Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է․ մինչև հուլիսի 11-ը կապահովվի շուրջօրյա էլեկտրամատակարարում

Հուլիս 09,2023 12:00
gaz

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց: Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով:
Այդ առումով հորդորում ենք բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, որ գազօգտագործման կետերը անվտանգ են, հեղուկ գազի բալոնները որևէ կերպ միացված չեն գազամատակարարման համակարգին և մնացած բոլոր պայմաններն ապահովված են գազօգտագործման համար:

Նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ «Արցախգազ» ՓԲԸ-ն այսօր սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը: Մեր հայրենակիցներին խնդրում ենք զգոնությամբ ու համբերությամբ զինվել՝ խուսափելու որևէ դժբախտ պատահարից:
Հիշեցնում ենք, որ մարտի 21-ից գազամատակարարումը լրիվությամբ ու անընդմեջ դադարեցված էր, և Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանվել է 143 օր շարունակ:

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է

Հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի խիստ սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը՝ կառավարության կողմից որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան Արցախի ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում: Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը:

Նշված ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի մատակարարումը կազմակերպվելու է Սարսանգի ջրամբարի պաշարների լրացուցիչ օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալի ավելացման շնորհիվ: Հուլիսի 11-ից էլեկտրամատակարարման համակարգը կրկին գործելու է վեցժամյա հովհարային անջատումների նույն ժամանակացույցով, քանի որ Ադրբեջանը շարունակում է խափանած պահել Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը:

Խնդրում ենք բոլորին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրականությունը՝ խուսափելու համար ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ու վթարներից: Իսկ ավտոգազալցակայանների աշխատակիցներին ու մեքենաների վարորդներին հորդորում ենք հետևել անվտանգության ու ճանապարհատրանսպորտային երթևեկության բոլոր կանոններին՝ խուսափելու համար պատահարներից ու ավելորդ հերթերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31