Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի հակառակ կողմում․․․ դրանից բխող բոլոր հետեւանքներով

Մարտ 03,2023 22:00

Քանի՞ ձախորդության կարող է մարդու գլխին թափվել մեկ ճամփորդության ընթացքում։ Ես պատմեմ՝ դուք հաշվեք։

Դեռ անցած տարվա ամռանը տոմսեր էի գնել մի ուղեւորության համար՝ ճամփորդական գործակալության միջոցով։ Եթե այն ժամանակ կանխատեսեի, որ Բերձորի միջանցքում այս վիճակն է լինելու՝ բնականաբար, ոչ մի նման ճամփորդություն էլ չէի ծրագրի։ Բայց ինչ որ է՝ տոմսերը գնված էին, հյուրանոցը՝ ամրագրված։

Եվ փետրվարի 9-ի առավոտյան փորձեցի առցանց գրանցվել գիշերը նախատեսվող թռիչքի համար։ Ու պարզվեց մի բան, որի մասին տեղյակ չէի, թեեւ ճամփորդելու բավական մեծ փորձ ունեմ։ Այն է՝ եթե դեպի վերջնակետ թռիչքդ նույն երկրի երկու քաղաքներով է, չնայած տարանցիկային գոտուց դուրս չես գալու՝ մեկ է, պետք է վիզա ունենաս։ Ես այն չունեի։ Բնականաբար, եթե ճամփորդական գործակալությունն ինձ այդ մասին վաղօրոք զգուշացրած լիներ՝ հասցրած կլինեի խնդիրը լուծել անցած ամիսների ընթացքում։

Բայց հիմա մինչեւ թռիչքը մնում էր մի քանի ժամ։ Գերմանիայի դեսպանատան ինքնապատասխանիչը (հենց այդ երկրի տարածքով էին իմ երկու թռիչքները), թեեւ ազդարարում էր, որ մինչեւ 11.30 են պատասխանում հարցումներին՝ 11–ից սկսած մի կենդանի օպերատոր գտնելն անհասանելի երազանք էր։

Ճամփորդական գործակալության համար, որից գնել էի տոմսը, այս տեղեկությունը նույնպես անակնկալ էր։ Ճիշտ է՝ իրենք փորձեցին պատասխանատվությունից խուսափել, ասելով, թե իմ պարտականությունն էր պարզելը՝ ինձ վիզա պետք է, թե ոչ, բայց այնուամենայնիվ ժամեր շարունակ բանակցում էին ավիաընկերության հետ, փորձելով փոխել տոմսս, գտնել որեւէ տարբերակ, որով ընդամենը մեկ տարանցիկային կանգառ կունենամ շենգենյան գոտում։ Ի վերջո պարզվեց, որ բոլոր տարբերակներով պետք էր էլի բավական կլորիկ գումար ավելացնել՝ նոր տոմս ձեռք բերելու համար։

Ու ինչ որ պահի ես ընդհանրապես մտադիր էի հրաժարվել այցի գաղափարից, թեեւ ամիսներ շարունակ աջուձախ ասել էի, թե ուր եմ գնում (սնահավատները հենց դրանով էլ պայմանավորվեցին այն արկածները, որոնք պատահեցին այս ճամփորդության ընթացքում)։

Միջանկյալ նշեմ, որ այդ օրը նկարահանելու էինք երկու հաղորդում, որոնք պետք է ցուցադրվեին իմ բացակայության ընթացքում։ Նյարդային լարվածությունից հա սխալվում էի բացման խոսքն ասելիս, ու երբ դա կրկնվեց չգիտեմ որերորդ անգամ՝ հյուրերից մեկը շատ բարեկրթորեն առաջարկեց, որ իրենք գնան՝ ավելի ուշ գան։

Այդ հաղորդումները կայքում հրապարակելու տեքստն էի սղագրում, երբ Մամուլի շենքը հոսանքազրկվեց, ու ողջ աշխատանքս ջուրն ընկավ։

Ընթացքում նաեւ փնտրում էի Թբիլիսիի օդանավակայանում գիշերելու լավագույն տարբերակը, քանի որ ի վերջո ինձ համար տոմս գնեցին հարեւան երկրով։ Որոնման համակարգը բերեց ամենատարածված պատասխանը, թե շատ հարմար է քնել շարժասանդուղքի տակ՝ արհեստական խոտի վրա, որտեղ տաք է ու ոչ ոք չի անհանգստացնում․․․

Երեւանից Թբիլիսի չվերթի գրանցմանն էլ ուշացա․ մայրաքաղաքում այդ օրը սարսափելի խցանումներ էին։ Օդանավակայանում մեր սահմանապահը երկար զննեց անձնագիրս ու հարցիս՝ ի՞նչ խնդիր կա, առանց մանրամասնելու պատասխանեց, թե վրացիները կարող է իրենց այնքան էլ լավ չզգան, որ․․․ բայց դե լավ, որ գրանցվել եք․․․

Հա, չմոռանամ նաեւ, որ մեր սրտացավ աշխատակիցներից մեկին, որը ողջ ընթացքում օգնում էր ինձ՝ խնդրել էի, որ աջակցի ավիաընկերությունից փոխհատուցում ստանալ այն առաջին՝ դեռ ամռանը գնած տոմսի համար, որը կորցրի։ Ու 15 րոպե էր մնացել մինչեւ Թբիլիսիի չվերթը, երբ նամակ ստացա, որ այդքան երկար բանակցված տոմսս չեղարկվել է ու հետո կտեղեկացնեն, թե ինչպես ու ինչքանն են փոխհատուցելու․․․ Պարզվեց, որ հին ու նոր տոմսերը նույն կոդի ներքո էին։ Էլի նյարդային ցնցակաթվածի չենթարկվելու գերբնական ճիգեր, էլի բանակցություններ ավիաընկերության հետ, ու բարեբախտաբար՝ արդյունավետ ելքով․ տոմսս վերականգնեցին։

Արդեն Թբիլիսիի սահմանապահների ստուգումն անցնելիս հիշեցի հայ սահմանապահների անորոշ ակնարկը։ Էլի մի բան կատարվեց, որ երբեւէ չէր եղել իմ բազում ուղեւորությունների ընթացքում։ «Այն կողմում նստեք, մի քիչ սպասեք՝ կկանչենք ձեզ»,– ասաց սահմանապահը՝ առանց մանրամասնելու, թե խնդիրն ինչ է՝ «Պարզ ձեւականություն է»։ 10 րոպե, 20 րոպե․ 30 րոպե․․․ «Մենք էլ ենք սպասում»,– անհանգստությանն ի պատասխան ասում էր սահմանապահը։

Հընթացս նշեմ, որ «Առավոտի» տնօրենը, իմանալով ողջ օրվա ընթացքում ձախորդություններիս մասին, որոնց մի մասն այստեղ չթվարկեցի էլ՝ կեսկատակ ասել էր․ «Հանկարծ այլ ինքնաթիռ չնստես․․․»։ Զգուշացեք ձեզ հղված «բարեմաղթանքներից»՝ դրանք կարող են կատարվել։ Երբ մոտ 40 րոպե անց սահմանապահները կանչեցին ու վերադարձրին անձնագիրս՝ էլի առանց ասելու, թե ինչ էին ուզում հասկանալ այսքան երկար ժամանակ, ես անմիջապես վազեցի դեպի իմ թռիչքի «դարպասը», քանի որ մինչ այդ ավիաընկերությունից հաղորդագրություն էի ստացել, հորդորով՝ շարժվել դեպի այն։ Բավական երկար շարքում տեղ զբաղեցրի, բայց երբ իմ հերթը հասավ ու անձնագիրս մեկնեցի, սկսեցին թուրքերեն ինչ-որ բաներ ասել։ Վերջը հասկացրին, որ սա դեռ Ստամբուլի չվերթն է, իմ չվերթը լինելու է դրանից հետո։

Ու թերեւս արդեն զարմանալի էլ չէր այսքան ապրումներից հետո, որ արդեն Մյունխենի օդանավակայանում պարզեցի, որ բացարձակապես չեմ հիշում քարտիս փին կոդը, ու վտանգ կար, որ հաջորդող 10 օրը օտար երկրում մնալու եմ առանց միջոցների․․․ Կոդը հաջողվեց վերհիշել միայն երկու օր անց։

Լավ, երեւի արդեն ժամանակն է գաղտնազերծելու, թե ուր էի մեկնում։

Ու եթե շատերը կասեն, թե արժեր սրա համար այսքան չարչարվել, երազանք է աշխարհի ամենագունագեղ շոուն տեսնելը՝ կասեմ, թե ավելի հաճույքով եւ ավելի մոտիկից կառնավալը կդիտեի հեռուստացույցով։ Սամբադրոմի իբր «աթոռները» ուղղակի քարի վրա գծված տեղեր էին։ Դրանք կեղտոտ էին, մանր էլ անձրեւ էր մաղում, ինչը կեղտը վերածում էր ցեխի։ Անձրեւն ի վերջո կտրվեց, բայց այդ պահին արդեն տարածքը կեղտոտում էին հանդիսատեսները, որոնք ուտում էին, մնացորդները թափում, գարեջուր խմում, ու վատ դրված բաժակից հեղուկը հոսում էր ոտքերիդ մոտով։

Մի բան էլ՝ եթե պորտուգալերեն կամ գոնե իսպաներեն չգիտես՝ Բրազիլիայում ճամփորդելը մեկ այլ մարտահրավեր է։ Այնտեղ շատ քչերն են խոսում անգլերեն։ Կայքերում էլ շատ աղքատ է անգլերեն տեղեկատվությունը։ Եվ չէինք կարողանում ստանալ մի շատ պարզ հարցի պատասխան՝ ե՞րբ է սկսվում կառնավալային շքերթը։ Անգլերեն մատուցված միակ տեղեկատվությունն էր, որ սամբադրոմն իր դռները բացում է ժամը 18–ից։ Այդ ժամին էլ այնտեղ էինք։

Շքերթը սկսվեց ժամը 22.00-ին, այսինքն՝ Երեւանի ժամանակով լուսադեմն էր, ժամը 5-ը։ Սամբայի ամեն դպրոց 45 րոպե է անցկացնում սամբադրոմում։ 15 րոպե ընդմիջում։ Կառնավալային ամեն օրը՝ 6–ական դպրոց։ Դիմացանք մինչեւ Երեւանի ժամանակով առավոտյան 9-ը՝ հյուրանոց վերադառնալով արդեն հարբած, փողոցներում միզող (ինչն արդեն օրինաչափ էր այդ օրերին՝ նաեւ հաշվի առնելով օգտագործվող գարեջրի հսկայական քանակը) երիտասարդների խմբերի միջով։

․․․ Հայաստան վերադառնալիս պարզեցի, որ նույն ժամանակ Ռիոյում էր նաեւ հայ զբոսաշրջիկների մի մեծ խումբ, ու հույս ունեի, որ իրենց հետ Թբիլիսիից Երեւան կվերադառնամ։ Բայց չէ՝ արկածներս չէին ավարտվել։ 30 աստիճան տաք երկրից վերադառնալով թեթեւ վերնահագուստով ու կոշիկներով՝ ես Թբիլիսիի սառը օդանավակայանում մնացի մենակ։ Պարզվեց, որ այնտեղ «Յանդեքսը» գործում է, սակայն վարորդը զգուշացրեց, որ կարող է տանել միայն մինչեւ սահման՝ այլ երկրի տարածքում չեն կարող գործել։ Ու փետրվարի 22–ի վաղ առավոտյան ես անցնում էի հայ-վրացական սահմանը ոտքով, երկու ուղեբեռ քաշ տալով, ընկերակցությամբ շների, որոնցից, մեղմ ասած, ինձ այնքան էլ պաշտպանված չեմ զգում։

Բագրատաշենի տարածքում էլ տաքսի կանչելու փորձերս հաջողությամբ չպսակվեցին։ Պարզվեց՝ այդ տարածքն առցանց ծառայությունները չեն սպասարկում։ Ու ընտրությունս միակն էր՝ ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող մի «Օփել»։ Էլի ոչինչ, բայց Սպիտակն անցնելուց հետո հայտնվեցինք ձնաբքի մեջ։ Քամին ձյունը շփում էր դիմապակուն, ճանապարհը անգամ կես մետրի վրա չէր երեւում․ Քուչակ, Ալագյազ, Ապարան․․․Ու մինչ վախից չորացել էի, որ վստահ ուր որ է՝ դուրս ենք ընկնելու ճանապարհից՝ այրումցի վարորդն ուրախ-ուրախ ասում էր՝ «Էս տեսնում ե՞ս, մի անգամ էլ սենց Սելիմում էի մնացել, փրկարարները եկան՝ հանեցին»․․․

… Հիմա արդեն այս արկածները ծիծաղով եմ հիշում։ Ու վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այս ամենը մի կողմ է մղվելու, ու հիշելու եմ միայն, թե ինչ ջերմ, հյուրընկալ ու կենսուրախ էին Բրազիլիայում մարդիկ, ինչ գեղեցիկ էր բնությունը, ինչ համով էր սնունդը ու հա, ինչ գունեղ ու ցնցող էր կառնավալային շքերթը, եւ ինչ ազդեցիկ էր, ինչպես իրենք էին ասում՝ Խրիստոյի արձանը։

Եվ այս ամենն էլ շարադրեցի ոչ թե նվնվոցս ու բողոքներս գրավոր արտահայտելու համար, այլ գուցե ինչպես ինձ համար էր կարեւոր, օրինակ, խորհուրդը, թե որտեղ կարելի է քնել Թբիլիսիի օդանավակայանում (այն չեմ «կենսագործել»), ինչ որ մեկի համար էլ օգտակար լինի իմանալը՝ նախ․ եթե տարանցումդ նույն գոտու երկու քաղաքներում է՝ քեզ անպայման վիզա է հարկավոր։

Երկու՝ Ռիո դե Ժանեյրոյի սամբադրոմում շքերթը սկսվում է 22.00-ից՝ մինչ այդ քնեք, հանգստացեք, որ դիմանաք մինչեւ վերջ, ու իզուր չլինի երկրի հակառակ կողմը հասնելու չարչարանքը։

Երեք՝ առցանց տաքսի ծառայությունները գործում են միայն տվյալ երկրի տարածքում։

Չորս՝ եթե Կոպակաբանա ծովափում անգամ արեւ չկա՝ հույս չունենաք, որ չեք այրվի ու հաջորդող օրերը չեք անցկացնի նվալով ու այրվածքներին դեղ քսելով․․ Չէ, ոնց որ էլի սկսեցի բողոքել։

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031