Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Ազարյանի մասին պատմող «Ես բացեցի թևերս» ֆիլմն արդեն էկրանին է

Հուլիս 26,2023 21:35

Կինոյի տան մեծ դահլիճում նախօրեին կայացել է օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին նվիրված «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Ուշագրավ է, որ ֆիլմում տեղ են գտել ինչպես արխիվային կադրեր, այնպես էլ ստեղծագործական կազմի կողմից չեմպիոնի հետ անցկացրած հարցազրույցները, որն ամբողջությամբ ներկայացնում է Ալբերտ Ազարյանի այսօրը։

Ինչպիսի՞ն է եղել Վանաձորում ապրող պատանին, ինչպե՞ս օգնեց դարբնի աշակերտ լինելը հասնել մեծ նվաճումների, ինչպե՞ս մարզադպրոցն ու սալտո ոճի ցատկը ճակատագրական դարձավ Ազարյանի համար և ինչպես ուղի հարթեց դեպի մեծ սպորտ։ Ինչի՞ շնորհիվ հաջողվեց դառնալ հայտնի ազարյանական խաչի վարպետ։ Բոլոր հարցերի պատասխանները կան այս ֆիլմում։

Ֆիլմի պրոդյուսերը Դավիթ Ջինանյանն է, ռեժիսորը` Սոնա Սարիբեկյանը, գլխավոր օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը։

Aravot.am-ի հետ զրույցում պրոդյուսեր Դավիթ Ջինանյանն ասաց, որ ստեղծագործական կազմն ամբողջությամբ իր ուսանող ընկերներն են, որոնք սովորում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

-Համառ աշխատանքը, անկասկած, տվել է իր արդյունքը,- վստահեցնում են ստեղծագործական թիմի անդամները, նաև հավելում` ցանկանում են կինոդիտողը նույնքան հաճույքով ու հետաքրքրությամբ դիտի իրենց նկարահանած ֆիլմը, ինչպես անցել են իրենց նկարահանումներն ու ստեղծագործական գործընթացները։

-Մենք փորձել ենք մեր տեսանկյունից նայել կենդանի լեգենդի անցած ճանապարհին և այսօրվա կյանքին։ Կարծում եմ` սա կարևոր ֆիլմ է։ Մենք պետք է մեր սերունդներին ցույց տանք, թե ինչ տեսակ է հայը, ինչ համառություն ունի իր ընտրած ճանապարհը հաղթանակելու համար, ինչպիսի մոտիվացիա կարող է լինել յուրաքանչյուր մարդու մեջ և ինչպես կարելի է դա հօգուտ օգտագործել,- նշել է Դավիթ Ջինանյանը։

Դավիթը նաև նշեց, որ այս արդյունքին հասնելու համար շատ կարևոր դեր է խաղացել չեմպիոն Ազարյանը, որը ընդառաջել և վստահել է երիտասարդներին։

-Պարոն Ազարյանի հետ աշխատելը մեծ պատասխանատվություն էր։ Մենք էլ ուժ ու եռանդ ստացանք, որ նա մեզ վստահեց։ Նաև շնորհակալ եմ բոլոր այն հովանավորներին, բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացին մեզ և սատար կանգնեցին,- հավելեց Դավիթ Ջինանյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31