Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բյուջեն 2018 թվականից ի վեր աճել է 2 անգամ․ Աղասի Թավադյան

Նոյեմբեր 07,2023 15:24

2024թ պետական բյուջեի ուսումնասիրություն

1.1. Բյուջեի ծախսերի ընդհանուր փոփոխությունը

Դիտարկենք Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը և ծրագրային փոփոխությունները։

Ընդհանուր առմամբ բյուջեն 2018 թվականից ի վեր աճել է 2 անգամ։ 2018 թվականին պետական բյուջեի նախատեսվող ծախսերը կազմել են 1.46 տրիլիոն դրամ, իսկ 2024 թվականն արդեն 3.02 տրիլիոն դրամ։ ՀՀ 2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 3.2 տոկոսը, որի հետևանքով պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կարող է կազմել 48.4 տոկոս։

Նշենք, որ 2018 թվականի կտրվածքով դեպի ՌԴ արտահանումը կազմել էր 667 մլն դոլար և ֆիզիկական անձանց կողմից կատարված բանկային փոխանցումները կազմել էին 1,049 մլն դոլար։ Համեմատած 2023 թվականի սեպտեմբերին 12 ամսվա կտրվածքով դեպի ՌԴ արտահանումը կազմել է 2,965 մլն դոլար, իսկ բանկային փոխանցումները 4,282 մլն դոլար։ Այս 6 տարիների ընթացքում բյուջետային ծախսերը աճել են 2 անգամ, իսկ դեպի Ռուսաստան արտահանումը աճել է 4.4 անգամ և ֆիզիկական անձանց կողմից բանկային փոխանցումները 4 անգամ (Ավելին՝ Միջազգային դրամական փոխանցումների վերլուծություն

Ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի բյուջեի ծրագրի աճին վերջին վեց տարիների ընթացքում (տես Գծապատկեր 1): Հայաստանի բյուջեի պլանը առանցքային դեր է խաղում Հայաստանի զարգացման գործում և նախանշում է զարգացման ուղղվածությունը։

2018 թվականից սկսած 1,465 մլրդ դրամի չափով բյուջեի ծախսերը հետևողական աճ են ցույց տվել։ 2019 թվականին գրանցվել է 12.5% աճ՝ բյուջետային ծախսերը կազմել են 1,648 մլրդ դրամ։ 2020 թվականին բյուջեի նախատեսված ծախսերը դրական աճը շարունակվել է 12,6%՝ հասնելով 1,856 մլրդ դրամի։ 2021 թվականը այս երկնիշ աճի շղթայի մեջ բացառություն է եղել՝ -0,3% աճ, կազմելով 1,851 մլրդ դրամ։ Սա պայմանավորված է նախորդ տարվա խոշոր մարտահրավերներով՝ համաճարակով պայմանավորված տնտեսական խթաններով և 2020 թվականի 44-օրյա պատերազմով։ 2022 թվականը գրանցել է տպավորիչ՝ 18,0% աճ, որի արդյունքում պլանավորված ծախսերը կազմել են 2,184 մլրդ դրամ։ 2023 թվականին բյուջեի ծախսերի աճը կազմել էր 18,6 տոկոս` հասնելով 2,591 մլրդ դրամի։ Նույնքան լավատեսական է 2024-ի պետական բյուջեի նախագիծը՝ 16,5 տոկոս աճով, բյուջեի ծախսերը սահմանվել են 3,017 մլրդ դրամ։

Գծապատկեր 1. Դոլարայնացման մակարդակը Հայաստանում ըստ փողի զանգվածի

1.2. Ամենախոշոր բյուջետային ծախսերի փոփոխությունը 2019-2024 թվականներին

Այս բաժնում մենք ուսումնասիրում ենք 2019-ից 2024 թվականներին Հայաստանի բյուջեի ամենակարևոր բյուջետային ծախսերի և ուշագրավ փոփոխությունների վրա: Այս թվերը ոչ միայն արտացոլում են երկրի զարգացող առաջնահերթությունները, այլև նրա արձագանքը տնտեսական, քաղաքական և հասարակական մարտահրավերներին:

1.Կենսաթոշակային ապահովություն և ազգային անվտանգություն։

Աղյուսակից երևում է, որ 2019 թվականին բյուջեի ամենախոշոր հոդվածը կենսաթոշակային ապահովությունն էր՝ բյուջեի 18.9%-ով (312 մլրդ դրամ) և երկրորդը՝ ազգային անվտանգությունը՝ բյուջեի 18.2%-ով (301 մլրդ դրամ): Իսկ 2024 թվականին առաջին տեղում ազգային անվտանգությունն է՝ ընդհանուր բյուջեի 18.2%-ով (550 մլրդ դրամ), երկրորդ տեղում՝ կենսաթոշակային ապահովությունը՝ 15.6%-ով (471 մլրդ դրամ)։ Ընդհանուր առմամբ Ազգային անվտանգության ծախսերը այս 6 տարիների ընթացքում նույնպես աճել են 2 անգամ։

1.Նոր առաջացած բյուջետային գերակայությունները 2024 թվականին։

2024 թվականի բյուջեի երկու նոր խոշոր հոդվածները արժանի են ուշադրության: Առաջացել են 2 նոր հոդված, որոնք գերակշիռ մասն են կազմում 2024 թվականի բյուջեի պլանի մեջ։ Նախ, «Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարության, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» հոդվածը կազմել է բյուջեի 2.9%: Ինչպես նաև առաջացել է «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» հոդվածը, որը կազմել է բյուջեի 3.2%-ը: Ընդհանուր առմամբ այս 2 հոդվածները ուղված են ներքին տնտեսական զարգացման և քաղաքականության մշակման վրա։

Այս փոփոխությունները ցույց են տալիս Հայաստանի արձագանքը նոր մարտահրավերներին ու հնարավորություններին: Նշեք, որ «Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում և իրականացում» հոդվածը այս տարի աճել է 22.7 տոկոսով և կազմում է ընդհանուր բյուջեի նախագծի 0.1 տոկոսը, սա համահունչ է այս տարվա ընդհանուր աճի հետ։ Ըստ մեզ, այս պահին ավելի արդիական է զարգացնել Հայաստանի արտաքին տնտեսական և քաղաքական շահերը, քան ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականություն մշակել և դրա վրա տրամադրել ընդհանուր բյուջեի 2.9 տոկոսը։

Գծապատկեր 2. Դոլարայնացման մակարդակը Հայաստանում ըստ արտարժույթով ցպահանջ ավանդների և վարկերի

1.3. Հիմնական բյուջետային փոփոխությունները 2024 թվականին

Դիտարկենք նաև այն ծախսային հոդվածները, որոնք 2024 թվականի բյուջեում ունեն զգալի կշիռ և գրանցել են ամենամեծ աճը (տես Աղյուսակ 1)։

Աղյուսակ 1. ՀՀ դրամով և արտարժույթով ավանդների հարաբերությունը ՀՆԱ-ին

Դասիչը Ծրագրի անվանումը Մլրդ դրամ Աճը Կշիռը
1205 Սոցիալական ապահովություն 108.6 42.3% 3.6%
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 94.0 2.6 անգամ 3.1%
1068 Ժողովրդագրական վիճակի բարելավում 66.3 29.2% 2.2%
1202 Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում 39.7 97.6% 1.3%
1187 Գյուղատնտեսության արդիականացման ծրագիր 25.4 2.1 անգամ 0.8%
1104 Գիտելիքահենք, նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցություն 20.4 2.1 անգամ 0.7%
1180 ՀՀ քննչական ծառայություններ 17.5 34.5% 0.6%
1190 Զբոսաշրջության զարգացման ծրագիր 13.2 75.7% 0.4%
1126 Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ 12.2 22.7% 0.4%
1192 Կրթության որակի ապահովում 12.0 39.1% 0.4%
1087 Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն 9.2 33.4% 0.3%
1165 Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր 8.7 48.6% 0.3%
1108 Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ 7.9 88.6% 0.3%
1036 Պետական պահպանության ապահովում 6.0 34.0% 0.2%
1220 Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում 5.8 41.0 անգամ 0.2%
1103 Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում և կանոնակարգում 5.1 2.2 անգամ 0.2%
1075 Մշակութային ժառանգության ծրագիր 5.1 24.6% 0.2%
1143 Ազգային պաշտոնական վիճակագրության արտադրություն և տարածում 4.3 96.7% 0.1%
1223 Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն , դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում 3.9 2.1 անգամ 0.1%
1018 Պետական հատվածի արդիականացման ծրագիր 3.7 5.0 անգամ 0.1%

Այստեղ ամենաուշագրավը «Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում» հոդվածի 41 անգամ աճն է նախորդ տարվա համեմատ։ 5.8 մլրդ դրամ տրամադրվելու է այս ուղղությամբ և այս հոդվածը կազմելու է բյուջեի 0.2 տոկոսը։ Մեծացել է պահուստային ֆոնդը, նախորդ տարվա համեմատ 2.6 անգամ, կազմելով բյուջեի 3.1 տոկոսը, այսինքն՝ 94 մլրդ դրամ։ Գյուղատնտեսական արդիականացումը և գիտելիքահենք, նորարարական տնտեսությանը (փոքր և միջին ձեռնարկություններ) հոդվածների ծախսերը աճել են 2.1 անգամ 2023 թվականի համեմատ։ Այս 2 հոդվածը համապատասխանաբար կազմում են բյուջեի 0.8 և 0.7 տոկոսը։ Զբոսաշրջության զարգացումը աճել է 75.7 տոկոսով, կազմելով՝ 13.2 մլրդ դրամ։ Ներդրումներ և արտահանման խթանման ծրագիրը աճել է 48.6 տոկոսով, կազմելով՝ 7.7 մլրդ դրամ։

«Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում և կանոնակարգում» հոդվածը աճել է 2.2 անգամ։ Արցախի կորստից հետո 2.1 անգամ աճել է նաև «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» հոդվածը։

Աղասի Թավադյան

Տնտեսագետ,  Tvyal.com կազմակերպության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930