Լրահոս
Օրվա լրահոսը

Ոմանք ասում են, որ գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում։ Բայց մենք գործ ունենք ձագուկ լքող կենգուրուների հետ, որոնք ամբողջ Հայաստանը կլքեն իրենց անիմաստ գոյությունը պահպանելու համար․ «Ազգ»

Սեպտեմբեր 23,2023 10:17

Հազար տարի առաջ երկրաշարժից, սելջուկների եւ ապա մոնղոլների արաշավանքներից, այնուհետեւ բյուզանդացիների խարդավանքներից, Վեստ Սարգիսի եւ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի դավաճանություններից հետո Անիից հեռացող 100 հազար հայերի անզոր զայրույթն ու հուսահատ անեծքը հավանաբար նույն դառնությունն ուներ, ինչն այսօր ունի արցախահայությունը, ինչն ունենք մենք բոլորս: Արցախը չհանձնվեց, հանձնեցին մերօրյա սարգիսները, սկսյալ այն պահից, երբ լքեցին Քարինտակը, հրաման տվեցին լքելու Շուշին, այնուհետեւ Աղավնոն, Սուսը, Բերձորը, մյուս բնակավայրերն ու դիրքերը, հանուն… խաղաղության:

Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղությունը նման էր, ինչպես գրել եմ դեռ երկու տարի առաջ, մայր կենգուրուի վարմունքին: Մյուս գազաններից փախուստ տվող այդ կենդանին, լեղապատառ իր վազքի ընթացքում, բնազդաբար, փորի պարկից ցած է գցում ձագուկին, որպեսզի ավելի արագ վազի, կամ… Ներողություն խնդրելով այս անպատշաճ համեմատության համար՝ ավելացնեմ, որ Փաշինյանի ուղեղին հասու չեղավ, որ Արցախը հակառակորդի երախը տալով՝ Մայր Հայաստանը չի կարող փրկվել: Երիտթուրքերի համաթուրանականության ծրագիրը շարունակվելու է գործադրվել ամեն գնով, եւ Արցախի պատվարի քանդումը առաջնահերթություն է այդ ճանապարհին:

Նախորդ շաբաթվա ադրբեջանական զորքի եւ զինամթերքի կուտակումները մեր սահմաններին եւ Արցախի շուրջ, որը Փաշինյանը բնութագրում էր որպես Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու փորձ, պարզվեց, որ դրա նպատակը, ներկա պահին, Արցախը չեզոքացնելն էր եւ հետագայում այն օգտագործելը որպես պլացդարմ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Սյունիք-Երասխ-Շորժա-Սոթք ճակատով:

…Իսկ մյուս կաֆը, ավելի ճիշտ՝ խայտառակությունը, որը պատահեց հինգշաբթի օրը, երբ նույն՝ մեր երկրի վարչապետն ու արտգործնախարարը բացահայտորեն հակասեցին միմյանց, ավելի շուտ՝ ջրեցին միմյանց, երբ Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բավական սուր խոսքերով քննադատում էր Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումներ անցկացնելու փաստի համար, իր կառավարության պետը նույն պահին հայտարարում էր, թե Արցախում արդեն անվտանգ է:

Այս տողերը չեն գրվում գործող վարչախմբի ու նրա պետի քաղաքական, մտավոր ու հոգեկան սնանկությունը եւս մեկ անգամ փաստելու նպատակով: Նրանք ժամ առաջ պետք է հեռանան ասպարեզից: Նրանք սպառել են իրենց չունեցածն անգամ: Ոմանք ասում են, որ գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Թերեւս դա ճիշտ է ձիերի, նույնիսկ ջորիների, անգամ ավանակների պարագայում: Մինչդեռ մենք գործ ունենք ձագուկ լքող կենգուրուների հետ, որոնք ամբողջ Հայաստանը կլքեն իրենց անիմաստ գոյությունը պահպանելու համար:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930