Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարելության մոտ մարզավիճակ ունեցող թիմը ամեն կերպ խանգարելու է Արսենալի չեմպիոնական մտադրություններին

Ապրիլ 26,2023 17:16

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անակնկալների պակաս չեղավ։ Գլխավոր հայտնությունը Արսենալն էր. զինագործներն այս խաղաշրջանում չեմպիոնին վայել էին հանդես գալիս և այժմ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքը։ Ինչքան մոտենում էր մրցաշրջանի մայրամուտը, այնքան իրատեսական էր դառնում լոնդոնյան գրանդի չեմպիոնությունը։ Սակայն վերջին խաղափուլերի արդյունքով՝ Արսենալը զգալիորեն թուլացրեց իր դիրքերը, ինչից մեծ հաճույքով կօգտվի գործող չեմպիոն Մանչեսթեր Սիթին։

Այսօր կարող է գործնականում վճռվել չեմպիոնության հարցը։ Էտիհադում Գվարդիոլայի Սիթին կընդունի Արսենալին։ Անկասկած, երկու թիմերի համար էլ սա Պրեմիեր լիգայի կարևորագույն 90 րոպեները կլինեն։ Այս պահին մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի. Արսենալը առաջին հորիզոնականում է և հետապնդող Սիթիի նկատմամբ ունի 5 միավորի առավելություն։ Սա նշանակում է, որ երկու թիմերի համար էլ չեմպիոնությունը նրանց ձեռքերում է։ Սակայն, եթե ոչ֊ոքին ամբողջովին կբավարարի Սիթիին, ապա Արտետայի սաներին հաղթանակը օդ ու ջրի պես անհրաժեշտ է։

Արսենալի չեմպիոնական հավակնությունները իրոք ռոմանտիկայի ժանրից են։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր դասավորվում մինչ վերջին շաբաթները։ Արսենալը վստահորեն վերցնում էր 3 միավորները մրցակիցներից և ուներ զգալի առավելություն Սիթիի նկատմամբ։ Սակայն ինչ֊որ բան այնպես չընթացավ։ Արսենալը վերջին երեք խաղերում ոչ֊ոքի արդյունք է գրանցել և կորցրել վեց միավոր։ Չեմպիոնության հավակնող ակումբի համար սա մեղմ ասած անհաջողություն է։ Այն էլ, եթե հաշվի առնենք, թե ինչ կարգի մրցակից է շնչում թիկունքում։ Գվարդիոլան սայթաքումներ չի ներում և հիմնականում օգտվում է մրցակիցների նվերներից։ Չնայած վերջին սայթաքումներին՝ Արսենալը իր գեղեցիկ խաղով վաստակել է առնվազն ներկա լինել չեմպիոնական պայքարում։ Եթե անգամ Արտետային չհաջողվի նվաճել Պրեմիեր լիգայի տիտղոսը, ապա ամեն դեպքում կարելի է լուրջ հույսեր կապել այս թիմի հետ՝ հաջորդ մրցաշրջանում։ Արսենալը երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներով լի թիմ է և կարող է սահմանել ամենաբարձր նշաձողը և հասնել դրան։

Ինչպես վերջին մրցաշրջաններում, այնպես էլ հիմա Մանչեսթեր Սիթին կատարյալին մոտ ֆուտբոլ է ցուցադրում։ Հնարավոր չորս մրցաշրջաններից երեքում շարունակում է պայքարը և կա իրատեսական կանխատեսում, որ քաղաքայինները ոսկե թրեբլով կավարտի մրցաշրջանը։ Մանչեսթերյան գրանդի գլխավոր նպատակն անկասկած Չեմպիոնների լիգան է, սակայն Պրեմիեր լիգան հաղթելը չի կարող երկրորդ պլան մղվել։ Սիթին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում առանց լուրջ դիմադրության հաղթահարեց գերմանական ֆուտբոլի դրոշակակիր Բավարիայի արգելքը և կիսաեզրափակչում պայքարելու է Չեմպիոնների լիգայի ամենահաջողակ թիմի՝ Մադրիդի Ռեալի դեմ։ Գվարդիոլան ավելի շատ մտածելու բան ունի, քան Արտետան, սակայն Սիթիի կազմի խորությունը թույլ է տալիս Գվարդիոլային անկաշկանդ պայքարել բոլոր ճակատներում։ Սիթին Պրեմիեր լիգայում վերջին անգամ միավորներ է կորցրել փետրվարին։ Կատարելության մոտ մարզավիճակ ունեցող թիմը ամեն կերպ խանգարելու է Արսենալի չեմպիոնական մտադրություններին։

Թիմերի միջև կայացած վերջին տասը հանդիպումներից միայն մեկում է հաջողվել Արսենալին հաղթանակի հասնել, մնացած ինը խաղերում Սիթին է հաղթանակ գրանցել։ Շուրջ վեց տարի թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումներում չի գրանցվել խաղաղ արդյունք։ Հաշվի առնելով, որ չեմպիոնության հարցն է դրված զոհասեղանին՝ կարելի է ենթադրել, որ այսօրվա խաղը նույնպես ոչ ոքիով չի ավարտվի։

Սիթիի կազմից վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի Նաթան Ակեն, իսկ զինագործներից՝ Մուհամեդ Էլնենին, Վիլյամ Սալիբան և Տակեհիրո Տոմիյասուն։ Կասկածի տակ է նաև Գրանիտ Ջակայի մասնակցությունը։ Ոսկե խաղը կմեկնարկի այսօր՝ 23։00֊ին Մանչեսթերի Էտիհադ մարզադաշտում։

Լեւոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930