Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել՝ առանց արցախահայության ու համայն հայության. Ռուբեն Վարդանյան

Հունիս 06,2023 13:13 Share

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի հարցը համայն հայության հարցն է: Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել՝ առանց արցախահայության ու համայն հայության: Այդ մասին միայն ես չեմ ասում: Այդ մասին են վկայում Հայաստանի, Արցախի և Հայկական աշխարհի տարբեր կազմակերպությունների ու անհատների, մեր եկեղեցու, և՛ Գերագույն Հոգևոր Խորհրդի, և՛ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից արվող հայտարարությունները, որոնք դատապարտում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները և նրանց պարտվողական քաղաքականությունը:

Այս ընթացքում մեկնարկել են նաև մի շարք նախաձեռնություններ, որոնց շարքում են, օրինակ, «Հայաքվե» շարժումը՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ Հայաստանի անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողները պատասխանատվության ենթարկվեն: Վերջերս տեղեկացա #բաբոնտերա կանանց նախաձեռնության մասին, որի անդամներն իրենց պատասխանատու են զգում ու պատրաստ են ամեն ինչ անել հանուն Արցախի: Այդ նպատակով է ստեղծվել նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը:

Բոլոր նրանց, ովքեր չեն ուզում տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, ովքեր ուզում են, որ Արցախը մնա հայկական, ազատ, անվտանգ ու երջանիկ, կոչ եմ անում միանալ այս նախաձեռնություններին: Արցախում վստահաբար ժողովրդի ճնշող մեծամասնությունը ձեր աջակցությանն է սպասում:

Մենք համոզված ենք, որ այս իրավիճակում ոչ մի հայ, անկախ նրանից՝ աշխարհի որ ծայրում է ապրում, իրավունք չունի անտարբեր մնալ: Անտարբերությունը նշանակում է լուռ համաձայնություն տալ նրան, ինչ անում են Հայաստանի իշխանությունները: Կա՛մ մենք ոտքի ենք կանգնում բոլորս ու միասին թույլ չենք տալիս հայկական Արցախի կորուստը, կա՛մ հարմարվում ենք ու դառնում այն սերունդը, որն ամոթալի ժառանգություն է թողնելու հայության հետագա սերունդներին:

Ամեն ինչ դեռ կորսված չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միասին պետք է փորձենք անել հնարավորն ու անհնարինը՝ կասեցնելու համար այս ամոթալի ընթացքը:

Ու մենք գնալու ենք մինչև վերջ՝ դա թույլ չտալու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930