Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կառավարությունը հարցին լուծում չտա, մենք պատերազմով կբացենք Արցախի ճանապարհը»․ «Խաչակիրներ» ջոկատը մինչեւ 18։00-ն ժամանակ տվեց կառավարությանը

Օգոստոս 08,2023 15:45 Share

Սարգիս Պողոսյանը

«Խաչակիրներ» ջոկատն այսօր բողոքի ցույց է անում կառավարության շենքի մոտ, ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը ներկայացրեց իրենց պահանջները։ «Առաջինը ասում ենք, որ Արցախը Հայաստան է, եւ ոչ ոք չի կարող դա մեզանից կտրել։ Արցախը մերը եղել է, մերը մնալու է, ով ինչ թուղթ ուզում է ստորագրի, այս երկրի տերը մենք ենք։ Մեր պայքարը Արցախն է, Արցախը տվեցինք, հետեւից Սյունիքն ենք տալու։ Ով ինքնասիրություն ունի, թող մի հատ պարան վերցնի, իրեն կախի։ Այսօր մեր ինքնասիրությանը կպել են, բա չեք ուզո՞ւմ գնալ ձեր ինքնասիրության հետեւից։ Անինքնասիրությունը մտել է այս ժողովրդի մեջ, եւ մենք իրար կրծում ենք»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե պատերազմից հետո պարտվել ենք, ուժերն անհավասար են, Սարգիս Պողոսյանն ասաց․ «Սուտ են ասում, մենք կապացուցենք դա»։

Նա նշեց, որ միասնական պետք է պայքարել Արցախի համար, միջանցքը բացել եւ արցախցիներին սատար կանգնել։ «Մեր պահանջը կառավարությունից է, եթե տեսնենք կառավարությունն անտարբեր է այս հարցերին, մենք մեր ձեւով կանենք, արդեն ռազմական ճանապարհով։ Դա բարձրաձայն ասում եմ, գաղտնիք չէ։ Եթե կառավարությունն այս հարցին լուծում չտվեց, մենք մեր ուժերով կանենք, ոչ մեկս մեռնելուց չենք վախենում։ Եթե կառավարությունն այսօր հստակ պատասխան չտվեց մեզ, մենք պատասխան կտանք ե՛ւ կառավարությանը, ե՛ւ արցախցիներին, ե՛ւ Եռաբլուրին»,- նշեց նա։

Սարգիս Պողոսյանը հավելեց, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը պետք է բացվի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական։ Նա նշեց, որ պատրաստվում են կառավարության շենքի մոտ մնալ այնքան, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել։ «Հրապարակի մեջտեղը զինվորական պալատկեքը բերելու ենք խփենք, բոլորը շրջաններից գալիս են, անգամ դրսից են մարդիկ գալիս, մենք արցախցու համար մինչեւ վերջ պայքարելու ենք։ Մենք բացելու ենք ճանապարհը, պատերազմով բացելու ենք ճանապարհը։ Մենք ունենք մեր ռազմական գաղտնիքները, բայց մի չափ կա, մի ժամ կա, որ եկավ հասավ դրան, ու ճանապարհը չբացվեց, մենք ձեզ խոսք ենք տալիս այս տղերքով, որ բացելու ենք։ Թող զոհեր ունենանք, ոչինչ, Եռաբլուրում պառկած տղերքից ավել տղա չենք մենք։ Կոչ ենք անում բոլորին՝ Սփյուռքին, եկեք միացեք Արցախին»,- ասաց նա։

Պողոսյանը նշեց, որ պատերազմի ժամանակ խաբեցին, նահանջի հրաման տվեցին, այսօր նահանջ չի լինի․ «Մենք եկել ենք այստեղ, որ գործ անենք, մենք ամեն ինչի ընդունակ մարդիկ ենք, ամենավատ քայլերը կանենք, որ ճանապարհը բացենք»: Սարգիս Պողոսյանը նաեւ ասաց, որ կառավարությունից զենք են ուզում։ «30 հազարանոց զորք կա, զինո՞ւմ են։ Թող զինեն, մենք այդ ճանապարհը հաստատ կբացենք»,- նշեց նա։

Գեւորգ Նահապետյանը

«Խաչակիրների» հրամատարների տեղակալ, փոխգնդապետ Գեւորգ Նահապետյանն ասաց․ «Մեր այստեղ գտնվելու նպատակը ոչ հեղաշրջում անելն է, ոչ քաղաքական դաշտում երեւալը, մենք կռվող տղաներ ենք, քաղաքականությամբ չենք զբաղվում, մերը խրամատն է, հրետանին է։ Մեր այստեղ հավաքվելու միակ նպատակն այն է, որ այդ 400 տոննա սնունդը, որը հիմա կանգնած է ճանապարհներին ու փչանում է, հասնի Արցախ։ Նախկինում թույլ ենք տվել, որ մեզ ցեղասպանեն, 21-րդ դարում չպետք է թույլ տանք, որ մեր Արցախի երեխաներին ցեղասպանեն։ Այդ երեխեքը սովից մահանում են, իսկ մենք հայ ենք, այսօր Արցախի երեխաները սովից կմահանա, վաղը Սյունիքինը, մյուս օրը՝ Երասխինն ու Երեւանինը։ Թող յուրաքանչյուր հայ մարդ իրեն հարց տա՝ արդյոք այնտեղի երեխաներն իրենն են, թե՞ չէ։ Մենք բոլոր այստեղ կանգնածներս մտածում ենք, որ Արցախի երեխաները մերն են։ Մեր պահանջը միայն դա է, բացեն ճանապարհը, եւ այդ սնունդը հասնի երեխաներին։ Իսկ եթե իրենք ի վիճակի չեն դա անելու, թող հնարավորություն ընձեռեն, մենք կռված տղաներով ի վիճակի ենք համախմբվել, մեզ համար ընտրել հրամանատար, եւ շատ կարճ ժամանակում այդ անցագրային կետն այնտեղ չի լինի։ Չպետք է հույսներս դնենք գերտերությունների վրա, ամեն մեկն իր շահն է տանում, այսօր մենք պետք է փրկենք մեր երխեքին։ Ո՞վ է ասում՝ կռվող տղաները դուխից ընկել են, կռվող տղաները մինչեւ հիմա կանգնած են, անհնարին ոչինչ չկա։ 1993 թվականին մեր մեծերը ոչինչ չունեին, բայց մենք փառահեղ հաղթանակ կերտեցինք, որովհետեւ համախմբվեցինք»։

Սարգիս Պողոսյանը կառավարությունում հանդիպում ունեցավ, որից հետո լրագրողներին ասաց․ «Խոսել եմ մի մարդու հետ, որը ոչ մի բանով չէր կարող մեզ օգտակար լինել, բայց իմ խոսքը կհասցնի տեղ։ Պայմանն այսպես է, մինչեւ 18։00-ն, եթե Արցախի ճանապարհը չբացվի, սնունդը չմտնի Արցախ, որ արցախցինեը հաց ուտեն, մենք այդ ճանապարհը կբացենք։ Ես այս պայմանն ասել եմ ու դուրս եկել։ Հիմա սպասում ենք  մինչեւ վեցը, եթե այդ սնունդը չմտավ Արցախ, մենք կմտցնենք Արցախ։ Եթե իշխանություններն ուզենան, ռուս գեներալների հետ կխոսեն, մենք զենք չենք մտցնում Արցախ, սնունդ ենք մտցնում։ Հոգեբանորեն ճնշում են արցախցներին , որ Արցախը տարհանեն, իսկ մենք չենք ուզում դրան ենթարկվել»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031