«Մայր Հայաստան» դաշինքի անդամները, նրա աջակիցները, հետեւորդները եւ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները այսօր ի աջակցություն 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի, առավոտից Երեւանի Շենգավիթ շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ են, որտեղ քննարկվում է վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու հարցը։
«Մայր Հայաստան» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանն Aravot.am-ին ասաց․ «Մեր քարոզարշավը կառուցված է այն բանի վրա, որ մենք ունենք թիվ մեկ խնդիր անվտանգության հարցը, ինչը պայմանավորված է նաեւ երկրի ներսում տիրող իրավիճակով։ Մեր նպատակը այդ օրակարգը տաք պահելն է։ Դրա բաղկացուցիչ մաս է կազմում նաեւ պատերազմի զոհերի ու նրանց հարազատների հանդեպ տարվող այն քաղաքականությունը, որ հիմա մենք տեսնում ենք։ Եվ բնական է, որ մենք պետք է այստեղ՝ դատարանի առջեւ լինենք եւ պաշտպանենք Գալեյանի իրավունքները։
Մենք չենք զարմանում այս իշխանության վարած քաղաքականությունից, որովհետեւ իրենք թիրախավորել են ոչ միայն որդիներին, այլեւ ծնողներին։ Եվ այն, ինչ նաեւ պատրաստվում են անել, դա էլ է հուշում, որ զիջումների քաղաքականությունով ու թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկելով են զբաղված հանուն սեփական կաշվի փրկության։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ինքն իր արածների համար պետք է դատվի։ Ու որպեսզի չդատվի, իր համար ավելի ձեռնտու է Հայաստանին չլինելը»։
Կարդացեք նաև
Անդրանիկ Թեւանյանն ասաց նաեւ, որ Գարիկ Գալեյանի ձերբակալությունն իրենց համար եւ միաժամանակ բացառելի չէր եւ անակնկալ էր։ «Չենք բացառում, որ այս ամենը տեղի ունեցավ նաեւ այն պատճառով, որ «Որդիների կանչը» հայտարարեց, որ սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին։ Հետապնդումները, կալանքը որպես մահակ օգտագործելը այս իշխանությունների ձեռագիրն է։ Իսկ սա՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, մեր համար ընդհանրապես եւ կոնկրետ այս առումով, անվտանգությունից պակաս կարեւոր խնդիր չէ։ Վարչապետի աթոռն զբաղեցնողը վախեր ունի, այդ վախերը իրեն տանջում են հատկապես զոհվածների ծնողների մասով»,-ասաց առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածուն։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































