Այսօր լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին հարցրեցին քաղբանտարկյալներից, մասնավորապես՝ առաջին կին քաղբանտարկյալ Տաթեւ Վիրաբյանի գործից, որը կալանավայրում էր հայտնվել ցույցի մասնակցելու համար: Հարցին՝ իշխանությունն ասում է՝ կան բռնության կոչեր, մենք արդար դատում ենք, ընդդիմությունն ասում է՝ քաղբանտարկյալ են, այս հակասության հետ կապված ի՞նչ կասեք՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Այստեղ կա ուղղակի կեղծ պնդում: Իրենց փաստարկը որն է՝ ասում է՝ մարդը բռնության կոչ է անում, հեղաշրջման կոչ է անում: Ես էլ ասում եմ՝ լավ, հասկացանք, բայց նայեք՝ ով է այդ բռնության կոչ անողը: Տաթեւ Վիրաբյա՞նը: Ասում եմ՝ հիշո՞ւմ եք՝ ինչ իրավիճակ էր, մի ամբողջ Արցախ ենք կորցնում, մի ամբողջ Արցախ է փլուզվում, այդ պահին իրականում, եթե մենք մի քիչ ավելի առողջ հասարակություն լինեինք, մեկ միլիոն այդպիսի գրառում կլիներ, մարդու սիրտը չպայթելու համար՝ ինչ ասես էդ պահին կարող է ասել, կարող է գրել: Իշխանությունը պետք է հաշվի անի, թե ինչ իրավիճակ էր, ինչ հուզական փուլ էր եւ ըստ այդմ որոշում կայացնի: Նույնը վերաբերում է Ավետիք Իշխանյանին: Իրավապաշտպանին քրեական գործ են հարուցում, որովհետև նա բռնության կոչ է արել»:
Գեղամ Նազարյանը նշեց, որ իշխանությունը պետք է իր վարքագիծը փոխի, որովհետեւ Արցախը կորցնելուց հետո կարծես ոչինչ չի եղել. «Կարծես դոլարի կուրսը մի փոքր բարձրացավ՝ դա է եղել ամբողջ խնդիրը: Բայց մենք մեծ ողբերգություն ենք ապրում եւ այս իրավիճակում պետք է մեր խաղի կանոնը, վարքականոնը փոխենք»:
Ըստ պատգամավորի, եթե ահաբեկչական ինչ-որ խմբակ դիմակը հագած կոչ անի, որ մենք սա ենք անելու, նա ենք անելու, դա ուրիշ է, բայց երբ մանկավարժը, երկու երեխաների մայրը հուզված ինչ-որ բան է գրում դա ուրիշ հարց է. «ԱԱԾ-ն, պետությունը պետք է հասկանա, որ Տաթեւ Վիրաբյանը, որքան էլ ցանկություն ունենա, ինքը բռնություններ չի կարող ո՛չ կազմակերպել, ո՛չ էլ իրականացնել»:
Նազարյանը նկատեց՝ տեսնես ի՞նչ կաներ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ հանկարծ լսեր, որ քաղաքապետի երդման արարողության ժամանակ ծախսվել է 220 հազար դոլար. «Ամեն օր նա այդ մասին կխոսեր: Իսկ մեր ընդդիմությունը այնքան համեստ, կիրթ է, որ մի անգամ ասում է, ասում են՝ գիտեք, անհարմար է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ