Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես զգուշացնում էի, որ երբ մենք ԼՂ-ի թեմայով ունենանք հրատապ քննարկում, այդ օրը գուցե այնտեղ հայ մնացած չլինի, արդեն շատ ուշ լինի․ հիմա ԼՂ-ում մնացել են 50 էթնիկ հայեր»․ Վլադիմիր Վարդանյան

Հոկտեմբեր 09,2023 19:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսն օգտագործեց exodus եզրույթ՝ բնութագրելով Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ նախագահին այս բնութագրման համար ու նշեց․ «Դեռ հունվարին ահազանգում էինք, թե պետք է քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում կլինի exodus։ Երբ ես Լեռնային Ղարաբաղի թեմայով հրատապ քննարկում էի նախաձեռնում, ես հասկանում էի, որ կարող է շատ ուշ լինել, և այն օրը, երբ մենք այդ թեմայով կունենանք հրատապ քննարկում, այդ օրը գուցե Լեռնային Ղարաբաղում հայ մնացած չլինի։ Հիմա մենք Լեռնային Ղարաբաղում ունենք 50 էթնիկ հայեր»։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի այն հայտարարությանը, թե հակամարտություն այլևս գոյություն չունի, բոլոր խոչընդոտները վերացված են, թե Հարավային Կովկասում տեղի ունեցողը կարող է ծառայել որպես խաղաղության կառուցման մոդել, Վլադիմիր Վարդանյանն ասաց․ «Պարոն Հուսեյնովն իր խոսքում որևէ բառ չասաց այն մարդկանց մասին, որոնք վերադառնալու են։ Այո, միակ խոչընդոտն այլևս չկա, միակ խոչընդոտը ԼՂ-ում հայ բնակչությունն էր»։

Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն խաղաղության կողմնակիցն է, հարևանների հետ լավ հարաբերությունների կողմնակիցն է, բայց միևնույն ժամանակ նշեց․ «Բոլորին ուզում եմ հիշեցնել, որ երբ Ադրբեջանը մուտք գործեց այս կազմակերպություն, հանձնառություն ստանձնեց լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով։ Ռաֆայել Հուսեյնովն ասում է, որ այս իրավիճակը նոր ուղի է բացում խաղաղության համար Հարավային Կովկասում և Հարավային Կովկասում զարգացումները խաղաղության օրինակ են։ Եթե էթնիկ զտումը օրինակ է խաղաղության, ես չեմ կարծում, որ դա կլինի իրական խաղաղություն»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը փաստեց՝ մոտ 10 ամիս է ահազանգում են, որ Ադրբեջանի կողմից կա բարձր ռիսկ, այլ կերպ ասած հստակ ռազմավարություն ստիպել Լեռնային Ղարաբաղի հայերին լքել Լեռնային Ղարաբաղը․ «Երկու շաբաթ առաջ մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման ՝ exodus-ի, ինչը չի կարող այլ կերպ կոչվել, քան էթնիկ զտում։ Ավելի քան 100 հազար մարդ լքեց ոչ միայն իր ծննդավայրն ու իրենց հայրենի տները, այլև այն հողերը, որտեղ նրանց նախապապերն էին ապրել ու արարել տասնյակ դարեր։ Սրանք քաղաքական հայտարարություններ չեն, այլ չոր փաստեր»։ Հռիփսիմե Գրիգորյանը հիշեցրեց՝ նախորդ նստաշրջանին վեհաժողովը դատապարտեց Լաչինի միջանցքի շրջափակումը, բայց դրանից բացի այլ բան չարվեց։ Պատգամավորը հարցրեց՝ ո՞րն էր պատճառը՝ մի՞թե չկային մեխանիզմներ, չկար մանդատ, թե՞ չկար քաղաքական կամք։ Նա փաստեց՝ հաշիվն արդեն կորցրել են, թե ինչքան կոնվենցիաներ է խախտել Ադրբեջանը։

Հիշեցնելով այն, որ Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չմասնակցեց, Հռիփսիմե Գրիգորյանն ասաց․ «Սա վկայում է այն մասին, որ նա չունի խաղաղության գնալու մտադրություն»։

Հայ պատվիրակը կոչ արեց ԵԽ անդամ երկրների պատվիրակներին իրենց երկրների ղեկավարներին հորդորել, որ Ադրբեջանին բերեր բանակցությունների դաշտ, այլ ոչ թե թույլ տան, որ նա շարունակի ուժի կիրառումն ու սպառնալիքը։

Եզրափակելով ելույթը՝ Հռիփսիմե Գրիգորյանն ասաց, որ միայն գործուն քայլերով կարելի է հասնել խաղաղության։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031