Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ ակնկալիք կա Բրյուսելում կայանալիք հանդիպումից։ «Եթե առաջիկայում Բրյուսելում հանդիպենք, ինչի նախնական հրապարակային պատրաստակամությունը եւ Ադրբեջանն է հայտնել, եւ մենք, եթե այնտեղ եւ Գրանադայի երեք սկզբունքները արձանագրենք, դա էլի կնշանակի, որ կողմերն անկեղծորեն գնում են խաղաղության, եւ 70 տոկոս հավանականություն կա, որ մեկ, երկու, երեք ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Եթե ոչ, մենք այդ դեպքում մտածելու շատ բան կունենանք»,- ասաց նա։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է իրատես ու կառուցողական լինի, «Զանգեզուրի միջանցքը» բացի, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունը նույնպես պետք է բաժանել դետալների։ Ես ինչքան կարդացել եմ, այնտեղ խոսքը գնում է հետեւյալի մասին։ Նախ խոսում է Հայաստանի խոստման մասին։ Արձանագրենք, որ ՀՀ-ն որեւէ մեկին որեւէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որն օգտագործվում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Մենք ՀՀ-ում այդ տերմինաբանություն ընկալում ենք որպես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ եւ արտատարածքային միջանցքի պահանջ։ Մենք նման տերմինաբանությամբ եւ եզրաբանությամբ որեւէ խոստում որեւէ մեկին չենք տվել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ կարեւոր նրբություն կա, «միջանցք» բառը գլոբալ աշխարհում օգտագործվում է որպես հաղորդակցության ուղիների տերմին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա «Լաչինի միջանցք» հասկացությունը, որը Փաշինյանի խոսքով, արտատարածքային տրամաբանությամբ, երրորդն ուժի կողմից վերահսկողության տրամաբանություն է պարունակում։ «Այսինքն՝ այս թեմայի հետ կապված նյարդը նաեւ սրա հետ է կապված։ Մենք ասում ենք, որ ՀՀ-ն պատրաստ է եւ շահագրգռված է բացել տարածաշրջանային կոմունիկացիները։ Դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, հավասարության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ ուժ ՀՀ որեւէ տարածքի նկատմամբ վերահսկողություն չպետք է ունենա։ ՀՀ սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսային ծառայությունները։ Օրինակ՝ մեզ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնությունը։ Ես ասում եմ՝ եռակողմ հայտարարության մեջ այդպիսի բան գրված չէ։ Դա հրապարակային փաստաթուղթ է, եկեք կարդանք։ Ընդհակառակը, նշված է, որ անվտանգությունը երաշխավորվում է Հայաստանի կողմից»,- նշեց նա։
Փաշինյանը հավելեց․ «Մյուս կողմից, մենք որեւէ խնդիր չունենք Մեղրիի երկաթուղին վերականգնելու հարցում։ Ընդհակառակը, շահագրգռված ենք, որովհետեւ դա նշանակում է Հայաստանի շրջափակման վերացում։ Եվ դա նշանակում է խաղաղություն։ Ինչ վերաբերում է հարցին՝ նույն հատվածով ճանապարհ կարող է անցնել, թե՞ ոչ, մեր եւ միջազգային փորձագետների կարծիքով՝ այդտեղ աշխարհագրական մեծ բարդություններ կան, ըստ էության իրագործելի չէ, որ նույն տեղով եւ ճանապարհ անցնի, եւ երկաթուղի»։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ խոսք է գնում Հայաստանի տարածքի մասին, ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանը ՀՀ տարածքի մասին խոսում այդկերպ, սա խնդիր է առաջացնում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































