Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պահանջում Պեմզաշենի զարհուրելի սպանության գործով անցնող «Տիխին»․ նա հացադուլ է հայտարարել

Օգոստոս 09,2023 21:14

Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների` 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դաժան սպանության մեջ մեղադրվող Արկադի Բարսեղյանը՝ «Տիխի» մականվամբ, որ նրանց համագյուղացին է, օգոստոսի 4-ից հացադուլ է հայտարարել։

Նա պահանջում է փոխել քննիչին․ գործը հանձնել ավելի փորձառուի, որպեսզի ապացուցվի իր անմեղությունը։ Նրա վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանից։

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանն էլ հավելեց, որ գրեթե մեկ ամիս առաջ այդ անձանց նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է՝ երկու ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ այս գործով կան երկու կալանավորվածներ։

Մեղադրյալներից մեկը՝ Պեմզաշենի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանն է, որը սպանությունից զատ մեղադրվում է նաև մանկապղծության մեջ, ըստ գործի նյութերի, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակիչ «Տիխի» մականվամբ Արկադի Բարսեղյանի հետ էր ներխուժել Մելիքսեթյանների տուն։

Արկադի Բարսեղյանի պաշտպանության մեջ ներգրավված փաստաբանը` ՀՔԾ-ի նախկին քննիչ Վոլոդյա Մինասյանը, ի սկզբանե տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա մանրամասն ցուցմունք է տվել՝ նշելով, որ դեպքի վայրում չի եղել։

Հիշեցնենք, որ Արկադի Բարսեղյանն արտագնա աշխատանքի էր մեկնում․ ի դեպ, գյուղի շքեղ տներից մեկը նրան է պատկանում։

Պեմզաշենցիները նշում են, որ նա կրիմինալ հակումներ չի ունեցել, գյուղում չի խոսվել այդ մասին, դատվածություն չի ունեցել։ Վատ առումով աչքի չի ընկել։

Իսկ Վրույր Բարսեղյանի դեպքում համոզմունք ունեն, որ նա ամեն ինչի ունակ է, բայց հաստատ նրան ուղղորդող է եղել, քանի որ նա մտավոր ունակություն չունի այդքանն անելու։ Նա գյուղում էլ, ըստ պեմզաշենցիների, աչքի տեսածը կարող էր թռցնել, ասենք՝ հեռախոս, կոշիկ։

Վրույր Բարսեղյանի հոր հորեղբայրը, ըստ գյուղացիների, ժամանակին սպանել է իր երկու կանանց ու հայտնվել դատախազներից մեկի՝ սպանությունների մասին գրված գրքի մեջ։ Գյուղացիները չեն բացառում, որր տվյալ դեպքում գենետիկան է խոսել 32-ամյա տղամարդու մեջ։ Վրույրի հայրն էլ, գյուղացիների մեկի փաստմամբ, գողության համար ժամանակին դատվել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031