Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրագույն կրթությունն այսօր գործոն չէ». Կրթության փորձագետ

Ապրիլ 14,2023 16:36

«Բարձրագույն կրթության խնդիրները միշտ քննարկվում են աշխատաշուկայի հետ կապի տիրույթում: Տարիներ շարունակ տարբեր հետազոտություններ ընդգծում են, որ կա անջրպետ աշխատաշուկայի եւ կրթության, մասնավորապես՝ բարձրագույն կրթության միջեւ: Դա նկատելիորեն դրսեւորել է հատկապես վերջին տարիներին եւ ոչ միայն կարծիքների մակարդակում:

Անցյալ տարի բավական մեծ թվով կրճատվել էր դիմորդների թիվը, անգամ կային մասնագիտություններ, որտեղ ընդհանրապես դիմորդ չեղավ, ինչը մտահոգիչ է ոչ միայն առումով, որ այդ կրթական ծրագրերը մնում են թափուր, այլ նաեւ այն մասով, որ դրանք ռազմավարական նշանակության ոլորտներ էին»,-«Հոդված 3» ակումբում կայացած «Բարձրագույն կրթության հիմնահարցերը. արդյոք նոր ռազմավարությունն եւ ակադեմիական քաղաքը լուծելու են խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց կրթության փորձագետ, հետազոտող Մարինա Գալստյանը:

Փորձագետի խոսքով. «Դիմորդների եւ երիտասարդների մոտ այդ վարքային փոփոխությունը պայմանավորված է նաեւ բարձագույն կրթության բովանդակային խնդիրներով: Ինչքանո՞վ է բարձրագույն կրթությունն այսօր գործոն՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար: Իհարկե, զբաղվածություն ունեցողների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը բավականին մեծ է, բայց նաեւ գործազուրկների մեջ է բարձրագույն կրթություն ունեցողների տեսակարար թիվը մեծ: Դա նշանակում է, որ բարձրագույն կրթությունն իսկապես գործոն չէ: Սա համար մեկ խնդիրն է, որը ցուցիչ է, որ կան խնդիրներ եւ անհրաժեշտ է ինչ-ինչ փոփոխություններ անել»:

Մարինա Գալստյանը նշում է . «Պետական ջանքերի վերաբերյալ համապարփակ վերլուծություն չունեմ ձեռքիս տակ, հետեւաբար չեմ ցանկանա կարծիք հայտնել, բայց տպավորություն այն է, որ որոշակի հատվածական լուծումների է գնում պետությունը, որովհետեւ պարզ է, որ համակարգային փոփոխությունը պետք է ցավոտ լինի, վերադասավորումներ արվեն բուհերի ներսում, ինչը ծավալուն պրոցես է: Նաեւ տպավորություն է, որ այդ ճանապարհով չենք գնում, փոխարենը գնում ենք որոշակի հատվածական խնդիրների լուծմանը: Այս համատեքստում կարեւորում եմ երիտասարդության եւ ուսանողության դերը:

Իհարկե, որակի ապահովման չափորոշիչներում կան ուսանողների մասնակցության վերաբերյալ չափանիշներ, բայց ուսանողների եւ շրջանավարտների դերակատարությունը պետք է էլ ավելի ընդգծել, եւ այն գիտելիքը, որ նրանք հետագայում տանում են աշխատաշուկա, կարող է շատ լավ արձագանքման եւ հետադարձ կապի մեխանիզմ լինել: Իհարկե, որոշ բուհեր փորձում են դա անել, բայց դա ամենավճռորոշ գործոնը չի դառնում մասնագիտական կրթական ծրագրերի փոփոխման, որովհետեւ բարձագույն կրթությունն այսօր խնդիր ունի՝ վերանայելու այն մասնագիտությունների անունները, բովանդակությունը, որ մատուցում է երիտասարդին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930