Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախութեան հռչակագրի 33 -ամեակն է (անկախականի նշումներ)

Օգոստոս 24,2023 18:00

Երեկ Հայաստանի ժամանակակից պատմութեան կարեւորագոյն օրերից մէկն էր՝ Անկախութեան հռչակագրի ընդունման օրը (1990 թ․ օգոստոսի 23)։

Այս կապակցութեամբ յուշաթերթիկի ձեւաչափով առանձնացրել եմ մի քանի պատմական իրադարձութիւններ, որոնք հիմք հանդիսացան նորօրեայ անկախութեան համար:

1966 թ․ ապրիլի 24 -ին Երեւանի կենտրոնական բանտում հիմնադրուեց Ազգային միացեալ կուսակցութիւնը (ԱՄԿ)։ Հիմնադիրներն էին՝ Հայկազ Խաչատրեանը (ղեկավար), Ստեփան Զատիկեանը, Շահէն Յարութիւնեանը։

Կազմակերպութեան գլխաւոր նպատակը դարձաւ Հայաստանի անկախութեան համար պայքարը։

1973 թ․ օգոստոսի 11 -ին` Նաւասարդի օրը, Գառնիում տեղի ունեցաւ ԱՄԿ առաջամարտիկների ժողովը, որտեղ հաստատուեց «Անկախութիւն հանրաքուէի ճանապարհով» ծրագիրը։ Հեղինակը 4 տարուայ բանտարկութիւնից նոր վերադարձած, ԱՄԿ ղեկավար, 24 -ամեայ Պարոյր Հայրիկեանն էր։ Այդ ժողովին մասնակցում էին նշանաւոր գործիչներ Աշոտ Նաւասարդեանը, Ազատ Արշակեանը եւ Անդրանիկ Մարգարեանը։

1987 թ․ սեպտեմբերի 27 -ին ԱՄԿ -ը դուրս եկաւ ընդհատակից եւ իրեն ազդարարեց որպէս Ազգային ինքնորոշում միաւորում (ԱԻՄ)։ Ի տարբերութիւն ժամանակակից բազմաթիվ կուսակցութիւնների, այս անուան մէջ տեղ է գտել քաղաքակրթական կարեւորագոյն ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ եզրոյթը։ Հիմնադիրներն էին՝ Պարոյր Հայրիկեանը, Մովսէս Գորգիսեանը, Ռազմիկ Մարկոսեանը, Մեխակ Գաբրիելեանը, Սուսաննա Աւագեանը։

1987 թ․ հոկտեմբերի 24 -ին ԱԻՄ -ը սովետական պայմաններում բազմահազար տպաքանակով հրատարակեց «Անկախութիւն» պարբերականը, ինչից յետոյ հեղինակներն անմիջապէս ենթարկուեցին բազմաթիվ բռնաճնշումների։ Անդրանիկ համարի շապիկին գրուած էին Եղիշէ Չարէնցի խօսքերը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»։

1988 թ․ մայիսի 28 -ին ԱԻՄ համահիմնադիր, հետագայում ազգային հերոս՝ Մովսէս Գորգիսեանը Երեւանի ներկայիս ազատութեան հրապարակում ծածանեց մեր եռագոյնը։ 70 տարի անց ԱԻՄ նախաձեռնութեամբ բազմահազարանոց ցոյցով նշուեց մեր անկախութեան 70-ամեակը։

1989 թ․ դեկտեմբերի 1 -ին Երեւանում տեղի ունեցաւ Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Ազգային խորհրդի համատեղ նիստ, որտեղ ընդունուեց Հայաստանի եւ Արցախի վերամիաւորման մասին պատմական որոշում։

1990 թ․ օգոստոսի 23 -ին Հայաստանի Գերագոյն խորհուրդը ստորագրեց Հայաստանի Անկախութեան հռչակագիրը։

1991 թ․ սեպտեմբերի 21 -ին՝ համազգային ինքնորոշման հանրաքուէի ժամանակ, Հայաստանի 95 տոկոս բնակչութիւնը «Այո» ասաց մեր պետականութեան վերականգնմանը։

Շնորհաւորում եմ մեր բոլոր քաղաքացիներին այս բացառիկ տոնի առիթով։

Տիր հայագիտական կենտրոնի հիմնադիր՝ Դաւիթ Աղաջանեան

24.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031