Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատավոր ժողովուրդը Մեծ Պահքի միջոցով այսօրվանից սկսում է 48 օր տևող մի ճանապարհ

Փետրվար 19,2023 13:00

Qahana.am«Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. 19։7)

Այս տարի փետրվարի 19-ին, Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի համաձայն, նշվում է Բուն Բարեկենդանը։ Սա նշանակում է, որ հավատավոր ժողովուրդը Մեծ Պահքի միջոցով այսօրվանից սկսում է 48 օր տևող մի ճանապարհ, որ տանում է դեպի Քրիստոսի Հարության Ավետիսը։

Վաղն արդեն՝ օրը փոխվելուն պես՝ մտնելու ենք պահքի մեջ՝ խոնարհությամբ, ապաշխարությամբ, զղջմամբ ու համբերությամբ անցնելով ուղին, որ տանում է դեպի Լույսը։ Իսկ ի՞նչ է խորհրդանշում այս օրը՝ Բուն Բարեկենդանը։

Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախընթաց օրը: Այս օրը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, ինչը պահքի խորհրդանիշն է:

Հնում Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային՝ «հայոց ազգի օրեր»: Այն համարվում էր ամենաերջանկաբեր տոներից մեկը, ինչի ընթացքում վայելում էին ճոխ ու առատ ուտելիքներ, ականատես լինում ազգային մի շարք պարերի, խաղերի, թատերախաղերի: Բոլորը մաս էին կազմում այս զվարճանքին, գյուղի հրապարակում սեղան էին բացում ու խնջույք կազմակերպում։ Իսկ տուն գնալուց առաջ տոնախմբության մասնակիցները մեկական ձու էին ուտում. ձվով փակում էին բերանը, որպեսզի Մեծ Պահքից հետո դարձյալ ձվով բացեն։

Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը ծածկվում է. Պահքի օրերին մատուցվում է փակ խորանով Սուրբ Պատարագ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728