Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլու․ «Թուրքական ընդդիմությունը զղջում է, որ մենք օգնել ենք Ադրբեջանին». «Ազատություն» ռ/կ

Ապրիլ 20,2023 18:44

«Ազատություն» ռ/կ.   Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից մոտ երեք շաբաթ առաջ Ադրբեջանն ու ղարաբաղյան հակամարտությունը դառնում են նախընտրական բանավեճերի օրակարգային թեմաներից մեկը։

Քարոզչական այդ հնարքի հեղինակը դարձավ Թուրքիայի արտգործնախարար և պատգամավորության թեկնածու Մևլյութ Չավուշօղլուն։ Երեկ երեկոյան իր հայրենի Անթալիայում նախընտրական շտաբի բացման ժամանակ թուրքական դիվանագիտության ղեկավարը թափանցիկորեն ակնարկեց, թե ընդդիմության հաղթանակը կարող է հանգեցնել Անկարայի կողմից Բաքվին ցուցաբերվող աջակցության նվազեցմանը։

«Մենք աջակցեցինք Ադրբեջանին, երբ նա որոշեց հետ բերել իր հողերը։ Երկրաշարժի ժամանակ ադրբեջանցի փրկարարները Թուրքիա ժամանեցին առաջինն ու հեռացան վերջինը։ Այս ամենը, սակայն, թուրքական ընդդիմությանն այնքան էլ դուր չի գալիս։ Կարող եմ, սակայն, ձեզ վստահեցնել, որ մենք իշխանությանը մոտ չենք թողնի այն ուժերին, որոնք զղջում են Ադրբեջանին ցուցաբերված օգնության համար», – հայտարարել է Չավուշօղլուն։

Բայց եթե ադրբեջանական թեման Թուրքիայի նախընտրական օրակարգ նոր է մուտք գործում, ապա Ադրբեջանում հակառակ իրավիճակն է։ Քարոզարշավի ամենասկզբից այստեղ մեծ ուշադրությամբ են հետևում Թուրքիայում ծավալվող զարգացումներին, և արդեն իսկ նկատելի է, թե ում կողմն է ադրբեջանական պետական ու իշխանամետ լրատվամիջոցների համակրանքը։

«Մայիսյան ընտրությունների շեմին Ադրբեջանի իշխանամետ մամուլը փառաբանում է Թուրքիայի նախագահին, թեև այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ են նրանք ակնկալում ստանալ դրա դիմաց», – գրում է Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանի Հարիմանի անվան հետազոտական ինստիտուտի կողմից հիմնադրված Eurasianet կայքը։

«Այսօրվա դրությամբ Թուրքիան Ադրբեջանի կարևորագույն ռազմավարական գործընկերն է։ Այդ իսկ պատճառով զարմանալի է, որ Բաքուն նման ակնհայտ կերպով բացահայտում է իր նախապատվությունները՝ ըստ էության, վտանգելով հարաբերությունները այն իշխանության հետ, որը կարող է փոխարինելու գալ Էրդողանի կառավարությանը», – գրում է կայքը։

«Մյուս կողմից՝ նման պահվածքը կարող է և բնական թվալ, եթե հաշվի առնենք այն մտերմությունը, որ առկա է ավելի քան 20 տարի Թուրքիայում իշխանության ղեկին գտնվող Էրդողանի և 2003 թվականից որպես նախագահ պաշտոնավարող Իլհամ Ալիևի միջև, որն, ի դեպ, մի դինաստիայի ներկայացուցիչ է, որն այդ երկիրը կառավարում է վերջին 54 տարիներից 43-ի ընթացքում», – գրում է Eurasianet կայքը։

Լրատվամիջոցը նաև ադրբեջանական պետական քարոզչության կողմից Թուրքիայի նախագահին ցուցաբերվող աջակցության կոնկրետ օրինակներ է բերում։ Դրանցից է իշխանամետ Report.az կայքում օրերս հրապարակված հոդվածը, որի վերնագիրն է՝ «Թուրքական հանրապետությունն իր հարյուրամյակը նշում է ճիշտ մարդու գլխավորությամբ»։

Բուն Թուրքիայում Էրդողանին ակտիվորեն աջակցում է նաև ադրբեջանցի գործարարներ Էլնուր Աբդուլաևի և Մամեդ Գյուլմամեդովի սեփականություն հանդիսացող Haber Global լրատվական ալիքը։ Eurasianet-ի փոխանցմամբ՝ ալիքի եթերում այս շաբաթ հեռարձակված քննարկման մասնակիցների մեկը նույնիսկ պնդել էր, թե Էրդողանի հանդեպ Քըլըչդարօղլուի հաղթանակն «անհրաժեշտ է ամերիկյան խորքային պետությանը, որը ցանկանում է փոխել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930