Լրահոս
Օրվա լրահոսը

100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուսալի վարկառուներին պետությունը կաջակցի, որ դուրս գան «սեւ ցուցակներից»

Սեպտեմբեր 14,2023 14:30

Հանրապետությունում մոտ 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել են ստվերային դաշտ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով մարզեր կատարած իր այցելությունների ժամանակ մարդկանց հետ անմիջական շփումների մասին:

«Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատանքն ու աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում, բանկերի սեւ ցուցակներում էլ այդպես տեղավորվել, մնացել են:

Մենք այդ մարդկանց հարց ենք տալիս՝ ժողովուրդ ջան, մինչեւ ե՞րբ եք սև ցուցակներում մնալու: Բազմաթիվ ծրագրեր կան, այդ թվում` սոցիալական, որոնցից չեք կարողանում օգտվել: Ինչո՞ւ չեք գալիս երեւացող դաշտ: Նրանք խնդիրներ են բարձրացնում, որ երբ իրենք գալիս են ոչ ստվերային դաշտ, իրենց ամբողջ աշխատավարձերը բռնագանձվում են: Եվ մենք հիմա մտածում ենք ստեղծել մեխանիզմ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով,մարդիկ եկել են եզրակացության, որ այդ մեխանիզմը չպետք է վերաբերի վերջին 3 տարիներին նման իրավիճակում հայտնված մարդկանց, որովհետև դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում:

«Սա կվերաբերի 3 տարի և դրանից առաջ նման իրավիճակում հայտնված մարդկանց: Մենք կփորձենք աջակցել, այդ թվում բռնագանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել, որոնք կլինեն այնպիսին, որ երբ քաղաքացին կշռի, ինքը գա եզրակացության, որ ավելի ձեռնտու է գնալ, բոլոր բանկային պարտավորությունները որոշակի գրաֆիկով մարել, որովհետեւ կառավարությունն աջակցում է և այդ շեմերը բռնագանձվող գումարների նվազեցնում է եւ դուրս գալ այդ սեւ ցուցակների տրամաբանությունից, վերադառնալ նորմալ հարաբերությունների»,-ասաց Փաշինյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նախագիծը վերաբերելու է 100 հազարից մինչեւ 1 մլն դրամ վարկային պարտավորություններ ունեցողներին, որոնց թիվը էլի փոքր չէ՝ 204 հազար է: «Մենք պարզել ենք, որ նրանց ավելի քան 81 տոկոսը ֆորմալ զբաղված չեն: Այսինքն` այս նախագծով մի կողմից աշխատաշուկա կուղղորդենք, մյուս կողմից հնարավորություն կտանք ֆորմալացնելու զբաղվածությունը: Որոշակի մեխանիզմի շուրջ քննարկումներ ունենք, որ մի կողմից ԴԱՀԿ-ի բռնագանձման տոկոսն իջեցնենք, մյուս կողմից այնպիսի ուղերձ հղենք, որ քաղաքացին պետք է աշխատի եւ իր աշխատանքով փակի այդ պարտքը: Դա իր եկամտահարկի որոշակի ուղղորդման մեխանիզմով է հնարավոր իրականացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930