Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիի համայնքապետի կողմից բռնության ենթարկված աշխատակիցը «շեֆի դեմ» բողոք չունի․ ավագանու նիստը թեժ էր (Տեսանյութ)

Ապրիլ 04,2023 23:47

Երեքշաբթի՝ ապրիլի 4-ին կայացած Մեղրի համայնքի ավագանու նիստը թեժ է եղել։ Նախ, համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը մինչեւ նիստը սկսելը՝ հայտարարել է, որ նիստը ուղիղ եթեր չի հեռարձակվելու, քանի որ նաեւ անվտանգային հարցեր են քննարկվելու։ Ավագանու անդամներն առարկեցին՝ նշելով, որ նման հարցերը քննարկելու ժամանակ՝ նիստի հեռարձակումը կդադարեցնեն։ Ավագանու որոշ անդամների կարծիքով սակայն, համայնքի ղեկավարը չէր ուզում նիստը ուղիղ եթեր հեռարձակվի, որովհետեւ Մեղրու համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ Աբրահամ Սարգսյանը պատրաստվում էր ավագանու նիստում հայտարարություն անել՝ Բագրատ Զաքարյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին։ Նիստը, այնուամենայնիվ եթեր հեռարձակվեց։

Մեղրիի համայնքապետարանի Aravot.am-ի աղբյուրները պատմում են, որ անցած ուրբաթ օրը՝ մարտի 31-ին, աշխատանքային օրվա վերջում՝ Աբրահամ Սարգսյանը համայնքապետի աշխատասենյակ մտնելուց՝ մի քանի րոպե անց աղմուկ-աղաղակ լսվեց։ Ինչպես հետագայում է պարզվում՝ Բագրատ Զաքարյանը ծեծել էր իր աշխատակցին։

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը

Ըստ նույն աղբյուրների՝ Բագրատ Զաքարյանի կինը՝ Տիգրանուհի Դավթյանը, որը համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետն է, համայնքապետարանի աշխատակիցների հետ պարբերաբար վեճերի մեջ է լինում։ Իսկ այն աշխատակիցը, որը համարձակվում է հակառակվել տիկին Դավթյանին, հայտնվում է համայնքապետի «սեւ ցուցակում»։ Հերթական վեճից հետո՝ Աբրահամ Սարգսյանը փորձել է առաջինը համայնքի ղեկավարին ներկայացնի իրավիճակը, որպեսզի հետո համայնքապետի կինը վեճը չներկայացնի իր ուզած տեսանկյունից։

Աբրահամ Սարգսյանը, ապրիլի 4-ին կայացած ավագանու նիստի վերջում փորձել է հայտարարությամբ հանդես գալ՝ ներկայացնելով իրականությունը, քանի որ համայնքապետարաններում էթիկայի հանձնաժողովներ չեն գործում։ Երբ Աբրահամ Սարգսյանը հայտարարել է, որ իր ու համայնքի ղեկավարի միջեւ կոնֆլիկտ է եղել, ու վերջինս խփել է նրան՝ Բագրատ Զաքարյանը միանգամից հերքում է՝ բղավում, որ սուտ է ասում։ «Ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով մշտապես ձեզ զգուշացրել եմ, որ ձեր խոսքին հետեւեք, կուլտուրական խոսեք բոլորի հետ։ Անգամ դեպքեր է եղել, որ ներողություն եք խնդրել»,-հայտարարեց Բագրատ Զաքարյանը։

Համայնքի ղեկավարի եւ համայնքապետարանի բաժնի պետի վիճաբանությանը խառնվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Արարատ Թումանյանը։

«Ենթադրեն՝ եղել է նման բան, ու Աբրահամի տեղը ոչ թե իր նման հանգիստ, այլ տաքարյուն մարդ է լինում եւ կացնով խփում էր՝ համայնքապետին մի բան էր լինում»,-ասաց Արարատ Թումանյանը, որին ընդհատեց Բագրատ Զաքարյանը։ «Դու էլ մի սարքի մի կաթիլ մեղրի պատմությունը»,-ավագանու անդամին ասում է Զաքարյանը։

Սակայն Արարատ Թումանյանը շարունակում է իր խոսքը՝ «կասկածի տակ դնելով, թե արդյո՞ք նման համայնքապետ պետք է մեղրեցիներին։ Մանրամասները տեսանյութում։

Հետաքրքիր է, որ Աբրահամ Սարգսյանին աշխատանքի է ընդունել հենց Բագրատ Զաքարյանը։ Գուցե՞ սա է պատճառը, որ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի կողմից ծեծի ենթարկված Մեղրու համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ Աբրահամ Սարգսյանը, ըստ Մեղրիում պտտվող լուրերի, իրավապահ մարմիններին տեղեկացրել է, որ ոչ մի բողոք «չունի շեֆի դեմ»։

Աբրահամ Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Իսկ Բագրատ Զաքարյանին ուղղված հարցերը կուղարկենք գրավոր, որպեսզի վերջինս մեղադրի մեզ՝«իր պատասխաններն աղավաղելու մեջ»։

Ի դեպ, հիշեցնենք, որ Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկները 2021թ․ նոյեմբերին  ծեծել էին Մեղրու կոմունալ տնտեսության նախկին պետ Արթուր Աթանեսյանին։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930