Լրահոս
Օրվա լրահոսը

45 տարվա ընդմիջումից հետո Երեւանում մանկական օպերա բեմադրվեց՝ Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերան»

Հունիս 03,2023 12:00

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնական տրամադրություն էր ոչ միայն մանուկների, նրանց ծնողների, տատիկ-պապիկների, այլեւ թատրոնի ողջ կոլեկտիվի համար։ Պատճառը մեկն էր ու հասկանալի. Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը» մանկական օպերայի բեմադրությունից 45 տարի անց կամ՝ հետխորհրդային շրջանում առաջին անգամ, մանկական օպերա էր ներկայացվում՝ Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերան», որի երաժշտական ղեկավարն է մաեստրո Կարեն Դուրգարյանը, բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը, նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը, ոճաբան-դիզայները՝ Արայիկ Գաբաջյանը, գործիքավորումը՝ Մելիք Մավիսակալյանի, մասնակցությամբ նվագախմբի, երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Հրաչյա Բորյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան) եւ, իհարկե, առաջատար մեներգիչների։

Ներկայացումը սկսվեց հեղինակի կամ հեքիաթասացի խոսքով,. ինչը այս դեպքում պարտադիր էր. չէ՞ որ մանուկների համար դժվարընկալելի կլիներ լիբրետոն՝ երգի, ավելի ճիշտ՝ դասական վոկալի միջոցով հրամցվող տեքստերով։


Քրիստ Մանարյան-հեքիաթասացի բանաստեղծորեն շարադրված տեքստը ոչ միայն փոքրիկ հանդիսատեսին նախապատրաստում էր օպերան դիտելու, ծանոթացնելով նրանց պստլիկ Մուկոյին, նրա մայրիկին, խորամանկ Կատվին, քաջ Ձմերուկին, այլեւ ճանաչողական, ինչու ոչ՝ ուսուցողական գիտելիքներ հաղորդում օպերայի եւ օպերային արվեստի մասին։

Ներկայացումը, բացի հետաքրքրաշարժ սյուժեից, իսկապես ակնահաճո էր՝ շնորհիվ գունագեղ ու շքեղ հագուստների։ Երաժշտությունը հագեցած էր մանուկների համար դյուրամարս  ու հիշվող մեղեդիներով։


Ներկայացման ընթացքում մասնակիցները անընդհատ շարժման մեջ էին՝ իրենց կերտած կերպարներին համապատասխան։ Ի դեպ, այդ շարժումները՝ տեղ-տեղ պարային, արդյունք էին բալետմայստեր Արա Ասատուրյանի աշխատանքի։ Հետաքրքիր լուծում էր տրված հեքիաթին բնորոշ դեկորների օգտագործմանը. դրանք ընթացքում փոփոխվում էին, նաեւ սյուժեին համապատասխան հերոսների օգնությամբ բեմ էին բերվում շարժական դեկորներ։ Ի դեպ, դեկորների պատրաստմանը մասնակցել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաները։

Էլ ավելի տպավորիչ ու պատկերավոր ներկայացնելու համար փոխանցում ենք «ՄուկՕպերայի» հեքիաթասացի տեքստը, իսկ մինչ այդ, մի բան էլ՝ տոն օրերին բնորոշ ու անպակաս երկու նախապայմանի մասին, որոնք հոգացել էր թատրոնի տնօրինությունը. բոլոր մանուկները ներկայացման ավարտին հրավիրվեցին հյուրասիրության և ստացան նվերներ:

Սիրուն պստիկներ, համեստ ծնողներ,

Ձեզ ողջունում ենք օպերայում մեր,

Ինչո՞ւ եք եկել՝ իհարկե գիտեք,

«ՄուկՕպերան» դուք այսօր կդիտեք։

Մեր օպերայի շքնաղ այս բեմում,

Ուր մեծ երգիչներ երգում են, ճեմում,

Պարում են բալետ հայտնի արտիստներ

Եվ գեղգեղում են ընտիր սոլիստներ։

«Աիդա», «Տոսկա», «Սպարտակ» ու «Անուշ»

Եվ «Մարդուկ-Ջարդուկ», եւ «Ժիզել» քնքուշ,

Եվ «Չիպոլինոն» հերոս արդար է,

«ՄուկՕպերային» ասում են՝ բարեւ։

Ասում են՝ արի ու մեզ միացիր,

«ՄուկՕպերա», դե ելույթ ունեցիր,

Եվ թող բոլորը՝ պստիկ ու մեծիկ,

Դիտեն այս տոնը լեզվով երգեցիկ։

Հին խոհանոցի գիշերվա մթնում,

Ուր, երբ որ մարդիկ խոր քուն են մտնում,

Կատարվում են շատ արտակարգ դեպքեր

Ու հայտնվում են մեզ ծանոթ դեմքեր։

Դուք գիտե՞ք ով է Մուկոն պստլիկ,

Որն ունի սիրող, նվիրված մայրիկ,

Եվ ո՞վ է Կատուն խորամանկ, ճկուն,

Եվ ի՞նչ է ուզում Մկնելլեից Բուն։

Եվ ո՞ւր են լաստով գորտերը շտապում,

Եվ ի՞նչ հույսեր է նրանց հետ կապում

Քաջ Ձմերուկը՝ գնդակի պես գեր,

Որը Մուկոյին խնդրում է՝ ինձ կեր։

Եվ այս ամենը միմիայն երգով,

Օպերայի հին ու սուրբ օրենքով,

Անտիկ աշխարհից մեր օրեր հասած՝

Այստեղ բոլորն են երգում անկասկած։

Մենք երաժիշտներ ունենք այս փոսում,

Որոնց միասին օրկեստր են ասում,

Մեծ նվագախումբ՝ հայերեն բառով,

Արհեստավարժներ եւ՝ մեծատառով։

Ղեկավարում է օրկեստրը սույն

Դիրիժորը, որ խմբավարն է նույն,

Փայտիկով փոքրիկ իր կախարդական

Մեղեդիներ է ստանում դյութական։

Շքեղ հագուստներ, գեղեցիկ դեկոր,

Բեմը երիզող լույսեր գունավոր

Եվ երգիչների ձայներ աննման՝

Ահա թե ինչ է հրաշք-օպերան։

Շնորհակալություն մեր ռեժիսորին,

Եվ նկարչին մեր, եւ ոճաբանին,

Եվ թե իհարկե՝ հմուտ ու բարի

Երաժշտական մեր ղեկավարին։

Գործիքավորողին ու պարուսույցին,

Որոնք այս տոնը մեզ նվիրեցին,

«ՄուկՕպերան» ձոն է սիրող մայրերին

Եվ անդավաճան, լավ ընկերներին։

Սա էր ելույթս՝ ավելին չասեմ,

Չձանձրացնեմ ձեզ, հերիք է խոսեմ,

Էստեղ երգում են եւ ոչ թե խոսում,

Իմ գործընկերներ, հեքիաթն ենք սկսում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տեսարաններ «ՄուկՕպերա»-ից»։

«Առավոտ» օրաթերթ
02.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930