Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկեսի շինարարության ավարտի նոր ժամկետ են նշում. «Հրապարակ»

Հունիս 20,2023 10:55

Երեւանի կրկեսը փակվեց մոտ 12 տարի առաջ։ Ի լուր ամենքի հայտարարվեց, որ «Տաշիր» ընկերությունը որոշել է իր հաշվին նոր կրկես կառուցել` հին կրկեսի տեղում, որը կլինի ժամանակակից եւ աշխարհի լավագույն կրկեսներին չի զիջի: Շենքում շինարարական աշխատանքները սկսվել են 2011 թվականին՝ քաղաքապետարանի ու «Տաշիր» ընկերությունների խմբի միջեւ կնքված համաձայնագրով։ Սկզբում որոշված էր ընդամենը վերանորոգել շենքը։ «Երեւանյան կրկես» ՍՊԸ-ն, որը կառուցում է կրկեսը, ստանձնել էր 650 մլն դրամի ներդրումային պարտավորություն, որի շրջանակներում ընդամենը հիմնանորոգում պետք է իրականացվեր, սակայն ընթացքում որոշվեց նոր շենք կառուցել, իսկ հինը քանդել։ Ներդրումային գումարը հասավ մի քանի մլրդ դրամի։ Պարբերաբար նախագծեր էին փոխվում եւ շինարարության ավարտի նոր ժամկետներ էին հաստատվում։ Ի սկզբանե նախանշված էր, որ կրկեսը շահագործման կհանձնվի 2015 թվականին։ Բայց նախագիծը փոխվեց, ու ամեն տարի բացումն ավելի էր երկարաձգվում։ Պարբերաբար պարզվում էր, որ նախագծերը թերի են, նորերն էին հաստատվում։ Իսկ թե ինչպես էին նախագծերը հաստատվում, եթե խնդրահարույց էին, չէր բացատրվում։

Այժմ նորից ասում են, որ Երեւանի կրկեսի նոր շենքի շինարարությունը մոտենում է ավարտին։ Հասել են աթոռների տեղադրման փուլին։ «Արդեն աթոռներն են դնում, մինչեւ տարվա վերջ շենքը կհանձնվի շահագործման»,- հայտնում է Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանը։ Նոր շենքի դահլիճում շուրջ 2 հազար 300 նստատեղ է լինելու, այն ավելի բարձր է լինելու, քան հին կրկեսը, եւ այլ նորամուծություններ։

Իսկ ի՞նչն էր շինարարությունն այսքան ուշացնելու եւ 12 տարի երեւանցիներին կրկեսից զրկելու պատճառը, պատասխանատուներն ընդամենը հայտնում են, որ բարդ շինարարություն է, եւ այդ պատճառով հեշտ չէ այն ավարտելը։ «Տաշիր գրուպը» մի անգամ նույնիսկ տուգանվել է` ներդրումների թերակատարման համար, 80 մլն դրամով։ Բայց կառավարությունն ամեն տարի նոր որոշումներ է ընդունել` նոր ժամկետներ է հաստատել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930