Լրահոս
Օրվա լրահոսը

«Թվում է, թե բոլորս խոսում ենք միևնույն լեզվով միևնույն խնդրի մասին, բայց իրար չենք հասկանում։ Ինչո՞ւ։». Լիլիթ Ստեփանյան

Հուլիս 07,2023 23:30

«ՀՀ-ին և նրա տարբեր տարիների  իշխանություններին հաճախ մեր միջազգային գործընկերները մեղադրել են ոչ միջազգային իրավունքի եզրույթներով խոսելու կամ բանակցելու համար։ Այս մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել է հատկապես առաջին նախագահը։

Միջազգային գործընկերների համար երբեմն խորթ ու անհասկանալի են եղել մեր ձևակերպումները, մասնավորապես՝ հայրենիք, պատմական հայրենիք, սրբազան հող, պատմական արդարություն, ազգային ինքնագիտակցություն, սրբազան հայրենիք և այլն։ Մենք, ընդհակառակը, առաջնորդվել ենք հենց այս տրամաբանությամբ։ Գուցե ազգային մենթալիտետի հարց է ու բնորոշ է հենց մեզ։ Իրենց հերթին տարբեր հասարակական-քաղաքական կամ պարզապես հանրության որոշակի խմբեր ՀՀ տարբեր տարիների իշխանություններին մեղադրել են, թե չեն կարողանում ճիշտը հասցնել միջազգային գործընկերներին, բացատրել, հասկացնել, հիմնավորել, ապացուցել, որ այս կամ այն տարածքը մերն է եղել, մեր պատմական հայրենիքի մասն է, մեր սրբազան հողն է և մենք պատմական արդարություն ենք վերականգնել։

Թվում է, թե բոլորս խոսում ենք միևնույն լեզվով միևնույն խնդրի մասին, բայց իրար չենք հասկանում։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք խոսում ու գործում  ենք «սրտով», իսկ միջազգային հանրությունը՝ միայն քաղաքական ու հատկապես տնտեսական շահերով։

Հիմա մեր միջազգային գործընկերների համար ցանկանում եմ հղում անել մի փաստաթղթի, որը վավերացվել է նրանց կողմից։

Եվ այսպես, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիա (Հաստատվել է և առաջարկվել ստորագրության, վավերացման և մասնակցության ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 260 А (III) 9 դեկտեմբերի 1948 թ․-ին։ Ուժի մեջ է մտել 12 հունվարի 1951 թ․-ին)։

Առանց բոլոր հոդվածներին անդրադառնալու՝ առանձնացնեմ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը։

Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

(ա) այդ խմբի անդամների սպանությունը,

(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,

(գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,

(դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,

(ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։

Ուշադրությունը հրավիրելով 3-րդ, 4-րդ և 5-րդ դրույթների վրա ՝ հստակ ուրվագծվում է այն վիճակը, որն արդեն 200 օրից ավելի ստեղծված է Արցախի շուրջ։

Հղում տալով Կոնվենցիայի 3 հոդվածին, կարդում ենք՝

Պատժելի են հետևյալ արարքները՝

(ա) ցեղասպանությունը,

(բ) ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը,

(գ) ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը,

(դ) ցեղասպանություն կատարելու փորձը,

(ե) հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ։

Կառանձնացնեի 2-րդ և 4-րդ դրույթները, որոնք հնարավորինս հստակ բնութագրում են Ադրբեջանի մտադրություններն ու գործողությունները, նվազագույն և առավելագույն նպատակները։

Կոնվեցիայի 4-րդ հոդվածում ամրագրված է, որ «Ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք Սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք»:

Այս մեջբերումներով միջազգային հանրության համար ընդունելի, ընկալելի ձևակերպումներով  ևս մեկ անգամ ներկայացնում ենք այն իրավիճակը, որի առջև կանգնած են 120 000 արցախցիներ։

Բազմիցս ՀՀ վարչապետը, ՀՀ արտգործնախարարը, ՀՀ ԱԺ պատգամավորները ամենատարբեր քաղաքական ամբիոններից ահազանգ են հնչեցրել և նշել, որ ադրբեջանական կողմը Արցախում փորձում է իրականացնել էթնիկ զտումներ, ինչն, ըստ վերը նշված Կոնվեցիայի, Ցեղասպանությանը բնորոշ գործողություն է։ Կոնվենցիան էլ իր հերթին մշակվել, վավերացվել է ՄԱԿ-ի կողմից։

Մենք բարձր ենք գնահատում բոլոր կոչերն ու խիստ գնահատականներն այս հարցով մեր բոլոր գործընկերների կողմից։ Սակայն այդ ամենը քիչ է, կրում է դեկլարատիվ բնույթ, և վաղուց հասունացել է պահը միջազգային հստակ մեխանիզմներով պատժել ագրեսիա գեներացնողին։ Կան փաստաթղթեր, որոնք վավերացվել են նաև ադրբեջանի կողմից և դրանց չկատարման դեպքում պետք է գործեն հստակ գործողություններ։ Ավելին, այս պահին աշխարհում տեղի ունեցող միևնույն գործընթացներում այս կամ այն կերպ ներգրավվելու համար որոշ երկրներ պատժվում են, իսկ որոշների դեպքում անգամ Հաագայի դատարանի վճիռը չկատարելու պարագայում հնչում են անատամ հայտարարություններ։ Չտեսնել կամ չլսել սա համամարդկային արժեքների վրա պարզապես աչք փակել է։

Խոսքը հազարավոր մարդկանց՝ տարեցների, երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի մասին, ովքեր կանգնած են գոյաբանական լուրջ խնդիրների առջև»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31