Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատարը զենք ու տրանսպորտ է պահանջում՝ Կոռնիձոր մեկնելու համար

Օգոստոս 08,2023 18:50 Share

Ինչպես տեղեկացրել էինք, «Խաչակիրներ» ջոկատն ու նրանց աջակիցներն այսօր բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ՝  կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։ Նրանք կառավարությանն այսօր մինչեւ 18։00-ն ժամանակ էին տվել՝ հայտարարելով, որ եթե Արցախը Հայաստանին կապող միջանցքը չբացվի, իրենք պատերազմով կբացեն այն։

Ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը 18։00-ից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոչ էին արել, որպեսզի ժողովուրդը գար ու միանար իրենց։ Նա հորդորեց մի քիչ էլ սպասել։ «Մի փոքր ուշ մենք կշարժվենք Կոռնիձոր։ Եթե գնանք հասնենք այնտեղ, երեւի կկարողանանք մեր արցախցիներին մի բանով օգնել։ Իսկ հիմա, քանի որ մարդիկ դեռ քիչ են, ես խորհուրդ կտամ փակենք այս ճանապարհները, թող մարդիկ միանան մեզ, որ հասկանանք՝ քանի հոգով ենք շարժվում առաջ։ Մենք գնալու ենք Կոռնիձոր, այնտեղ կռիվ կանենք, ինչ կանենք, դա մենք գիտենք։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր սփյուռքահայերին, ովքեր տրանսպորտ ունեն, թող հենց հիմա ուղարկեն հրապարակ, որ մենք իմանանք տրանսպորտով ապահովված ենք ու շարժվենք դեպի Կոռնիձոր։ Մենք մեր Արցախն ենք հետ ուզում, ասում ենք՝ Արցախը Հայաստան է։ Եթե տրանսպորտ չտան, ճանապարհները կփակենք, պետական տրանսպորտը կվերցնենք ու կգնանք Արցախ։ Հիմա զենք կպահանջենք, դրա հետ միասին էլ տրանսպորտ»,- ասաց նա։

Ցույցի մասնակիցներին միացավ «Սեւքարեցի Սաքո» ջոկատը։ «Ամբողջ մահապարտների ջոկատը՝ «Սեւքարեցի Սաքոն», պատրաստ է հենց հիմա մարտ վարելու։ Ոչ թե մեկ ճանապարհ, այլ դեպի Արցախ մի քանի ճանապարհ կարող ենք բացել, թող հենց հիմա զինեն, միանում ենք «Խաչակիրներին»,- լրագրողներին ասաց «Սևքարեցի Սաքո» մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031