Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ իմ որդին վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ»․ Սեյրան Օհանյան

Հուլիս 04,2023 10:57

«Առավոտի» հարցերին պատասխանում է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախյան պատերազմի և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, Արցախի հերոս, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

-Պարոն Օհանյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Լելե Թեփեի ձախողված օպերացիայի մասին։ Նա այդ օպերացիայի պատասխանատվությունը բարդում է գեներալների, մասնավորապես, ձեր որդու վրա՝ առանց նրա անունը տալու։ Ըստ Փաշինյանի՝ ձեր որդին հրաժարվել է մասնակցել օպերացիային, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Ես օպերացիաները չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ օպերացիաները գաղտնի են պլանավորվում։ Որքան ես հիշում եմ, 2020 թվականի պատերազմի օրերին ինքը՝ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ խոշոր օպերացիա է իրականացվելու, որի հաջողությունները հասարակությունը կտեսնի։ Այսինքն՝ ինքը, լինելով շատ հեռու ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելուց եւ նաեւ հաշվի չառնելով գաղտնիության ռեժիմը, այդպիսի հայտարարություն էր արել։ Հիմա ինքը նաեւ շարունակում է հրապարակային քննարկել այն օպերացիաները, որոնք տեղի են ունեցել զինված ուժերում եւ Արցախի Պաշտպանության բանակում, ընդ որու՝մ չտարբերելով հակահարձակումը հակահարվածից։ Ես ինչքան գիտեմ, դա Արցախի Պաշտպանության բանակի համար հակահարված է եղել, ոչ թե հակահարձակում։ Ես այսօր իրավասու չեմ օպերացիաներին ամբողջական գնահատական տալ ու վերլուծություն անել։

Եթե խոսքը վերաբերում է իմ որդուն, կարող եմ ասել հետեւյալը։ Իմ որդին ծառայում էր Պաշտպանության բանակում եւ այդ օպերացիաներից մեկի, կարծեմ հենց Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ ինքը վիրավորվել է։ Կարծում եմ, որ այն ժամանակ է վիրավորվել, երբ իրենց ստորաբաժանումները հարձակման ու առաջխաղացման ընթացքում են եղել։ Վիրավորվելուց հետո ինքը զեկուցել է իր ղեկավարությանը, եւ ղեկավարությունը որոշում է ընդունել իր փոխարեն այլ անձի նշանակել, իսկ ինքը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Եթե փորձում են դրա մեջ ինչ-որ բան գտնել, ասել, որ հրաժարվել է մասնակցել օպերացիային, ինչպես մյուս հարցերում են մանիպուլացնում ու սուտ խոսում, այս հարցում էլ ինքը սուտ է խոսում։ Եվ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում։ Ես իմ որդու հետ զրուցել եմ, ինքը վիրավորվել է մարտական գործողությունների ժամանակ, այն դեպքում, երբ ինքը կարող էր գտնվել իր հրամանատարական կետում։ Բայց ինքը դուրս է եկել առաջնագիծ՝ մարտակարգերում համապատասխան իրավիճակ ստեղծելու համար։

-Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ պատերազմի օրերին շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս։ Արդյոք դա այդպե՞ս է։

-Իր գնահատականը ճիշտ չէ, որովհետեւ հրամանատարն ինքն է որոշում ընդունում, թե որ հատվածներում է վտանգավոր իրավիճակ։ Հրամանատարն ինքն է գնահատում իրավիճակը, որոշում ընդունում եւ որոշում տեղաշարժի հնարավոր տարբերակներն ու հնարավոր մեթոդները։ Այնտեղ, որտեղ տեղի է ունենում ռմբակոծություն, ակնհայտ է, որ հրամանատարը մի քանի որոշումներ պետք է ընդունի՝ մեքենայով շարժվել, թե՞ մեքենայով չտեղաշարժվել, որքա՞ն պետք է լինի մեքենաների հեռավորությունը, ինչպիսի՞ն պետք է լինի մարտական ապահովվածությունը, նաեւ հակաօդային պաշտպանության խնդիրները։

2020 թվականի պատերազմի հիմնական խնդիրները ռազմաքաղաքական իրավիճակի, նաեւ մարտավարական օղակներում մարտավարական իրադրության ոչ ճիշտ գնահատման հետեւանք են եղել։ Եվ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ունակություն չունի գնահատելու ռազմաքաղաքական իրավիճակը, գնահատելու հակառակորդի հնարավոր գործողությունների բնույթը, նաեւ գնահատելու մեր զորքերը, թե ինչպիսին պետք է լինեն մեր զորքերի գործողությունները։

Ես կարող եմ ասել միայն հետեւյալը, որ այնտեղ, որտեղ եղել է իրավիճակի հստակ գնահատական, կարգապահություն, պատշաճ խրամատավորում, շարժման ժամանակ պատշաճ կարգապահություն, այնտեղ մենք քիչ կորուստներ ենք ունեցել։ Եվ հիմնական կորուստների պատճառը մարտակարգերում կարգապահության ապահովման բացակայությունն է եղել։

Դա նաեւ իրենից էլ է կախված։ Նիկոլ Փաշինյանն այսօր, ներկա գտնվելով այդ քննիչ հանձնաժողովում, փորձում է հիմնական սլաքներն ուղղել բանակի վրա։ Հասկանալի է, որ բանակը կռվում է, բայց պետությունն է կռվում, եւ պետությունը պարտավոր է բանակին թիկունք կանգնել եւ բանակի համար ապահովել համակողմանի ապահովման բոլոր հարցերը։ Հատկապես մոբիլիզացիան, բանակի շարունակական համալրումը մարդկային ռեսուրսներով եւ սանիտարական կորուստներին վերականգնումը։ Կարելի է ասել, որ իրենք մոբիլիզացիոն խնդիրները չեն կատարել, եւ դա ոչ միայն բանակի խնդիրն է, դա հիմնականում պետության խնդիրն է։

Արցախում ես տեսել եմ պաշտոնատար շատ անձանց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ Իրենց այնտեղ գտնվելը ոչ մի արդյունք չի տվել։ Սովորաբար, երբ ղեկավարները մեկնում են ռազմական գործողությունների թատերաբեմ, իրենք գնում ու իրենց ռեզերվներով աջակցություն են ցուցաբերում մարտական գործողությունների թատերաբեմում կռվող բոլոր կառույցներին։ Ես նկատի ունեմ զորամիավորումներ, միավորումներ եւ զորամասեր։ Իրենց գտնվելը մարտական գործողությունների թատերաբեմում՝ եւ Արցախում, եւ Հայաստանի Հանրապետության սահմաններում, ոչ մի արդյունք չի տվել։ Իրենք չեն կարողացել ինչ-որ բան փոխել, բեկում մտցնել։ Եվ այնտեղ, որտեղ զորամասերը կռվել են, ունեցել են հաջողություններ, հակառակորդը ոչ մի մխրճում չի ունեցել։ Եթե հակառակորդը պատրաստում է հարված եւ գլխավոր հարված մխրճման գոտում, պետության խնդիրն է վերախմբավորումներ կատարել, համապատասխան զինվորական կառույցներ տանել եւ փակել մխրճման գոտին։

Նիկոլ Փաշինյանը սլաքները փորձում է ուղղել միայն բանակի եւ մարտավարական օղակի վրա, այնինչ, ոչ գործադիրը, ոչ օրենսդիրը, ոչ էլ դատաիրավական համակարգը չեն կատարել իրենց աշխատանքը, որոնց պարտականությունն է օրինականություն եւ կարգ ու կանոն հաստատելը մարտական գործողությունների թատերաբեմում։ Իսկ այնտեղ, որտեղ կան զգալի քանակությամբ խախտումներ, իրենք պարտավոր են խստացված միջոցառումներ իրականացնել։ Այսինքն՝ արագ տեմպերով քննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, արտագնա դատավարություններ։ Ոչ մի բան չեն արել, այսինքն՝ ոչ օրենսդիրի, ոչ գործադիրի, ոչ էլ դատաիրավական կառույցների գործողությունները ոչ մի արդյունք չեն տվել, իրենք ապարդյուն են այնտեղ գտնվել։

Այնտեղ, որտեղ 283 կիլոմետրից 260 կիլոմետրի վրա հրամանատարները կռվել են , արդյունքներ ենք ունեցել։ Իսկ այնտեղ, որտեղ հակառակորդն ուժեր է կուտակել, եւ մխրճումներ են տեղի ունեցել, այդ մխրճումների հիմնական պատասխանատուն պետությունն է։ Այդ մխրճումն ու զորքերի առաջխաղացումն այնտեղ է եղել, որտեղ հենց կառավարությունը պետք է այդ որոշումները հաստատեր։

Իրենք այդ քննիչ հանձնաժողովում սլաքներն ուղղելու են միայն մարտավարական օղակի վրա, բանակի վրա, իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթը ոչնչով չի տարբերվում նախկինում իր հարցազրույցների, Ազգային ժողովում հարց ու պատասխանների, ելույթների ժամանակ իր կողմից կատարված մանիպուլյացիաներից։ Հիմնական պատասխանատուն ինքն է, բայց ինքն ասում է՝ բոլորը մեղավոր են, բացի ինձանից։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Պատերազմից հետո մեր քաղաքական «էլիտայում» (դիմություն, ընդդիմություն) գզվրտոց, սկսվեց՝ մեկը մեկին մեղադրելով պարտության մեջ, որպեսզի իրենցից հեռացնեն պատասխանատվությունը։ Բայց մեր՝ շարքային քաղաքացիներիս համար ամեն ինչ աչքի լույսի պես պարզ է. դուք բոլորդ եք պատասխանատու էք էս աղետի համար, բոլորդ էլ մեծ «ներդրում» եք ունեցել էս սարսափելի վիճակին հասցնելու մեջ։ Դուք կոլեկտիվ պետությունը մսխել եք՝ հյուծելով ու հասցնելով աղետալի կետին՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ու ամենացավալին այն է, որ էս ամեն ինչն արել եք հանուն անձնական շահի, խմբակային շահերի, հանուն պոպուլիստական շահերի։ Սերունդները ձեզ չեն ներելու, ձեր ժառանգները չեն վայելելու էս ժողովրդին պատճառված ցավերի գնով ձեռք բերված հարստությունը։

    • Garo says:

      Ով ասումա բոլորն են մեղավոր, նիկոլական: Նիկոլնա եղել իշխանության հետևաբար ինքնա պատասախանատու իր թիմով:
      Երկիրը հյուծված չի եղել, նիկոլնա եղել հյուծվաշ հոգնած ղեկավար: Երկիր ղեկավարելը իր խելքի բանը չի եղել:

      Սետպտեմբերի 27-ը աղետ չի, պատերազմ էլ միշտ էլ կարա լինի:
      Նիկոլը պիտի պատասխան տա, թե ինչի ոչինչ չի արել որ մենք պատերազմը հաղթենք:
      Օրինակ իր թիմակիցները բոլորը ջահել տղերք են, Ալեն Սիմոնյան, Հակոբ Արշակյան, Վահագ Ալեքանյան, Հայկ Կոնջորյան, Սուրեն Պապիկյան ու տենց բոլորը: Թող մահապարտների բրիգադ կազմեին գնաին Շուշին պահեին:

      Իրանք վախկոտի պես թաքնվել են, բոլորի վրա մուննաթ են գալիս: Թե խի Սեյրան Օհանյանը վիրավոր թոշակառու Շուշին չպահեց, Դոդի Գագոն ու Վանեցյանը ինչի չպահեցին:

      Բա ՔՊ-ն ուր էր: Թե գիտեիք իշխանություն մենակ նշանակումա բյուջեյից ճոխ աշխատավարձ ու պրեմիա ստանալ, քաղաքի կենտրոնում եկամտահարկով տուն առնել՞

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31