Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 27 և համազգային ողբերգություն

Սեպտեմբեր 27,2023 10:48

(Նվիրում եմ եղբորս` 44-օրյա պատերազմի հերոս Պարույր Սարգսյանի անմահ հիշատակին)

Այսօր սեպտեմբերի 27-ն է, 44-օրյա ողբերգության, աղետի տարելիցը։ Գրեթե մեկ շաբաթ է՝ մտքիս մեջ իրար են խառնվում ցասում, խռովք, տագնապ, կռվում եմ ինքս ինձ հետ, պայքարում ներքին անհանգստությանս ու տագնապի դեմ, սակայն ․․․․ ապարդյուն․․․

Արցախը կորցրեցինք․․․ կորցրեցինք հավիտենապես․․․ Ընթերցողներից ոմանք, իհարկե, եթե դեռ մնացել են մարդիկ, որոնք կարդում են հայերեն հոդվածներ, թերթեր, հատկապես սփյուռքում, ինձ կմեղադրեն անհույս վատատեսությանս մեջ, բայց հարկավոր է մի կողմ նետել ռոմանտիկական շղարշը և նայել մեր ժողովրդի աչքերի մեջ և ասել, որ Վանի, Անիի, Սսի, Էրզրումի կողքին ավելացավ ևս մեկը՝ Արցախ աշխարհը։

Հայոց ցեղասպանության տարիներին, ողջակիզվեց մի ամբողջ ժողովուրդ՝ դառնալով թուրքական յաթաղանի զոհ։ Փրկվեցին միայն արևմտահայության բեկորները։ Հարկ է նշել, որ անգամ այդ դժգույն ժամանակներում կար մի փոքր հույսի նշույլ։ Գաղթականները բնակվում էին այսօրվա Թուրքիային սահմանակից երկրներում՝ հավատալով, որ ուր որ է պիտի վերադառնան Երկիր։ Ցավով ենք արձանագրում, որ այժմ արցախահայերը գիտեն, որ վերադարձի ճանապարհ այլևս չկա, որ տեղի է ունենում էթնիկ զտում, այն էլ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Իսկ անտարբերությունը, ոչինչ չասող կոչերը դարձնում են նրանց մեղսակից, բայց ինչպե՞ս մեղադրենք ուրիշներին, երբ որ մենք են հանցավոր։

Արցախը լինելով լեռնային շրջան՝ գրեթե միշտ ունեցել է կիսաանկախ կարգավիճակ, իսկ այժմ երեք տասնամյակ պայքարից, հաղթանակից, պարտությունից, դավաճանությունից հետո, այն դատարկվում է։ Մենք անկարող ենք այն փրկել, մեղադրում ենք ուրիշներին, նմանվելով այն ուսուցչին, որը դասի ընթացքում աշակերտների աղմուկի համար մեղավորությունը բարդում է վերջիններիս վրա և երբեք չի ընդունում իր մանկավարժական անկարողությանը։ Այս ամենով հանդերձ, մոռանում ենք մի պարզ ճշմարտություն, որ արցախյան  սուրբ հողը արյան կաթիլ ավելի է տեսել, քան թե անձրև ու ջուր։

2020 թ․-ի նոյեմբերի 9-ի առավոտյան, 44 օր «հաղթելուց» հետո, երբ բախվեցինք դաժան իրականությանը, երբեք չէի կարող մտածել, որ կգա մի ժամանակ, որ անգամ այդ չարաբաստիկ օրը կարող է դառնալ երազանք։ Աստված մի արասցե, որ այս օրն էլ դառնա երազանք, կորցնենք Սյունիքը և ոչ միայն․․․․

Անհեթեթ է մեղադրել ռուսներին և այլոց, մենք մեզ չօգնեցինք, մենք մեր ձեռքով մեզ դատապարտեցինք։ Փոխանակ հզորանալու, միավորվելու, պառակտվեցինք, թալանեցինք ու դատարկեցինք երկիրը։ Հստակ է, որ այսօրվա իշխանությունները լավ գիտեին, որ առաջիկայում Արցախի համար որոշակի հարցեր չլուծելու պարագայում տեղի էր ունենալու այն ինչ որ եղավ օրեր առաջ, բայց ո՞վ տուժեց․․․ Տուժեցինք ազգովի, սակայն դեռ չենք գիտակցում։

«Ո՞վ էր մեղավոր»։ Փիլիսոփայական հարցի պատասխանները շատ են։ Մեղավորը բոլորս ենք, հատկապես այսօրվա ՀՀ ապաշնորհ, անհեռատես, համբակ ղեկավարները, ինչպես նաև նրանց մեղսակից ամբոխը, թալանչի ընդդիմադիրները և ապաշնորհ սփյուռքը։ Սրան ավելանում են նաև աշխարհվարական հանգամանքները տարածաշրջանում, ինչպես նաև Ռուսաստան-Թուրքիա քաղաքական սիրախաղը և ․․․․ ոչ միայն։

Թուրքիային անհրաժեշտ էր մի նոր միջոց, որով կստիպեր հայ ժողովրդին մի կողմ դնել 1915 թ․-ի ցեղասպանության համաշխարհային բարձրաձայնումը և զբաղվել այլ խնդիրներով։ Այս առումով կատարյալ հաջողեցին, որովհետև այսուհետ ստիպված ենք լինելու ամոքելու մեր նորօրյա վերքերը, ի հարկե, եթե հնարավոր է դա անել։

Որպեսզի Ուկրաինայի հարցով Թուրքիան չխոչընդոտի Ռուսաստանին և դեռ ավելին, օգնի շրջանցել որոշ սահմանափակումներ, Ռուսաստանը համաձայնեց զոհել իր դաշնակից հայերին, իսկ այդ ընթացքում ՀՀ ղեկավարությունը չունեցավ խոհեմություն ու հեռատեսություն, որպեսզի քաղաքական խաղերում դուրս գար անվնաս։ Բացի այդ, Ադրբեջանն էլ խոստացավ ռուսական գազը մատակարարել Եվրոպա՝ սիրաշահելով երկու կողմերին, ինչպես նաև օգտվել բոլոր հակամարտողների տարաձայնություններից։ ՀՀ նախկին իշխանություններն էլ, որ ինչ որ ձևով պահել էին Արցախը, վստահ գիտեին, որ լինելու է պատերազմ, որի արդյունքում անհնար է, որ մենք կարողանանք հաղթել, իսկ անխուսափելի պարտության պարագայում ակնկալում էին, որ ժողովուրդը կհեռացնի ներկաներին և իշխանությունը կփոխանցի իրենց։

Մեր տարաբախտ ժողովուրդը, որ բաժանվել էր սևի ու սպիտակի, այժմ կորցրել է անգամ այդ հայրենադավ գույների զգացողությունը, դարձել անտարբեր, իսկ մի մասն էլ սփյուռքահայերի հետ բավարարվում են դիմատետրի իրենց էջերում բաժակաճառեր ու նկարներ տեղադրելուց։ Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ շատ քիչ թվով մեր հայրենակիցներն էին միայն, որ փորձեցին բերել իրենց նյութական ու բարոյական աջակցությունը, այն էլ հիմնականում սփյուռքից՝ նվիրատվություններով, կամ էլ հասարակական փոքրաթիվ գործունեությամբ։

Հարկ է ընդգծել նաև, որ ղարաբաղցի, հայաստանցի վիճաբանության մեջ հաղթողը, բնականաբար, մեր թշնամիներն էին։ Մեզնից ոչ ոք իրավունք չունի մեղադրելու այն արցախցիներին, որոնք բռնել են գաղթի անտանելի ճամփան, իսկ եթե այսօր կլինեն մարդիկ, որ կհանդգնեն ապրել իրենց բնօրրանում՝ Արցախում, յուրաքանչյուրիս պարտականությունն է խոնարհվել նրանց առջև և անել ամեն ինչ, որպեսզի նրանց կյանքը լինի ապահով ու անվտանգ, որովհետև ապրել Արցախում, նշանակում է պաշտպանել բուն Հայաստանը։

Դժբախտաբար, այսօր մեր հասարակության մեջ չկան առաքինի, մաքուր, բոլորի կողմից ընդունելի հեղինակություններ, որոնք կարող են միաբանել ու առաջնորդել մեր ժողովրդին այս օրհասական պահին։ Պառակտված է ընդդիմությունը, իշխանությունն ամուլ է, մենք էլ մեղսակից ու անլուրջ։ Մեղանչել ենք երկրի ու երկնքի առջև, սպասում ենք հրաշքի, մինչդեռ չտեսանք, չգնահատեցինք իրական հրաշքը, որին կարողացել էինք արժանի դառնալ մոտ 700 տարվա անհաջողություններից հետո։ Մեղավոր ենք ինքներս մեր ու հերոս արցախցիների առջև։

Հստակ է, որ չկարողացանք օգտագործել մեր համազգային ներուժը, մեր ժողովրդի ողջ հնարավորությունները։ Նախանձեցինք, թալանեցինք ազգովի, հեռացանք Աստծուց և այժմ կրկին նույն սխալների պատճառով, կանգնած ենք մեր լինելիության խնդրի առջև։

Հարկավոր է մի կողմ թողնել անմիաբանությունը, այլ սիրով ու հավատով կանգնել կողք կողքի, փրկել մեր փոքր ածուն, այլապես վաղը մեր սերունդները մեզ չեն ներելու, իսկ Վերջին Դատաստանն էլ լինելու է անողոք։

 

Հովհաննես սարկավագ Գումրույան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930