Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն` Աննա Հակոբյանի հոդվածի ու իր եւ ամուսնու դեմ քարոզարշավի մասին

Հունիս 11,2023 20:25

«Այսօր, հայ ժողովիդի առջեւ ծառացած ամենակարեւոր հարցը արցախյան հիմնախնդիրն է եւ մեր քույրերի ու եղբայրների ճակատագիրն Արցախում: Այն անձինք, որոնք փորձում էին ուշադրություն շեղել այդ հանգամանքից, համարում էին, համարում են, որ Արցախը բեռ է եւ պետք է անմիջապես ազատվել, որպեսզի հանգիստ ապրենք, ցավոք, ապացուցվեց, որ այդպես չէ: Խաղաղության այն ջատագովները, ովքեր համարում էին, որ Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք է, իսկ նրա ազատագրողները՝ հացագործներ, եկեք հանձնենք ու հանգիստ կապրենք, ռազմական հանցագործներ են»,- այսօր Գյումրիում, «Կանայք հանուն համազգային միասնության» հանդիպում- հավաքի ժամանակ կարծիք հայտնեց նախաձեռնության համակարգող, պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

Ռուզաննա Խաչատրյանն անդրադարձավ նախապատերազմյան շրջանին եւ «մերժման» շարժմանը՝ կարծիք հայտնելով, որ մարդիկ ամեն օր, ամեն ժամ պետք է ջանան իրենց կյանքում ինչ-որ բան փոխել եւ, մարդիկ, արդարացիորեն ցանկանում էին փոխել այդ ինչ-որ բանը՝ հանուն ավելի լավի, ոչ թե որ «նախորդները հանցագործներ էին կամ շատ վատը»:  Նա հորդորեց՝ չանձնավորել այդ գործընթացը, այլ իրադարձությունները դիտարկել «ինչ-որ բան դեպի ավելի լավը» փոխելու համատեքստում: Իսկ 2018 թվականի մարտի 1-ի «սրիկայական գործընթացը Արցախի հանձնման նախնական հայցի ապահովումն էր. այսինքն, գեներալներին ձերբակալում էին, իբրեւ հանցագործներ, որոնք, իբրեւ թե կրակել են իրենց ժողովրդի վրա»:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո արդեն «մարտի 1»-ի գործը ոչ ոքի չէր հետաքրքրում եւ նաեւ  այս իմաստով, նա համարում է, որ հայաստանյան հեղափոխական գործընթացները ծրագրավորված, պլանավորված էին: Նա «էժանագին եւ կեղտոտ» որակեց գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կատարվածը, ամուսնու՝ Սեյրան Օհանյանի դեմ հարուցված քրեական գործն էլ համարում է «բեմականացում»:

Նա հիշեց դեռ 2017 թվականին, այն ժամանակ «Հայկական ժամանակի» լրագրող Աննա հակոբյանի գրած մի հոդվածն այն մասին, որ Սեյրան Օհանյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո, իրավունք չունի քաղաքական գործընթացներին մասնակցել, քանի որ «2008-ի մարտի 1-ին կրակել է ժողովրդի վրա», ապա, իր դիտարկումներում եզրահանգեց նրան, որ դեռ 2015 թվականից իր ամուսինը, ինքը եւ իր ընտանիքը «լրագրողական հարձակման տակ» էին ու այդ ամենը Արցախի հանձնման նախապատրաստմանն էր ուղղված:

Նա մանրամասն հիշեց ամուսնու անցած ճանապարհը՝ ԽՍՀՄ- փլուզմանը եւ անկախ Արցախի ու Հայաստանի կայացմանը զուգահեռ, անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, որ ՀՀ ՊՆ զինզնոցում հին զենքեր էին ու շատերը նաեւ այդ պատճառով են մահացել:

Ռուզաննա Խաչատրյանն ասաց, որ հակամարտող երկրներին ոչ ոք զենք չի վաճառում եւ եթե հնարավոր լիներ պայմանավորվածություններ ձեռք բերել նոր զինատեսակների գնման մասին, ոչ Վրաստանը, ոչ Թուրքիան իրենց տարածքով թույլ չէին տա դա անցկացնել. «Կգա ժամանակը, մեր հարգելի ռազմաքաղաքական գործիչները կասեն՝ ի՞նչ քանակությամբ զենքեր են բերել, ի՞նչ զենքեր են բերել»:  Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ 2018 թվականից հետո ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները որեւէ զորավարժության չեն մասնակցել:

«Մեր տանկերը չէին կարող լինել 1963 թվականի, ԽՍՀՄ ամենահին տանկերը Տ-72, Տ-74  են ու եթե Տ-74 էին մեր տանկերը, դրանք առնվազն 1975 թվականի են եւ մեր տեղանքի համար այդ մեծ՝ Յագուար տանկերը, հարց է՝ կաշխատե՞ն, թե՝ ոչ»,- ասաց Ռուզաննա Խաչատրյանը՝ հայտարարելով, որ 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտվել է ոչ թե նրա համար, որ մեր զենքերը վատն էին, այլ որովհետեւ պատերազմը չի կառավարվել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ռուզաննա Խաչատրյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930