Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի ավագանու տարիքով ավագ անդամը կառավարող ուժից է, տարիքով փոքրը՝ «Քաղաքացու որոշում»-ից է

Ապրիլ 12,2023 23:23

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ապրիլի 12-ին կայացած հերթական նիստում գրանցեց Սիսիանի ավագանու ընտրված անդամներին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մարտի 26-ին կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 7332 քվե կամ ընտրողների ձայների 64,72 տոկոսը, Հայաստանի hանրապետական կուսակցությունը՝ 2553 քվե կամ 22․54 տոկոս, իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցության օգտին քվեարկել էր 1440 ընտրող կամ 12,71 տոկոսը։

Սիսիանի ավագանու անդամի 21 մանդատներից 13-ը բաժին ընկավ կառավարող ուժին, 5-ը ՀՀԿ-ին, 3-ը՝ ՔՈ-ին։

Երեք քաղաքական ուժերից ոչ մի թեկնածու սահմանված ժամկետում մանդատից հրաժարվելու մասին դիմում չէր ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։

Արմեն Հակոբջանյան

«Քաղաքացիական պայմանագրի» մանդատները ստացան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, Սիսիանի փոխհամայնքապետ Կարեն Հովհաննիսյանը, Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանը, նույն կենտրոնի բժիշկ Սուրեն Վարդանյանը, մանկավարժներ՝ Նախշուն Յազուլյանը, Բելլա Թամրազովան, Անգեղակոթի դպրոցի տնօրեն Անահիտ Պետրոսյանը, շուկայի զարգացման պատասխանատու Հովսեփ Առաքելյանը, «Ավտոգազ» ԱԳԼՃԿ-ի հերթափոխի պետ Երվանդ Եղիազարյանը, գլխավոր հաշվապահ Հրաչյա Դանիելյանը, «Գազպրոմ Արմենիայի» հսկիչ Գեւորգ Գեւորգյանը, որոնք կառավարող ուժի անդամ են։ «Քաղաքացիական պայմանագրի» մանդատներ են ստացել ոչ մի տեղ չաշխատող, անկուսակցականներ Արմենակ Միրզախանյանը եւ Աշոտ Աղաջանյանը, որը Գորայքի նախկին համայնքապետն է։ Հիշեցնենք՝ խոշորացման ծրագրի արդյունքում, Գորայք համայնքն անցած տարի միացավ Սիսիան համայնքին։

Ջիվան Մարգարյան

Հայաստանի հանրապետական կուսակցության 5 մանդատների տեր դարձան հանրապետական «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ «Տաթեւ» մասնաճյուղի Սիսիան ցանցի պետ Ջիվան Մարգարյանը, անկուսակցականներ՝ նույն հիմնարկի գլխավոր ճարտարագետ Դավիթ Դավթյանը, «Անաստասիա Ինշուրանս»-ի հիմնադիր Անի Հարությունյանը, էլցանցի ավագ օպերատոր Գեւորգ Դավթյանը, ՀՀԿ գրասենյակի Սիսիանի պատասխանատու Մարինե Գրիգորյանը։ Վերջիններս ՀՀԿ-ի անդամներ են։

Ավագ Ասատրյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության 3 մանդատները բաժին ընկան բանկերից մեկի Սիսիանի մասնաճյուղի կառավարիչ Ավագ Ասատրյանը, ոչ մի տեղ չաշխատող Հայկ Հակոբյանն ու Աննա Ավետիսյանը։ Երեքն էլ անկուսակցականներ են։

Սիսիանի ավագանու տարիքով ավագ անդամը 68-ամյա բժիշկ Սուրեն Վարդանյանն է, որը ըստ գործողի կարգի, մինչեւ համայնքի ղեկավարի ընտրվելը, կվարի ավագանու առաջին նիստը։ Նա ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Տարիքով ամենափոքր անդամը «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Ավագ Ասատրյանն է, որը 31 տարեկան է։

Քանի որ ավագանու 21 մանդատից 13-ը կառավարող ուժին է պատկանում, ապա Սիսիանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը օրենքի ուժով կհամարվի ընտրված Սիսիան համայնքի ղեկավար։

Նշենք, նաեւ որ «Քաղաքացու որոշումը» դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ անվավեր ճանաչելու թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը՝ Սիսիանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին, սակայն վարչական դատարանն ապրիլի 11-ի որոշմամբ մերժեց «Քաղաքացու որոշում» կուսակցության հայցը ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930