Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ քո հետ թշնամին հաշվի կնստի

Մարտ 04,2023 12:00

Հայաստանի բնական գործընկերներն են այն երկրները, որոնք ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ դրանով մերժում են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին Դիվանագետի օրվա առիթով շնորհավորական ուղերձ էր հղել, որում հիշեցրել էր, որ 1992թ. այդ օրը Հայաստանը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, եւ անկախ, եւ ինքնիշխան ՀՀ-ի դրոշը բարձրացվեց ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանի դիմաց։ «Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը։ Մենք պետք է կարողանանք գնահատել նախկինում ունեցած բացթողումները եւ առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար»,- նշել է նա իր ուղերձում:

Չնայած Հայաստանը հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական խաղերի կիզակետում, այնուամենայնիվ, մեր պետությունն ունի հնարավորություններ օգտվելու հնարավորություններից: Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված Ադրբեջանի գործողությունները մաքսիմալ ակնհայտ են: Թուրքիան, եթե անգամ հրապարակավ չի հայտարարի, որ կողմ է Հայաստանը ծնկի բերելու Ադրբեջանի քաղաքականությանը, ապա պարզ է, որ Անկարան Բաքվի այդ քաղաքականությունը աջակցողն է:

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը բարդ իրավիճակում է հայտնվել` Ուկրաինայում պատերազմի հետեւանքով: Որոշակիորեն մեկուսացած, արեւմտյան պատժամիջոցների ու Արեւմուտքի արհամարհանքի պայմաններում նա ավելի կոշտ քաղաքականություն է վարում գործընկեր պետությունների հետ, եւ դա գուցե բնական է: Երբ անկյունում ես հայտնվում` ինքնապաշտպանությունը, իսկ երբեմն էլ հարձակողական կեցվածքը դառնում է միակ միջոցը` հիշեցնելու քո մասին:

Որքան էլ զարմանալի հնչի, Հայաստանի նախաձեռնողական քաղաքականության վարման առումով սա բավական նպաստավոր մթնոլորտ է: Հայաստանը կարող է ընդլայնել գործընկեր պետությունների հետ շարքը, որոնց հետ կարող է հարաբերություններն էլ ավելի վստահելի դարձնել: Նման պետության աջակցություն մենք ունենք, դա Ֆրանսիան է:

ԵՄ առաքելության տեղակայմամբ արդեն իսկ ընդգծվել է Արեւմուտքի վերաբերմունքի փոփոխությունը Հայաստանի նկատմամբ: Այդ առաքելության եւ ինքնիշխան Հայաստանի անվտանգային պաշտպանության հրամայականի անհրաժեշտությունը պետք է շարունակել բացատրել թե՛ Մոսկվային, թե՛ Հայաստանի թշնամիներին: Ոչ մի դեպքում այս առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է դառնա Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների ճշգրտման առարկա, քանի որ չի կարող ինքնիշխան Հայաստանի որոշումը` իր անվտանգային հարցով, դառնալ վիճելի թեմա: Այս ուղղությամբ Մոսկվայի հետ ինտենսիվ աշխատանք պետք է տարվի, քանի դեռ ուշ չէ:

Հարեւան Իրանի ու Վրաստանի հետ փոխհարաբերությունները եւս պետք է հասցնել նոր մակարդակի:

Հայաստանի դիվանագիտությունը օր ու գիշեր պետք է աշխատի ցույց տալ աշխարհին, որ պատերազմի ձգտող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանը, թեեւ հայտարարում են` «հաղթել են», «ԼՂ խնդիրը լուծել են»: Այս համատեքստում` քաղաքակիրթ աշխարհի կողմից Ադրբեջանին հասցեագրված քննադատությունները չպետք է նվազեն ոչ մի րոպե: Եվ դա չի խոչընդոտելու պաշտոնական Երեւանի խաղաղության հասնելու օրակարգին: Ընդհակառակը` աշխարհին պետք է տեսանելի լինի, թե ով եւ ինչպես է խոչընդոտում խաղաղության օրակարգը, եւ որ առավել կարեւոր է` ինչ նպատակով:

Հայաստանի բնական գործընկերներն են այն պետությունները, որոնք ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ դրանով մերժում են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ու ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը: Այս ուղղությամբ Հայաստանի դիվանագիտությունը եւս պետք է շարունակի համառ աշխատանք:

Հայաստանը պետք է ունենա իր պայմանները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության հաստատման, կարգավորման գործընթացների օրակարգերում: Այս խնդիրն արդեն իսկ միջազգայնացվել է, եւ դա լավ է այն առումով, որ բացառապես Մոսկվայի հովանու ներքո եռակողմ բանակցությունների ձեւաչափում մնալու դեպքում Հայաստանից են բացառապես զիջումներ ակնկալվում:

Հետեւաբար, հավասարակշռված, բոլոր հնարավոր կորուստներն ու առավելությունները հաշվարկելով, հնարավոր է ի շահ Հայաստանի հաստատել գործընկերների հետ հարաբերություններ: Միեւնույն ժամանակ, որքան էլ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի ուղղությամբ քննադատության նոտաները կոշտանան` Հայաստանը չպետք է դառնա մի նոր հակամարտության կողմ: Դա ամենեւին չի նշանակում Մոսկվայի առաջ քաշած, երբեմն էլ իր իսկ ստորագրած փաստաթղթերի պահանջների հետ առնչություն չունեցող նոր ու փոփոխված պահանջներին համաձայնել:

Արդեն հաճախակի նկատելի են դառնում Հայաստանին սադրելու ձգտումները: Հայաստանը չպետք է տրվի այդ փորձերին, որքան էլ իշխանության համար գայթակղությունը մեծ լինի` հակադարձելու ու նույնիսկ գործելու: Սադրանքները չեզոքացնել հնարավոր է այլ ճանապարհով` պետության նշանակությունը, դերը, ազդեցությունն ու շահը հստակ ուրվագծելով եւ այդ ճանապարհով անշեղորեն ընթանալու դեպքում:

Այդպիսի պետության դիրքորոշման հետ հաշվի են նստում: Նույնիսկ` թշնամիները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 03.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031