տեսնելով ճանապարհին ավտոմեքենան կանգնեցրած ու խուճապի մատնված, անօգնական երիտասարդ ամուսինների, մոտեցել են՝ հետաքրքրվելով, թե ինչ է պատահել։ Պարեկները նկատել են նրանց գրկում շնչահեղձ լինող նորածնին։

Վերջիններս գրկելով երեխային՝ պարեկային ծառայության մեքենայով մեծ արագությամբ հասցրել են «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ և հաջողվել է փրկել նորածնի կյանքը։

Այս մասին Aravot.am-ին պատմեց Գուրգեն Մանուկյանը՝ փոխանցելով նաև երեխային հիվանդանոց տեղափոխելու ընթացքում ունեցած իր ծանր հոգեապրումները։

«Մենք պարեկային ծառայություն ենք իրականացնում Ղարիբջանյան խճուղիում, ավտոմեքենա էր կանգնած, բարձր, արտասովոր ձայներ լսեցինք, անմիջապես մոտեցանք, տեսնեինք՝ ինչ էր պատահել։ Տեսանք ծնողների՝ շփոթված, խառնված, երեխային մոլորված գրկել էին, օրորում էին, չգիտեին՝ ինչ է կատարվում, փոքրիկը շնչահեղձ էր լինում։

Գրկեցի երեխայի, նստեցինք մեր ավտոմեքենան, ընթացքում կապ տվեցինք մեր ծառայակիցներին, որ ճանապարհները փակեն՝ երեխային կարողանանք առանց խոչընդոտների, վայրկյան առաջ հասցնել հիվանդանոց։ Երեխան ցնցումների մեջ էր, կապտած, շատ վատ էր, մենք էլ էինք շփոթված, բայց պիտի փրկեինք երեխայի կյանքը։ Մի կերպ տեղ հասցրեցինք, ծնողները հաստատ չէին կարողանա այդքան արագ տեղ հասցնել, հատկապես, երբ շատ վատ վիճակում էին։

Երեխային թթվածին տվեցին, կաթիլային միացրեցին, երբ չբացեց աչքերը, չգիտեի՝ հուզմունքից ինչ անեի։ Ծնողները բնականաբար մեզանից ուշ հասան, չեք պատկերացնի նրանց ուրախությունը, ինչքան երախտապարտ էին, որ երեխան փրկվեց։ Հետո իմացանք, որ այդ մի երեխան ունեին,  երկար տարիներ երեխա չեն ունեցել։ Երեխան 20 օրական էր։

Երբ մտանք հիվանդանոց, բոլորը զարմացած մեզ էին նայում, թե մենք ի՞նչ գործ ունենք այնտեղ։

Այդուհանդերձ հասկացան, որ անկարգ վարորդներին տուգանելուց բացի՝ պարեկները նաև մարդկային կյանքեր են փրկում»,- ասաց Գուրգեն Մանուկյանը։

21-ամյա Գուրգեն Մանուկյանը, որը մասնակցել է 44-օրյա պատերազմի, ասում է՝ պարեկները նաև հոգեբանական աջակցություն են ցուցաբերում մարդկանց, ճիշտ ուղղություն ցույց տալիս։

«Ոմանք ընդունում են մեր խորհուրդները, ոմանք՝ դեռ չէ, մարդկանց մոտ դեռ կարծիքը չի փոխվել, նրանք դեռ հին կարծրատիպով են շարժվում։ Մեր ծառայությունը նոր է ստեղծվել՝ 9 ամիս, դեռ ժամանակ կա, որ ապացուցենք մենք ուրիշ ենք, նորաստեղծ կառույց ենք, եկել ենք բարեփոխումների համար։

9 ամիս է՝ բոլորը տեսնում են, որ մենք բարեփոխումներ ենք կատարում, երթևեկությունը նորմալացել է, սպանությունների քանակը պակասել է, կարևոր է, որ մարդիկ չմահանան, ամեն ինչ նորմալ լինի, հանցագործությունների թիվը պակասի, թմրամոլությունը վերանա, որպեսզի մեր ժողովուրդն ապրի անվտանգ երկրում։

Մեր դասակի հրամանատարը մայոր Բարսեղյան Գարիկն է, մենք գնալով նրան ենք նմանվում․ եթե հրամանատարը ձիգ է, իր զորքն էլ ձիգ է»։

Գուրգենն Ամասիայի Արեգնադեմ գյուղից է, նա 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է տանկի հրամանատար, վիրավորվել է Հադրութի շրջանում՝ ստանալով գլխի, աջ ձեռքի և ոտքերի վնասվածքներ։ Բուժում ստանալով՝ ծառայությունը շարունակել է հատուկ նշանակության զորքերում՝ Սպեցնազում։

Ծառայությունն ավարտելով՝ վերադարձել է հայրենի գյուղ։ Գուրգենն ասում է, որ 1,5 տարի չէր եղել հայրենի գյուղում, կորոնավիրուսի ժամանակ թույլ չէին տալիս արձակուրդ գնալ։ Գյուղում եղել էր հայրիկի հուղարկավորության ժամանակ․ 6 ամսվա զինվոր էր, երբ հայրը մահացել է, դրանից հետո գնացել է Արցախ։ Գուրգենը տան միակ արու զավակն է։

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի ժ/պ Հովհաննես Վարձելյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վիրուսով հիվանդ երեխաների թիվը շատ մեծ է։ Ըստ նրա, նման վիճակով հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը բավական շատ է։

Հովհաննես Վարձելյանը հորդորեց ծնողներին բարձր ջերմության, խորխային հազի ու մաշկի գունատության դեպքում անմիջապես դիմել տեղամասային մանկաբույժներին կամ բերել հիվանդանոց, որպեսզի երեխայի վիճակը չբարդանա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031