Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը

Հոկտեմբեր 18,2023 14:07

2023թ․ հոկտեմբերի 15-ին մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը։ Այդ մասին հայտարարվեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը‚ խոսելով այս տարի ամփոփված իր անունը կրող առաջին մրցույթի մասին‚ ընդգծեց‚ որ ստուգատեսի արդյունքում հավաքվեց երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների շատ գեղեցիկ փունջ‚ որտեղ համադրված էին հայկական խոսքն ու երաժշտությունը։ Նա նշեց‚ որ մրցույթի շրջանակներում ձեռք բերեց մեծ թվով գաղափարակից երաժիշտ ընկերների։ Մաեստրոն նաև իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպիչներին՝ դասական արվեստին աջակցելու համար։

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը կազմակերպվել է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Արդեն երկրորդ տարին անցկացվող մրցույթը միտված է երաժշտության միջոցով աշխարհին հասանելի դարձնելու հայկական մշակույթն ու պոեզիան՝ բացահայտելով տաղանդավոր կոմպոզիտորների ամբողջ աշխարհից։ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանի խոսքով՝ մեր իրականության մեջ առկա խնդիրների խորքային պատճառները հիմնականում արժեքային դաշտում են։ Եվ հիմնադրամը փորձում է կենտրոնանալ այդ խնդիրների լուծման վրա։ «Ի վերջո կրթությունն ու մշակույթն են ստեղծում միջավայր‚ որի միջոցով արժեքային համակարգ է ձևավորվում։ Եթե մենք չունենանք մեր ինքնությանը համապատասխան մշակույթ‚ ամենայն հավանականությամբ‚ մյուս ոլորտներում հաջողություններ դժվար կլինի արձանագրել‚ և կենթարկվենք այլ մշակույթների ազդեցություններին։ Այս առումով «Կողբ» հիմնադրամը շատ հստակ օրակարգ ունի. մենք փորձում ենք կրթական‚ մշակութային նախագծերի միջոցով ոչ միայն կարճաժամկետ‚ այլև երկարաժամկետ խնդիրներ լուծել՝ պահպանելու մեր ինքնությունը»։

Մրցույթի ժյուրին այս տարի կգլխավորի կոմպոզիտոր, դիրիժոր Դավիթ Հալաջյանը։ Մաեստրո Հալաջյանը‚ անդրադառնալով մրցույթին ներկայացվելիք ստեղծագործությունների ընտրության սկզբունքներին‚ նշեց‚ որ ժյուրիի կազմում ընդգրկված են տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող երաժիշտներ‚ որոնց մոտեցումները‚ երաժշտական տեսլականները տարբեր են‚ ինչը կարող է անդրադառնալ ստեղծագործությունների գնահատման վրա։ Ժյուրիի նախագահը նաև շեշտեց‚ որ ստեղծագործություններում շատ կարևոր է խոսքի ու երաժշտության ներդաշնակությունը։

Նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանն ընդգծեց‚ որ մրցույթի միջոցով հայ պոեզիայի վերհանման և աշխարհին ճանաչելի դարձնելու խնդիր են փորձում լուծել։ Նա տեղեկացրեց‚ որ նախորդ տարվա համեմատությամբ՝ մրցույթի կանոնները չեն փոխվել, կարող են մասնակցել նաև նախորդ մրցույթին հայտեր ներկայացրած կոմպոզիտորներն ու մրցանակակիրները։ Մասնակիցների հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ․ ապրիլի 15-ն է։ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին կոմպոզիտորները պետք է ներկայացնեն ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործություն, որի տևողությունը պետք է լինի նվազագույնը 6, առավելագույնը` 12 րոպե: Ստեղծագործությունները պետք է գրված լինեն վերջին մեկ տարվա ընթացքում հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա:

Ապրիլի 15-ից մայիսի 15-ը ներկայացված ստեղծագործություններից ժյուրին կընտրի 6 լավագույններին։ Մայիսի 15-ին կհրապարակվեն եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների անունները, իսկ հունիսի 14-ին՝ գալա-համերգին, «Ասոնանս» անսամբլի կատարմամբ առաջին անգամ կհնչեն 6 լավագույն ստեղծագործությունները, և ժյուրին կընտրի մրցանակակիրներին։ Մրցույթի շրջանակներում տեղի կունենա նաև համերգ, որի ծրագրում ընդգրկված կլինեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Մրցույթի ամբողջ ընթացքում՝ հոկտեմբերի 15-ից հունիսի 14-ը, աշխարհի տարբեր երկրներից ժյուրիի անդամները Հայաստանում հանդես կգան վարպետության դասերով, որոնք միտված կլինեն ակադեմիական երաժշտական կրթության զարգացմանը։

Հիշեցնենք, որ մանսուրյանական առաջին մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր, որոնք ստեղծագործել էին հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների հիման վրա։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031