Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի անկախության ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա. Արթուր Թովմասյանը ուղերձով դիմել է միջազգային հանրությանը

Հուլիս 19,2023 13:34

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն արդեն որերորդ անգամ միջազգային հանրության և միջկառավարական ինստիտուտների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդու նկատմամբ աննախադեպ բռնության, մարդկության դեմ զանգվածային հանցագործության փաստերի վրա:

Շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքում ստեղծելով ամենաբարդ համակենտրոնացման ճամբարը, Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի (ԼՂՀ) Հանրապետության քաղաքացիների վրա փորձարկում է գիտության վերջին ձեռքբերումները՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի՝Արցախի Հանրապետության հայ բնակչության ապամարդկայնացմանը։

Ազատատենչ երկրի 120+30 (բռնի տեղահանված) հազարանոց բնակչությունը 8 ամիս շարունակ ամեն օր ենթարկվում է նվաստացման, սովի և ֆիզիկական բնաջնջման սպառնալիքների, ապրում է առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը դատապարտեց և միջազգային իրավունքում ամրագրեց դրույթներ, որոնք ապագայում բացառում էին ֆաշիստական Գերմանիայի ոճրագործությունների կրկնությունը, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր ժողովուրդը կկանգնի բնաջնջման նոր մեթոդներով՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, և այդ ամենը նույնիսկ չի արժանանա միջազգային հանրության միջամտությանը՝ մարդկային մեծ ողբերգությունը կանխելու նպատակով:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ահազանգում է՝ ապավինելով բոլոր նրանց խղճին, ումից կախված է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործությունը կանխելու որոշման ընդունումը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ագրեսոր երկրի կողմից իր անկախությունը ինքնահռչակած պետությունների նկատմամբ բռնությանն ու ագրեսիային վերաբերող միջազգային իրավունքի դրույթները, կոչ ենք անում պատասխանատու և պրոֆիլային միջազգային միջկառավարական ինստիտուտներին գործարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ցեղասպանության և հայրենիքից մեր ժողովրդի բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կոչ է անում միջազգային միջկառավարական ինստիտուտներին հատուկ քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ՝ Արցախի Հանրապետության տարածքում ժամանակակից համակենտրոնացման ճամբար ստեղծելու հանցագործության համար, որը պարբերաբար ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ հանդիսացող բնակչությանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը լիահույս է, որ մեր ժողովրդի կողմից ընտրված Գերագույն մարմնի ուղերձն անարձագանք չի մնա, և միջազգային հանրությունն ու միջկառավարական ինստիտուտները անձնատուր չեն լինի ագրեսորներին և մարդասպաններին, այլ տեր կկանգնի Արցախի Հանրապետության ժողովրդին:

Արցախի խորհրդարանի ղեկավարը համոզված է, որ վերը նշված վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31