Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված խորքային ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել միայն նոր օրակարգի ձևավորման և կայացման դեպքում. Սուրեն Պետրոսյան

Սեպտեմբեր 05,2023 18:18

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության 3 շրջափուլերին և այն միակ օրակարգի ձևավորմանը, որը թույլ կտա հաղթահարել ստեղծված ճգնաժամը։

Հակիրճ անդրադարձ Հայաստանի Հանրապետության 3 շրջափուլերին և այն միակ օրակարգի ձևավորմանը, որը թույլ կտա հաղթահարել ստեղծված ճգնաժամը

1.«ԿԱՅԱՑՄԱՆ» օրակարգ -1960-ականներից մինչ 1995թ.։ Այս գործընթացը, որը թեպետ սկիզբ էր առնում դեռ ԽՍՀՄ-ից այնուամենայնիվ այն ժամանակահատվածն էր, երբ առավելագույնս ձևավորվեցինք, որպես քաղաքական ազգ, որը ուներ ապագայի նկատմամբ հստակ հավակնություններ։ Հայաստանի քաղաքականության իրականացման հիմքում ձևավորվում էր ազգային, ռազմավարական և նույնիսկ քաղաքակրթական օրակարգը, որը 1988-ից դարձավ հստակ ձևակերպված նպատակներ, որին էլ հետագայում ուղղվեց համայն հայության գրեթե ողջ ներուժը, իսկ արդյունքը՝ ազատագրված Արցախ, ՀՀ ծանրակշիռ դիրք տարածաշրջանում և զարգացման հսկայական հեռանկարներ։

2.«ՈՒՆԵՆԱԼՈՒ» օրակարգ – 1995-2018թթ.։ Այս ժամանակահատվածում ՀՀ-ում սկիզբ դրվեց հպատակային քաղաքականությանը, համաձայն որի՝ մեր ճակատագիրը կախված չէ մեզնից և այն կարող են վճռել միայն «վերին ատյանները», իսկ իշխանության իրականացման հիմքում, որպես նպատակ, ընկած էր նեղ խմբային շահերի սպասարկումը, որը ուղեկցվում էր պետության, ոչ միայն տնտեսական, ֆինանսական և ռազմավարական ռեսուրսների յուրացմամբ, այլ նաև կրթական և մշակութային հսկայական հետընթացով։ Հենց այս ձևախեղված նպատակներն ու դրա հիման վրա իրականացվող քաղաքականության հետևանքներն էլ պայմանավորեցին հաջորդող փուլը:

3.«ԹՎԱԼՈՒ» օրակարգ – 2018թ. (գունավոր հեղափոխությունից սկսած) մինչ օրս։ Այս ժամանակահատվածում կազմաքանդվեցին պետության գրեթե բոլոր ինստիտուտները, իսկ 2020-թ. 44 օրյա պատերազմից հետո իշխանությունը, զիջելով Արցախը նաև հրաժարվելով պետության ռազմավարական և կենսական այլ շահերից, միևնույն ժամանակ փորձ է անում ստեղծել պատրանք, ինչպես պետության, այնպես էլ սեփական լինելիության վերաբերյալ։ Այս գործընթացները ներկայումս սկսել են ուղեկցվել նաև համատարած «ունենալու» օրակարգով։ Այս ամենին զուգահեռ ապագան և ճակատագիրը կախվածության մեջ է դրվում այնպիսի երևույթներից, որոնք մեր կամքից անկախ են, իսկ հանձնվելն ու համակերպվելը ամրապնդվում է, որպես քաղաքական հիմնական օրակարգ, որին զուգահեռ ապագայի նկատմամբ հավակնությունների բացակայությունը ներկայացվում է, որպես «ռացիոնալիզմի» դրսևորում։ Այս ամենին զուգահեռ վերջնականապես կազմաքանդվում է Հայաստան-Սփյուռք կապը։

Ստեղծված խորքային ճգնաժամը, որը կարելի է նաև բնութագրել, որպես քաղաքակրթական, հնարավոր կլինի հաղթահարել միայն նոր օրակարգի ձևավորման և կայացման դեպքում։

Այն, «ԼԻՆԵԼՈՒ» օրակարգն է, որի արդյունքում պետք կարողանանք վերահաստատել սեփական հողում ապրելու մեր իրավունքը։ Այս օրակարգի կայացումը կարող է երաշխավորվել «Ինքնության հեղափոխության» (Հեղափոխություն հանուն ինքնության) միջոցով, որը պատմականորեն հիմնավորված միակ հնարավոր ճանապարհն է։ Այն ենթադրում է, ոչ միայն անցյալի և ներկայի, այլ նաև ապագայի և դրանում մեր տեղի ու դերի խորքային վերաիմաստավորում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930